Փակելով ատոմակայանը՝ Փաշինյանը Թուրքիային Հայաստանը ոչնչացնելու շանս կտա. Արմեն Մանվելյան
Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից:
Այս մասին սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրկել։
«Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,- ասել է Փաշինյանը։
Նա խոսել է նաև էներգետիկ անվտանգության վերաբերյալ իր ընկալումներից՝ նշելով՝ իր ընկալումներն այդ հարցում տեխնոլոգիական են, տեխնոլոգիական ասելով էլ՝ պատկերացնում է մոդուլյար ատոմակայաններ և արևային էլեկտրակայաններ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը նախ Փաշինյանին կոչ արեց հիշել՝ խոսքը ոչ թե մոդուլյար, այլ մոդուլային ատոմակայանների մասին է, որոնք Հայաստանի պես փոքր տարածք և բնակչություն ունեցող երկրներում կառուցելը ոչ միայն ձեռնտու չեն, այլ նաև անվտանգ չեն։
«Նախ՝ առաջինը՝ մոդուլյար չէ, մոդուլային է, երկրորդ՝ ինքը նման բան ասելով՝ Թուրքիային խոսք է տալիս, որ կփակի Մեծամորի ատոմակայանը, որն ապահովում է մեր էներգիայի 40 տոկոսը։ Ատոմակայանը փակելու պարագայում մենք կկանգնենք մեծ աղետի առաջ։ Թուրքիան Մեծամորի ատոմակայանից վախենում է, թույլ չի տա, որ անգամ Ադրբեջանը վնասի այդ ատոմակայանը, քանի որ Թուրքիան դրանից ևս վնասներ կկրի, հետևապես, դա փակել տալով՝ Հայաստանն է ուզում ոչնչացնել»,- ասաց Մանվելյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գազ գնելու Հայաստանի իշխանության պատրաստակամությանը, ապա, ըստ Մանվելյանի, դա խոսում է Փաշինյանի ադեկվատության աստիճանի մասին, նա չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում գազի և նավթի համաշխարհային շուկայում։
«Էս մարդը 4 տարի լինելով իշխանության, այդպես էլ ոչ մի բան չի սովորել և պոպուլյար բառերով փորձում է մարդկանց խաբել։ Իրենց էներգետիկ քաղաքականությունը մեկ բառով կարելի է բնութագրել՝ որպես ձախողված։ Օրինակ, Իրանի հետ Հայաստանը պետք է 2019 թվականին կառուցեր բարձրավոլտ կայան, այդ ծրագիրը Փաշինյանի թիմը ձախողել է այն պարագայում, երբ կար փողն ու կային կնքված պայմանագրեր։ Բարձրավոլտ կայան պետք է կառուցեին նաև Վրաստանի հետ, դա ևս չեն արել։ Արցախը հանձնելով՝ հանձնել է նաև հսկայական ՀԷԿ-եր, որոնց արտադրած հոսանքը հասնում էր Հայաստան»,- ասաց Մանվելյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանն իրականում ոչ թե մտածում է Հայաստանի էներգետիկ անվտանգության, դիվերսիֆիկացիայի մասին, այլ ընդամենը կայացնում է քաղաքական որոշմամբ իրեն իշխանության բերած ուժերի կողմից։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։