Երբ պետք է՝ հիշում են, որ կալանքն ու տնային կալանքը գրեթե նույնն են. կկասեցվեն նաև տնային կալանքի տակ գտնվող աշխատողների լիազորությունները
Օգոստոսի 30-ին Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «Աշխատանքային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել:
Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «կալանքը» բառից հետո լրացնել «, տնային կալանքը» բառերը, իսկ 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում «կալանքի» բառից հետո լրացնել «, տնային կալանքի» բառերը:
Ի՞նչ է սա նշանակում:
Աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:
Քրեական դատավարության նոր օրենսգիրքի 115-րդ հոդվածի համաձայն՝
«1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները։
2. Այլընտրանքային խափանման միջոցներն են տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, պաշտոնավարման կասեցումը, բացակայելու արգելքը, երաշխավորությունը, դաստիարակչական հսկողությունը, զինվորական հսկողությունը»:
Սրանք նոր Քրդատ օրենսգրքով սահմանված խափանման միջոցներն են: Հին օրենսգրով, որի կարգավորումները ներառված են նաև Աշխատանքային օրենսգրքի 108.2-րդ հոդվածի մեջ, տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը գոյություն չունի: Այսինքն՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Նշված օրենսգրքով սահմանվել է խափանման միջոցի նոր տեսակ՝ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը:
Իսկ 108.2-րդ հոդվածը Օրենսգրքում լրացվել է 2021 թվականի մարտի 25-ին ընդունված և 2021 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-124-Ն օրենքով՝ երբ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը դեռևս ուժի մեջ չէր մտել:
Սա նշանակում է, որ նշված իրավանորմերի գործողության պարագայում որպես նոր խափանման միջոց նախատեսված տնային կալանքի կիրառման դեպքում աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը դուրս են մնացել իրավական կարգավորման դաշտից:
Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:
Ըստ նախագծի հեղինակների՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի տրամաբանությամբ անձի նկատմամբ կալանքի կիրառման դեպքում առաջացող իրավական հետևանքները, հետագա աշխատանքային հարաբերություններին առնչվող իրավական բոլոր առանձնահատկությունները, որպես կանոն, պետք է գործեն նաև տնային կալանքի դեպքում, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ քննարկվող խափանման միջոցներն իրենց բնույթով գրեթե նույնն են, հիմնական տարբերությունը կայանում է կալանքի տակ պահվելու վայրը, մի դեպքում՝ քրեակատարողական հիմնարկ, մյուս դեպքում՝ բնակավայր:
Փաստորեն Արդարադատության նախարարությունն առաջարկում է կասեցված համարել ոչ միայն որևէ հիմնարկում աշխատողի լիազորությունները, եթե նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ կալանավորված է, այլև տնային կալանքի տակ գտնվող աշխատողի լիազորությունները:
Ուշագրավ է, որ Արդարադատության նախարարությունը համարում է, որ կալանքն ու տնային կալանքն իրենց բնույթով գրեթե նույնն են, սակայն կոնկրետ դեպքերում, երբ խոսք է գնում կոնկրետ քաղաքական գործերի ու այդ գործերով կալանավորված անձանց մասին, չեն հիշում, որ դրանք գրեթե նույն խափանման միջոցներն են:
Օրինակ, ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն արդեն կալանավորված է 1 տարի և 4 ամիս, սակայն ամեն եռամսյակը մեկ դատավոր Դոլմազյանը մերժում է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, և դա այն դեպքում, երբ առաջարկվում են համակցված խափանման միջոցներ, այդ թվում նաև՝ տնային կալանք: