Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնում Սյունիքի վերաբերյալ այդ մասնավոր պահնորդական կազմակերպության միջոցով. Խաչիկյան

Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ամիսներ շարունակ ընդդիմության կողմից հնչեցվող մտավախությունն առ այն, որ Հայաստանի Կառավարությունը Սյունիքով միջանցք է տալու և դա ներկայացնելու է ճանապարհի վերահսկողությունն արևմտյան մասնավոր կազմակերպությանը տալու գեղեցիկ փաթեթավորմամբ։

Փոխարտգործնախարարը նշեց՝ թեև դեռ պարզ չէ, թե խոսքն ի՞նչ պահնորդական կազմակերպության մասին է, բայց այդ հարցը քննարկվում է այն համատեքստում, որ մասնավոր այդ կազմակերպության հետ ճանապարհին վերահսկողություն պետք է իրականացնեն նաև Հայաստանի մաքսային և սահմանապահ ծառայողները։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նախ անհասկանալի որակեց փոխարտգործնախարարի պնդումը մասնավոր պահնորդական կազմակերպությանը զուգահեռ՝ սահմանին հայ սահմանապահներ կանգնեցնելու վերաբերյալ, քանի որ, նրանց գործառույթները նույնական են՝ սահմանի պահպանություն ու անվտանգության ապահովում։

«Իրականում, սակայն, մասնավոր պահնորդական կազմակերպությանն այդ ճանապարհին կանգնեցնելով՝ ՀՀ իշխանությունն իջեցնում է Սյունիքի նշաձողը։

Կարդացեք նաև

Այս մարդիկ իջեցրեցին Արցախի նշաձողը, Արցախը չկա, հիմա իջեցնում են Սյունիքի նշաձողը։ Ինչ վերաբերում է այդ մասնավոր պահնորդական կազմակերպությանը, ապա, եթե ադրբեջանական կողմում ևս կանգնեն այդ ընկերության պահնորդները, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնում Սյունիքի վերաբերյալ։

Եթե այդ մասնավոր պահնորդական կազմակերպության հետ, Հայաստանից բացի, պայմանագիր կնքի Ադրբեջանը, դա նշանակում է, որ Ադրբեջանը վերահսկելու է Սյունիքի մարզի այդ ճանապարհը։ Երբ այդ ճանապարհով բեռների և մարդկանց տեղափոխման հետ կապված հարցեր առաջանան, այդ խնդիրներին միջամտելու է նաև Ադրբեջանը՝ ասելով, թե՝ Հայաստանի տարածքով ի՞նչ պետք է անցնի, որովհետև ադրբեջանական կողմն ունենալու է պայմանագիր այդ մասնավոր ընկերության հետ»,- ասաց Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը Հայաստանին պարտադրվող լուծումների մասին խոսելիս՝ վերհիշեց համաշխարհային պատմությունը.

«Կար մի մեծ պետություն, որը բաժանված էր այլ պետության հետ փոքր անկլավով։ Այդ մեծ պետությունը կողքի փոքր պետությունից միջանցք էր ուզում՝ անկլավ հասնելու համար, չստացավ, հետո միջազգային երաշխավորությամբ պայմանագիր կնքվեց և այդ մեծ և փոքր պետությունների արանքում գտնվող անկլավի ստատուսի պահպանությունը տրվեց միջազգային երաշխավորի, բայց հետո այդ մեծ պետությունը զինված մարդիկ ուղարկեց այդ անկլավ, սկսվեցին բախումներ, ինչից հետո վռնդվեցին անկլավի վրա կանգնած փոքր պետության մաքսատան աշխատողները, ինչից հետո մեծ պետությունը ստեղծեց պատրվակ հարձակման համար և 1931 թվականի սեպտեմբերին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա. 2 շաբաթ անց Լեհաստան չկար։

Այդ մեծ պետությունը հիտլերյան Գերմանիան էր, որը հարձակվեց Լեհաստանի վրա, հետո էլ ասաց, թե գերմանական ժողովուրդը պետք է միավորվի։ Այս պատմությունը Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում»,- հարցրեց Խաչիկյանը՝ զուգահեռներ տանելով Սյունիքի մարզում կատարվողի հետ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս