Արցախահայության վերադարձի հարցը ՀՀ իշխանությունը երբեք չի բարձրացնի, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է դիվանագիտական խաղաքարտ դառնալ․ Տարասով
Արցախի բռնի տեղահանությունից ամիսներ անց հայաստանյան հանրային, քաղաքական, փորձագիտական դիսկուրսի առանցքային հարցերից մեկն Արցախի, արցախահայության ապագան է և հայկական շահերի իրացման հնարավորությունները՝ չնայած ՀՀ իշխանությունների փորձերին՝ ցույց տալ, թե չկա Արցախ, չկա ու չի եղել Արցախյան հիմնահարց ու չկա արցախահայության՝ Արցախ վերադառնալու որևէ հնարավորություն ու հեռանկար։
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակն է, և չնայած ներկան ծանր է, Արցախը հայաթափված է, չնայած իշխանության քաղաքականությունը որևէ հույս չի թողնում, Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության այսօրվա բոլոր այցելուները փաստեցին, որ արցախահայության Արցախ վերադարձը հրամայական է, դրա համար նախադրյալներ է պետք ստեղծել՝ այդ հարցը նախ ներքաղաքական ու միջազգային օրակարգի մաս դարձնելով։
Օրերս Նիկոլ Փաշինյանն իր տված ասուլիսում անդրադարձավ այս հարցին և ոչ զարմանալի հայտարարություններ արեց՝ անիրատեսական համարելով այս օրակարգն այն ընկալումներով, որոնցով բարձրացվում է։ Եթե խնդիրը միայն ընկալումներն են, ապա հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը նաև չասաց, թե որ ընկալումներով է այս հարցն իրատեսական, և ինչպես է ինքն անձամբ տեսնում Արցախի, արցախահայության ապագան։ Թերևս, պատճառն այն է, որ Փաշինյանն իր ընկալումները՝ Արցախյան հարցի հետ կապված, իրագործված է համարում։ Այնուամենայնիվ, հիշեցնենք՝ նա նշեց, որ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չի համարում արցախահայերի՝ Արցախ վերադարձը։
«Խնդրում եմ ձևակերպումներին ուշադիր լինել. այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են այդ հարցի մասին, իրատեսական չէ»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց. «Ուղիղ կամ անուղղակի որևէ ձևով ես նախկինում այս թեմային անդրադարձել եմ, որովհետև կարծում եմ, որ մենք ինչ-որ առումով ինքներս մեր անցած ճանապարհը պետք է վերագնահատենք։ Այդ ճանապարհը վերագնահատելով՝ ասում եմ, ասել եմ ԱԺ ամբիոնից, ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո, Լիսաբոնի գագաթնաժողովից հետո կամ այդ շրջանում, դրանից առաջ ԼՂ հարցը չի եղել ԼՂ, այլ եղել է ՀՀ-ի հարց, ՀՀ պետականությունը զրոյացնելու հարց, և ժամանակի մեջ ես դրանում ավելի եմ համոզվել։ Ձեր հարցի ուղիղ պատասխանն է, որովհետև այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես բարդ է այդ հեռանկարի մասին խոսել այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն իրենք չունեն որևէ ծրագիր այդ ուղղությամբ, այլ ունեն արտաքին քաղաքական մեկ հարց՝ ինչպես ՀՀ-ում ավելացնել Արևմուտքի ազդեցությունը՝ համապատասխանաբար նվազեցնելով ՌԴ ազդեցությունը ռեգիոնում։ Նա հիշեցրեց, որ ՌԴ-ն արել է զգույշ դիվանագիտական հայտարարություններ այս մասով, սակայն չի ստացել աջակցություն ոչ Երևանից, ոչ էլ, համապատասխանաբար, Բաքվից։
«ՀՀ ներկայիս իշխանությունները, ըստ իս, այս հարցը երբեք չեն բարձրացնի։ Բնականաբար, Ղարաբաղի հայերի հարցը գոյություն ունի, և անհրաժեշտության դեպքում այն կարող է դիվանագիտական խաղաքարտ դառնալ Բաքվի դեմ, այդ թվում՝ Արևմուտքի կողմից։ Սակայն հարցը կարգավիճակն է, թե ինչ հնարավորություններ կստեղծվեն։ Սա ամենաբարդ հարցն է, քանի որ Ադրբեջանն առաջարկում էր պայմաններ իր վերահսկողության ներքո, սակայն, որը անհնար տարբերակ է ղարաբաղահայության համար։ Ներկայումս բոլոր հանգամանքները շատ բարդ են դարձնում այդ տեսլականը, սակայն այդ հարցն առկա է, դա հասկանում են թե՛ Երևանում, թե՛, կարծում եմ, Բաքվում, սակայն, թե ինչ լուծումների են պատրաստ, և ինչ հնարավորություններ կան, ապագայի հարց կարող է լինել»,- նման կարծիք հայտնեց նա։
Ռուս վերլուծաբանը հիշեցրեց, որ մոտավորապես երկու ամիս առաջ ռուսական կողմը վերադարձի հնարավորության վերաբերյալ հայտարարություն արեց՝ պնդելով, թե վերադարձի համար պայմաններ պետք է ստեղծվեն։
«Դա հայտարարություն էր՝ արված ռուսական միջնորդական ջանքերի ակտիվացմանն ընդառաջ, դա որոշակի օրակարգի մասին ակնարկ էր, սակայն, կարծում եմ, այդ պլանը չաշխատեց։ Այս փուլում արդեն երևում է, որ այլ հարցեր են առաջին պլան բերվել, ինչպես նաև պարզ է, որ Երևանը չի ցանկանում Մոսկվայի միջնորդությամբ բանակցել, ավելի նպատակահարմար համարելով Ադրբեջանի հետ բանակցել միայնակ։ Դե թող բանակցեն»,- ասաց վերլուծաբանը։
Քաղաքագետը գտնում է, որ ՀՀ իշխանությունների համար սկզբունքորեն որևէ մերժելի հարց չկա, բացի մեկ հարցից, որը վերաբերում է Ռուսաստանին։
«Ժամանակը ցույց է տալիս, որ Արևմուտքի հետ ամեն բան էլ հնարավոր է, իսկ Ռուսաստանի հետ հնարավորն անհնար է։ Ուստի տեսնենք, թե հաջորդ կարևոր հանգրվաններում ինչ որոշումներ կկայացվեն, ու դրանք ինչ կբացահայտեն»,- ասաց նա։