17 անշարժ գույք, թանկարժեք մեքենաներ, նկարներ, հրացան, հեռադիտակ, կահույք ու սպասք, տպավորիչ դրամական միջոցներ․Գուրգեն Արսենյանի «համեստ ավանդը»
2021թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրականցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանն այս ամսվա սկզբում պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում գրեց։
Օրենսդիրից՝ գործող իշխանության թիվ մեկ պաշտպանի հեռացումը նոր պաշտոնի համար էր․հրաժարականից 10 օր հետո նա նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան։
«1988 թվականից ի վեր Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում: Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը:
Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին՝ արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար,-Ֆեյսբուքում իր նոր պաշտոնի ավետիսն էր տվել գործարար, խոշոր սեփականատեր ու համատեղության կարգով՝ ՔՊ թիմակից պատգամավոր Գուրգեն Արսենյանը ու վերջում նիկոլավարի փոխանցել,- Իմ որդիական խոնարհումը Ձեզ»։
Գուրգեն Արսենյանը քաղաքական շրջանակներում նախ հայտնի է որպես խոշոր գործարար, իսկ քաղաքականություն նրա մուտքը մշտապես ուղեկցվել է ընտրակեղծիքներով, իշխանությունների հետ մշտապես ունեցած սերտ հարաբերություններով: Եղել է ՀՀ ԱԺ 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր։ 1990-1994թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից հիմնադրել է Միավորված աշխատանքային կուսակցությունը:
2000-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ.` ԱԺ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահն էր:
2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր էր, ԱԺ «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավարը:
2012-2017թթ. ԱԺ պատգամավոր էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով, խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Թե ինչ «համեստ ավանդ» է ներդրել Գուրգեն Արսենյանը Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում, ժամանակը ցույց է տալիս, իսկ մենք ընդամենը կհանրայնացնենք մի քանի ուշագրավ դրվագ Գուրգեն Արսենյանի եկամուտների տարեկան հայտարարագրից, որտեղ անհամեստ ծավալներով ունեցվածք է։
2024 թվականին Գուրգեն Արսենյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի, եկամուտների և շահերի՝ 2023 թվականի հայտարարագիրը։
Նախկին պագամավորն ու նորանշանակ դեսպանը հայտարարագրել է 17 անշարժ գույք, որոնք միայն մեկ բացառությամբ՝ տնօրինում է միանձնյա․
1999 թվականին Երևանի Արաբկիր համայնքում գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հասարակական նշանակության շինություն,
Նույն թվականին և նույն համայնքում ձեռք բերված հողամաս, որը համատեղ սեփականության իրավունքով է տնօրինում,
2001 թվականին Երևանի Արաբկիր համայնքում գնված միանգամից 3 անշարժ գույք՝ հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք ևնոր կառուցված ու անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, որոնք դարձյալ տնօրինում է միանձնյա,
2006 թվականին Շիրակի մարզի Գյումրի համայնքում ձեռք բերված միանգամից 2 անշարժ գույք՝ հողամաս և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ դարձյալ միանձնյա տնօրինմամբ,
2009 թվականին Գուրգեն Արսենյանը գնել է ևս մեկ հողամաս Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում,
2011 թվականին Արաբկիր համայնքում պաշտոնյան համալրում է անշարժ գույքի թիվը․ գնում ու միանձնյա սեփականության իրավունքով տնօրինում է նոր հողամաս և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն,
2014 թվականին նա արդեն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում է գնում հողամաս և հասարակական նշանակության շինություն, և ևս 1 հասարակական նշանակության շինություն՝ նորից Երևանի Արաբկիր համայնքում,
2015 թվականին նա Կոտայքի մարզի Հրազդան համայնքում ձեռք է բերում միանգամից 2 հողամաս։
Հաշվետու տարվա թե՛ սկզբում, թե՛ վերջում նախկին պատգամավորի մեքենաների թիվը 4 է եղել․
2014 թվականին գնված հենց 2014 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի մեքենա,
2015 թվականին գնված ու դարձյալ նույն թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա,
2020 թվականը բավականին բարեբեր է եղել պաշտոնյայի համար, նա գնել է միանգամից 2 թանկարժեք մեքենա՝ 2019 թվականի արտադրության BENTLEY և 2018 թվականի արտադրության NISSAN մակնիշի։
ՌԴ նորանշանակ դեսպանի՝ 2024 թվականին ներկայացրած՝ 2023 թվականի հայտարարագրում «Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժինը բավականին ծավալուն է ու առատ․ ընկերությունները, որտեղ Գուրգեն Արսենյանն ունի բաժնետոմսեր ու փայեր, չեն մատնանշվել․
2016 թվականին նա այլ եղանակով ձեռք է բերել փայ, որի արժեքը, ըստ հայտարարագրի, թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել է 1,000,000 դրամ
2014 թվականին մեկ այլ ընկերությունում ունեցած նրա փայի արժեքը 3,250 ռուբլի է,
1997 թվականին գնված բաժնետոմսի արժեք է մատնանշվել 764 միլիոն 430 000 դրամը,
2015 թվականին գնված փայի արժեքն էլ նշվել է 26 000 դրամ,
2004 թվականին գնված 4 այլ բաժնետոմսերի արժեք էլ նշվել է 1-ական միլիոն դրամ։
Հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառություններ սյունակում տեղ են գտել շուրջ 9 պարտապանի անուն՝ «Տուրլեոն» ՍՊԸ, «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմփանի» ՍՊԸ, Հովհաննիսյան Արտակ, Փամբուկյան Հարություն, «Վելեա Հոլդինգս», Արսենյան Բաբկեն Գուրգենի (որդին), «Յունիքորն գրուպ» ՓԲԸ, «Վկրեդիտ24» ՍՊԸ, «Յունիքորն սերվիս» ՍՊԸ, իսկ փոխառությունների գումարըհարյուր-հազարավոր դոլարներ են ու միլիոնավոր դրամներ։
Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է նաև չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 16 գույք, որոնք 1995 թվականից մինչև 2020 թվականը գնված գերթանկարժեք իրեր են․
1995 թվականին, օրինակ, նա գնել է 300 000 դոլար արժողությամբ ճաշասենյակի կահույքի հավաքածու և 70 000 դոլար արժողությամբ ճաշի սպասքի անվանական հավաքածու,
1996 թվականին՝ 235 միլիոն 900 000 դրամ արժողությամբ նկարների հավաքածու,
1998 թվականին՝ արծաթյա սպասքի հավաքածու, որն արժեցել է 48 հազար դոլար,
2001 թվականին նա 18 միլիոն դրամով ձեռք է բերել հյուրասենյակի կահույք և62 միլիոն դրամով էլ՝ ննջասենյակի կահույքի հավաքածու,
2008 թվականին արդեն պաշտոնյան 8500 դոլար է վճարել հեռադիտակի համար, ինչպես նաև՝ 154 միլիոն դրամ՝ նկարների նոր հավաքածուի համար,
2010 թվականին արվեստասեր գործարարը նկարների մեկ այլ հավաքածուի համար էլ վճարել է 143 միլիոն դրամ,
2011 թվականին Գուրգեն Արսենյանը 51 միլիոն 300 000 դրամով գնել է ժամացույց,
2015 թվականին գործարարի կողմից գնված ոսկյա հուշադրամների հավաքածուն էլ արժեցել է 18 միլիոն դրամ,
2016 թվական գնված ակոսափող հրացանը՝ 6 միլիոն դրամ,
2017 թվականին պաշտոնյան 5 միլիոն դրամ է վճարել հեռուստացույցի համար,
2019 թվականին Գուրգեն Արսենյանը գնել է խոհանոցի կահույքի հավաքածու, որի գին է նշել 110 միլիոն դրամը, և 82 միլիոն դրամով՝ ժամացույց,
2020 թվականին նրա կողմից գնված ոսկյա ձուլակտորն էլ արժեցել է 32 միլիոն 055,700 դրամ։
Դրամական միջոցներ․
Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է բանկային հաշիվների մնացորդներ մի քանի բանկերում, որոնց անունները չի նշել։ Դրանք տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 40 եվրո, 800,193 դոլար, 32 571 դրամ, իսկ տարեվերջին նա ունեցել է միայն զգալի դոլարային մնացորդներ՝ 449 995 դոլարի չափով։
2023 թվականին պաշտոնյայի կանխիկ միջոցներն աճել են․
Տարեսկզբի 628 000 դոլարն արդեն տարեվերջին կազմել է 977 600 դոլար, 5.500.000դրամը՝ 6.780.000 դրամ, 16.500 եվրոն՝ 58.000։
Նախկին պատգամավորի՝ հաշվետու տարվա 14 միլիոն 443370 դրամ եկամուտն էլ գոյացել է ԱԺ աշխատակազմից ստացած 9 միլիոն 983 370 դրամ աշխատավարձից և «Յունիքորն գրուպ»-ից ստացած շահաբաժնից ու վարձակալության դիմաց ստացած վճարից։
Պաշտոնյայի՝ առևտրային կազմակերպություններում մասնակցությունը․ ըստ այդմ՝
2014 թվականից նա տնօրինում է «Վկրեդիտ 24» ՍՊԸ-ի 13% բաժնեմասը, 1997 թվականից՝ ԱՐՍՕՅԼ ՓԲԸ 100%, 2016 թվականի՝ «Յունիքորն սերվիս» ՍՊԸ՝ 100%,
2004 թվականից՝«Յունիքորն Փրինթի»,«Յունիքորն Ֆլորայի» և «Յունիքորն գրուպի» 100 տոկոսը։
Նա առևտրային այս և այլ (Էլդորադո-Արմեն ՍՊԸ, «Յունիքորն քոնսթրաքշըն» ՓԲԸ) կազմակերպություններում սեփական բաժնեմասը 2021 թվականից մինչև 2026 թվականը հավատարմագրային կառավարման է հանձնել Հռիփսիմե Նորայրի Ավետիսյանին։
Ի դեպ, 2023 թվականին Գուրգեն Արսենյանը հանգստի համար վճարել է 7,830 եվրո (3,259,550.7 դրամ):