Ո՞ւմ վրա է մնացել բեռը
Բյուջեի հարկային եկամուտների գերակատարումներով հպարտացող Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հարկերի հավաքագրման մասին չի խոսում։ Հարկերի հավաքագրման ոլորտում կառավարությունը բախվել է լուրջ խնդիրների։ Մուտքերը չնայած ավելացել են, այնուհանդերձ դրանք նախատեսվածից անհամեմատ ավելի քիչ են։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերը, առանց հիփոթեքային վարկերի եկամտային հարկի վերադարձրած գումարների, աճել են ընդամենը 4,7 տոկոսով կամ 52 մլրդ դրամով։
Եկամտային հարկի հետվերադարձը ներառած՝ աճը կազմել է 7,1 տոկոս կամ շուրջ 84 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ պիտի կազմեր ավելի քան 201 միլիարդ։
Տարվա առաջին կեսի արդյունքներով, բավական մեծ ճեղք է գոյացել։ Անվանական արտահայտությամբ՝ խոսքն առնվազն 117 մլրդ դրամ թերակատարման մասին է, որը գոյացել է գերազանցապես խոշորների մասով։
Խոշոր հարկատուներն այս տարի հարկային մուտքերի բավական համեստ աճ են արձանագրել։ Առաջին կիսամյակի տվյալներով, հազիվ 2,9 տոկոս։
Բայց դա էլ լիարժեք չի արտահայտում իրական պատկերը, որովհետև այդ ցուցանիշի մեջ ներառված են նաև հիփոթեքի գծով վերադարձված եկամտային հարկի գումարները։ Եթե դրանք հանենք, խոշորների վճարած հարկերը կարող են նույնիսկ նվազել։
Խոշոր հարկատուները նախորդ տարվանից ընդամենը 26 մլրդ դրամով ավելի հարկ են վճարել։
Եթե չլինեին արտաքին բարենպաստ գործոնները, որոնք որոշ ընկերությունների հնարավորություն են տվել վերաարտահանումների հաշվին ավելացնել վճարած հարկերը, ապա այս աճն էլ չէր լինի։ Բայց դա էլ ժամանակավոր է։ Պատահական չէ, որ վերաարտահանողների մոտ ձևավորվող հարկային պարտավորություններն ու բյուջետային մուտքերն այլևս նախկին տեմպերով չեն ավելանում, որոշ դեպքերում նույնիսկ պակասում են։ Դրա ազդեցությունը տեսնում ենք խոշորների վճարած հարկերի վրա։
Նախորդ տարվա առաջին կեսին խոշորներից հավաքել էին 874 մլրդ դրամ, այս տարի հավաքել են 900 մլրդ դրամ։
Մուտքերի աճը, ներառած հիփոթեքի գծով վերադարձված եկամտային հարկը, չափազանց համեստ է։ Անհամեմատ ավելի ցածր, քան հարկային եկամուտների ընդհանուր աճն է եղել։
Խոշորների վճարած հարկերն ավելացել են հազիվ 2,9 տոկոսով, այն պարագայում, երբ ընդհանուր հարկային եկամուտների աճը կազմել է 7,1 տոկոս։
Դա նշանակում է, որ մուտքերն ավելացել են հիմնականում փոքր հարկատուների հաշվին։
Տեղի է ունեցել հարկային բեռի ծանրացում փոքր հարկատուների վրա։
Փոքր հարկատուների վճարած հարկերի աճի տեմպն անգամներով ավելին է եղել, քան խոշորների պարագայում։
Խոշորների վճարած հարկերն ավելացել են ընդամենը 2,9 տոկոսով, փոքրերինը՝ 25 տոկոսով։
Տարբերությունն ակնհայտ է նաև անվանական արտահայտությամբ. Խոշորները նախորդ տարվա համեմատ ավելի են վճարել 26 մլրդ դրամ, փոքրերը՝ 58 մլրդ դրամ։
Փոքրերի կողմից վեց ամսում 32 մլրդ դրամով ավելի գումար է վճարվել, քան խոշորների։
Սա վատ նշան է փոքրերի համար։ Հարկային բեռը խոշորներից տեղափոխվել է փոքրերի վրա, ինչը հետագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նրանցից շատերի համար։
Բայց դա այն է, ինչ ունենք իրականացվող հարկային քաղաքականության պայմաններում։
Մի օրինակ հիշենք, երբ իշխանությունների նախաձեռնությամբ փոքրերի վրա հարկային բեռն անգամներով ավելացել է. նախկինում միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողները յուրաքանչյուր աշխատողի համար վճարում էին 5 հազար դրամ եկամտային հաստատուն հարկ, հիմա վճարում են առնվազն 20 հազար դրամ՝ 4 անգամ շատ, քան նախկինում։ Որքան աշխատավարձը բարձր է, այնքան վճարած գումարն ավելանում է։
Սա մեկ օրինակ է փոքրերի նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականությունից, որը բերել է հարկային բեռի կտրուկ ծանրացման։ Բայց նման օրինակները բազմաթիվ են։
Այդ միտումն առաջիկայում էլ շարունակելու է խորանալ ու ընդլայնվել։ Իշխանությունները գնալով մեծացնում են ճնշումը փոքրերի նկատմամբ։
Փոխարենը՝ որոշ խոշորներ արտոնյալ կարգավիճակում են, գործում են մեղմ հարկային պայմաններում, մեծ շրջանառություններ են իրականացնում ու համեստ հարկային պարտավորություններ կատարում։
Եթե սա նախկինում լիներ, Նիկոլ Փաշինյանը մեծ վայնասուն էր բարձրացրել, մեղադրանքներ հնչեցրել իշխանությունների հասցեին, որ փոքրերին խեղդում են, մտցրել են հարկային ծանր բեռի ու մամլիչի տակ, իսկ խոշորների համար ստեղծել են արտոնյալ պայմաններ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը և ընդհանրապես ոչ մի պատասխանատու պաշտոնյա հարկ չի համարում անդրադառնալ այս մտահոգիչ իրավիճակին, որը հետագայում շատ ավելի տխուր հետևանքների է բերելու։ Առավել ևս, որ առաջիկայում փոքրերին հերթական ծանր փորձությունն է սպասվում՝ շրջանառության հարկի բեռի ավելացման ու միկրոձեռնարկատիրության դաշտում գործունեության որոշ տեսակների հարկային ռեժիմները ծանրացնելու տեսքով։
Ինչպես հայտնի է, իշխանությունները որոշել են կրկնապատկել շրջանառության հարկի բեռը։
Դրա հետևանքով արդեն հաջորդ տարվա սկզբից տասնյակ-հազարավոր փոքր տնտեսվարողներ ստիպված կլինեն անհամեմատ ավելի շատ հարկ վճարել՝ նույն գործունեության համար։ Չնայած արդեն այսօր նրանցից շատերը չեն դիմանում մրցակցությանն ու հարկային, անգամ՝ կրկնակի ցածր բեռի պայմաններում, դուրս են մղվում շուկայից։
Այդ երևույթը հաջորդ տարվանից շատ ավելի ակնառու կդառնա։ Բայց իշխանությունները հակված չեն կանգ առնել։ Հաջորդ քայլով պատրաստվում են փոքրերին հարկել նույն հարկային ռեժիմներով, ինչ խոշորներին։
Հայաստանում նոր արտադրություններ չեն ստեղծվում, եղածները չեն ընդլայնվում, ինչի պատճառով գնալով սրվում են բյուջեի եկամուտների հավաքագրման խնդիրները, որոնք փորձում են լուծել քաղաքացիների ու փոքր հարկատուների հաշվին. մի կողմից՝ հարկային բեռը, մյուս կողմից՝ հարկային ճնշումն ավելացնելու միջոցով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ