Չեմ բացառում Ադրբեջանի կողմից տեղային ռազմական գործողությունների միջոցով հարցերի լուծումը. Արթուր Եղիազարյան

Օգոստոսի 23-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ինչպես խոստացվել էր, ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին:

168.amանդրադարձել էր այս այցին, և, որ ՌԴ-ն վերադառնում է ապաշրջափակման գործընթացի կողմ լինելու իր լեգիտիմ իրավունքին, որից Հայաստանը նրան դե յուրե չէր զրկել:

Նշենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր Լավրովի մեղադրանքին և, մասնավորապես, շեշտել, որ «ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար՝ չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»:

Կարդացեք նաև

Իսկ kremlin.ru-ն Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի մասին իր հաղորդագրության մեջ տեղեկացրել է, որ հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջխաղացման, ինչպես նաև ապաշրջափակման հարցում:

Հետաքրքիր է, որ այս հեռախոսազրույցից օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում ակնարկել է, թե զանգեզուրյան խնդիրը հնարավոր է լուծվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում, և, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները, ըստ էության, համընկնում են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Այսինքն, ըստ ադրբեջանցի դիվանագետի, որոշակի կոնսենսուս կա այս հարցում, որին դեմ է գնում Հայաստանը և մասնակի՝ Իրանը:

Թե իրականում ինչ ճանապարհով թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի հասնել «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացմանը, և արդյո՞ք դա հնարավոր է սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, 168.am-ը փորձել է հասկանալ ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանի հետ զրույցում:

«Դեմարկացիա և դելիմիտացիա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու կողմերից կա հասկացողություն՝ խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու: Ներկա դրությամբ իրավիճակն այդպես չեմ գնահատի, քանի որ կա պարտված հայկական կողմ և հավակնություններ ունեցող ադրբեջանական կողմ: Կա թույլ հայաստանյան իշխանություն, և կա ռազմատենչ Ադրբեջանի իշխանություն, որն իր հռետորաբանության մեջ չի թաքցնում տարբեր ձևերով, այդ թվում՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծումը: Թե որքանով է այս դեպքում պատերազմի հավանականությունը, չեմ կարող ասել, քանի որ պատկերացումները տարբեր են դրա հետ կապված՝ տեղայի՞ն, թե՞ լայնամասշտաբ պատերազմական գործողություն: Բայց ադրբեջանական կողմը, բնականաբար, միջազգային հանրության որոշակի կարծիք հաշվի առնում է, ուստի այս պահին չեմ տեսնում լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսելու հավանականություն: Մյուս կողմից, չեմ բացառում տեղային ռազմական գործողությունների ճանապարհով հարցերի լուծումը:

Կարծում եմ, առավելապես, Ադրբեջանը կփորձի խաղաղ տարբերակով ստանալ իր ուզածը, ինչպես եղավ Տավուշում: Այսինքն, քանի դեռ կարող են այս ճանապարհով հարց լուծել, սա կփորձեն, եթե ոչ, արդեն, կրկնում եմ, չեմ բացառում տեղային ռազմական գործողությունների տարբերակը: Իսկ միջազգային դաշտում իրենց համար բարենպաստ պայմանների պարագայում, երբ աշխարհի ուշադրությունը կլինի ավելի մեծ խնդիրների վրա, չեմ բացառում լայնամասշտաբ գործողությունները: Որովհետև թուրքերը թույլի վրա են հարձակվում, և որքան Հայաստանը հանդես գա որպես թույլ կողմ, այնքան նրանց ռազմատենչությունը բարձր է լինելու:

Ի լրումն ասեմ, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 թվականից, ռազմական լոկալ կամ տեղաշարժային գործողությունների միջոցով դիրքավորվեց ՀՀ տարածքից ներս՝ Իշխանասար, Սև լիճ, և, կարելի է ասել, իր վերահսկողության տակ է վերցրել Սյունիքի ճանապարհը՝ զանգերից սկսած՝ մինչև Կապան և ավելի հարավ, հետևաբար՝ ռազմավարական առումով Ադրբեջանն առավելություն ունի, և գուցե ռազմական գործողությունների չդիմի, քանի որ վերահսկում է Սյունիքի ամբողջ տարածքը, միևնույն է»,- մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է Արևմուտքի և ՌԴ-ի շահերի համընկնմանն ապաշրջափակման և «Զանգեզուրի միջանցքի» հարցում, Արթուր Եղիազարյանը նշեց, որ աշխարհաքաղաքական շահերը տարբեր են ԱՄՆ-ի և ՌԴ-ի:

«Բայց այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ կա թույլ Հայաստան, որը ոչ մի ձևով իր անվտանգային խնդիրները չի լուծում, և կան գերտերություններ, որոնք ունեն շահեր, այսինքն, ամեն մեկը փորձում է իր շահն առաջ տանի, ստանա առավելագույնը, և, ի վերջո, քաղաքականության մեջ չկան բարեկամներ և թշնամիներ, կան պետությունների շահեր: Եվ եթե դու ուժեղ ես և կարող ես դաշնակցել այդ պետություններից որևէ մեկի հետ, որը քեզ համար բարենպաստ է, և քո խնդիրը այդպես լուծել, դա լավ է, բայց երբ դու քո խնդիրը չես կարողանում լուծել, ընկնում ես «ոտքի տակ»: Երկու ուժերի հակամարտությունից 3-րդ կողմը կամ շահում է, կամ ընկնում «ոտքի տակ»: Ցավոք սրտի, այս պահին մենք ընկած ենք «ոտքի տակ», և մեր շահերի հաշվին ուրիշներն իրենց հարցերն են լուծում»,- եզրափակել է ռազմական վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս