Երևան-Մոսկվա դիվանագիտական կոշտ փոխհրաձգություն․ ի՞նչ ցույց տվեց այն

Երևանն ու Մոսկվան միմյանց մեղադրում են հայ-ադրբեջանական, այսպես կոչված, պայմանավորվածությունները և խաղաղության ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ։

Ինչպես հայտնի է, օրերս Բաքվում ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը։

«Երևանն է, որ սաբոտաժ է անում Հայաստանի՝ Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը, մինչդեռ Մոսկվան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուտափույթ ավարտի օգտին»,- «Ռիա նովոստիի» հաղորդմամբ՝ ասել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- նշել էր Լավրովը։

Կարդացեք նաև

Նա ընդգծել է, որ այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ «Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի հիմքում դրվածն այսօր մնում է լիովին արդիական»,- ասել է Ս.Լավրովը։

ՀՀ ԱԳՆ արձագանքը չուշացավ․ «Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:

Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը: Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար՝ չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»:

ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։

«Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, և ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ արձագանքելով Լավրովին։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ բնականոն հարաբերությունների դեպքում ոչ Ռուսաստանից, ոչ էլ ի պատասխան՝ Հայաստանից կհնչեին նման հայտարարություններ։ Սակայն, նրա որակմամբ, հարաբերությունների ներկայիս փուլին հանգեցրել են ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի գործողությունները, որոնք, դատելով այս հայտարարությունից, շարունակվելու են նույն ոգով։

Վերլուծաբանի կարծիքով, կարևորը Երևանի հայտարարությունում այն է, որ Երևանը կասկածի տակ է դնում Մոսկվայի միջնորդության կառուցողականությունը, ինչը նշանակում է, որ նույնիսկ Բաքվի հավանության դեպքում Մոսկվան չի կարողանա զբաղվել միջնորդի առաքելությամբ։

«Դա միայն գուցե հնարավոր դառնա ինչ-ինչ իրավիճակների պարագայում, երբ Երևանն այլևս որևէ հույս չունենա Արևմուտքից, սակայն, ինչպես գիտեք, Արևմուտքն անում է ամեն բան Երևանին վերջնականապես Ռուսաստանից պոկելու, հեռացնելու համար, որի համար տրամադրվում են միջոցներ, քաղաքական գործիքներ են կիրառվում, ձևաչափեր ստեղծվում, որպեսզի ՀՀ իշխանությունները հաստատակամորեն առաջ շարժվեն իրենց ներկայիս կուրսի հարցում։ Չէ՞ որ արևմտյան պաշտոնյաները հրապարակայնորեն խոստովանում են, որ անում են նման քայլեր քաջալերելու համար ՀՀ-ի համարձակ որոշումները, ինչն այս դեպքում վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշումներին։

Չեմ կարծում նաև, որ ՀՀ Խաղաղության խաչմերուկ նախագիծը դարձել է միջազգային քաղաքականության օրակարգ, արևմտյան առաջնորդներն այն առաջ չեն մղում, ՀՀ իշխանություններն այն կարող են ներկայացնել, առաջ մղել, սակայն որևէ արևմտյան առաջնորդ այն իր հրապարակային հայտարարությամբ չի աջակցել, դրանից չի խոսել, Ադրբեջանն այն չի ընդունել, սակայն ստացվում է, որ այն ՌԴ-ն է սաբոտաժի ենթարկում, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- նկատեց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ ՌԴ-ի՝ հայ-ադրբեջանական գործընթացում միջնորդ դառնալու փորձերը գուցե չպսակվեն հաջողությամբ։

«Հաշվի առնելով ՌԴ լուրջ խնդիրները երկրի ներսում, իրավիճակը ռազմաճակատում, այդ փորձը միջնորդելու գործընթացում ասվում է, որպես ստանդարտ փաթեթի մի մաս, սակայն ՌԴ-ի համար, չեմ կարծում, որ այս փուլում դա այնքան սկզբունքային հարց է»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ն չի կարող ստանձնել արդյունավետ միջնորդական ջանքեր, եթե կողմերից մեկի կարծիքով՝ այն իր մասնակցությամբ նախորդ պայմանավորվածությունների իրականացումը չի երաշխավորել։ Ուստի վերլուծաբանը տեղին է համարում ՀՀ դիրքորոշումը, սակայն կարծում է նաև, որ Արևմուտքն է՛լ ավելի ակտիվ ջանքեր պետք է ներդնի հարավկովկասյան այս հակամարտության կարգավորման հարցում ռեգիոնում հակամարտության սրացումներ թույլ չտալու համար։

«Տեսնում ենք, որ կան տարաձայնություններ՝ ինչպես Երևանի ու Բաքվի, այնպես էլ՝ Երևանի ու Մոսկվայի միջև, որն ուղեկցվում է աշխարհաքաղաքական բավականին լարված իրավիճակով, երբ Մոսկվան փորձում է նաև որոշ դիվանագիտական դիրքեր ետ բերել Հարավային Կովկասում։ Սա պահանջում է Արևմուտքից զգոնություն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցություններին, ապա, վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ ուղիղ բանակցել։

«Ընդհանուր առմամբ, որքան էլ ՌԴ նախագահին Ադրբեջանում ընդունեցին, Ադրբեջանը պահպանում է իր բազմավեկտոր քաղաքականությունը և, չնայած ՌԴ ցանկությանը, ինչպես նաև տարաձայնություններին Արևմուտքի հետ, պահպանում է որոշակի բարդ բալանս»,- ասաց Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս