Պուտինի այցը Բաքու կարող է կանխել Հայաստանի դեմ ռազմական էսկալացիան. Գրիգոր Բալասանյան
Երկօրյա պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է՝ Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար։
«Եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել, որպեսզի հասնենք Ադրբեջանի և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանի սահմանազատման և սահմանազատման, ինչպես մենք բազմիցս խոսել ենք Ձեզ հետ, ապաշրջափակենք լոգիստիկ և տնտեսության համապատասխան ուղղությունները, մենք շատ ուրախ կլինենք դրա համար»,- Ալիևի հետ զրույցում վստահեցրել է Ռուսաստանի նախագահը՝ շեշտելով՝ Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում վերջին մի քանի տարիներին թելադրում է Հարավային Կովկասում իրադարձությունների մասնակցության անհրաժեշտություն, իհարկե, այնքանով, որքանով դա պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, անդրադառնալով Պուտին-Ալիև հանդիպմանն ու քննարկման սեղանին դրված հարցերի լայն օրակարգին, ընդգծեց՝ ՌԴ նախագահի այցն Ադրբեջան առաջին հերթին պետք է դիտարկել հայ-ադրբեջանական բանակցությունները ռուսական հարթակ տեղափոխելու ռուսական կողմի ցանկությամբ, ինչը ռուսական կողմին անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված կարգավորումները գործարկելու համար։
«Այս հանդիպման ընթացքում խոսվել է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման և ենթակառուցվածքների գործարկման մասին, որովհետև, եթե ճանապարհի ապաշրջափակման հարցերը չեն լուծվում Խաղաղության պայմանագրով, եթե դրանում չի ամրագրվում Հայաստանի Սահմանադրության չփոփոխության հարցը, եթե չի փակվում Սյունիքով միջանցք տալու հարցը, այդ դեպքում ստացվում է, որ Խաղաղության պայմանագիր ասվածը դառնում է մի թղթի կտոր, որն Ալիևը խախտելու է այն ստորագրելուց հետո, հետևաբար, ռուսական կողմը փորձ է անում ճանապարհների ապաշրջափակման հարցը վերադարձնել բանակցությունների օրակարգ՝ միաժամանակ Ալիևից կորզելով խոստում, որ փակվում է «Զանգեզուրով միջանցքի» հարցը»,- ասաց Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետը վստահեցրեց՝ Պուտինի այցը Բաքու կարող է կանխել Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական էսկալացիան՝ նոր տարածքներ ստանալու նպատակով, ինչին ձգտում է ադրբեջանական կողմը, և ինչի ապացույցն են ամեն օր Բաքվի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ալիևը գնում է ռազմական էսկալացիայի՝ փորձելով նոր տարածքներ վերցնել և հայկական կողմին ստիպել կատարել իր ցանկությունները՝ միջանցքի բացում, Սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։ Պուտինի այցը Բաքու նպատակ ունի փակել միջանցքի հարցը և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը դնել սեղանին»,- ասաց Բալասանյանը՝ որպես Բաքու այցի հաջորդ նպատակ՝ դիտարկելով Ռուսաստանի Կուրսկի մարզում տեղի ունեցող զարգացումները։
«Հակված եմ կարծելու, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կան խնդիրներ, որոնց էլ միտված է ՌԴ նախագահի այցը Բաքու, որովհետև, մասնավորապես, Կուրսկում ֆիքսվել են զինատեսակներ, որոնք, հավանական է, որ Ադրբեջանից են տեղափոխվել։ Ստացվում է, որ Ադրբեջանը դարձել է հաբ արևմուտքից Ուկրաինա զինատեսակներ տեղափոխելու համար»,- ասաց Բալասանյանը՝ շեշտելով՝ պատահական չէ, որ Պուտինն Ադրբեջան է գնում Կուրսկում տեղի ունեցողին զուգահեռ, ինչը նշանակում է, որ շատ կարևոր հարցեր են քննարկվել, որոնք ուղղակի կապ ունեն Կուրսկի մարզում կատարվողի հետ։
«Այս հարցը կրիտիկական է ՌԴ-ի համար, դրա համար է Պուտինը 2 օրով գնում Բաքու, ինչը նշանակում է, որ կարևոր մեսիջներ կան փոխանցելու, այդ թվում՝ Իրանից»,- ասաց միջազգայնագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։