Զելենսկիին հրամայել են հրաժարական տալ առաջիկա օրերին․ հայտարարել են ուկրաինական Ռադայում

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ ստացել է հրաժարական տալու հրաման»,- այս մասին իր  տելեգրամյան ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։

«Շաբաթավերջին ինձ տեղեկացրին, որ Զելենսկիին հրամայվել է հրաժարական տալ այս շաբաթ»,- նշել է նա՝ չհստակեցնելով, թե ով է հրամանի հեղինակը։ Դմիտրուկը, սակայն, խոստովանել է, որ Ուկրաինայի առաջնորդը գուցե չկատարի հրամանը։

«Եթե Զելենսկիին հրամայվել է հրաժարական տալ այս շաբաթ, ապա այդ հրամանի կատարումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև ամիսներ»,- գրել է նա՝ անվանելով Ուկրաինայի նախագահին այնպիսի մարդ, որը կձգձգի և կհորինի պատրվակներ՝ անխուսափելին հետաձգելու համար։

Չնայած դրան, Ռադայի պատգամավորը նշել է, որ հիմա լավագույն ժամանակն է Ուկրաինայի քաղաքացիների համար և ամենադժվար ժամանակը Զելենսկիի համար։

Կարդացեք նաև

«Սա, առանց չափազանցության, լավագույն հույսն է, որ մենք կազատվենք այս ռեժիմից»,- հավելել է նա։

Ավելի վաղ Արտյոմ Դմիտրուկը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին պետք է հետևի Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին և պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար։

Նրա խոսքով՝ այժմ ակտիվորեն քննարկվում է Երմակի հրաժարականից հետո Ուկրաինայի առաջնորդի հրաժարականի հնարավորության հարցը, և դրանից հետո նրանք պետք է խիստ պատժվեն իրենց գործողությունների համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն օրերս  հրաժարականի դիմում  ներկայացրեց, նրա հրաժարականը դարձավ Ուկրաինայի ներքաղաքական կյանքի ամենաաղմկոտ իրադարձություններից մեկը պատերազմի ընթացքում։

Անդրեյ Երմակը հրաժարական տվեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն  և կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազությունը  խուզարկեցին նրա գրասենյակն ու բնակարանը։

Վլադիմիր Զելենսկին Երմակի հրաժարականի մասին հայտարարեց նոյեմբերի 28-ին ուկրաինացի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ Զելենսկին շնորհակալություն հայտնեց Երմակին, որը գլխավորել էր ուկրաինական պատվիրակությունն անցյալ շաբաթ Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ «Ուկրաինայի դիրքորոշումը բանակցային գործընթացում միշտ եղել է այն, ինչ պետք է լինի»,- նշել էր Զելենսկին։

«Դա միշտ եղել է հայրենասիրական դիրքորոշում։ Բայց ես ուզում եմ, որ լուրեր կամ ենթադրություններ չլինեն»,- ասել էր նա։

Ըստ ուկրաինական մամուլի, խուզարկությունները կապ ունեն վերջերս բռնկված ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալի հետ, ուստի դրանք տեղի են ունեցել «Միդաս» անունով լայնածավալ գործողության իրականացման շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս