Դատական իշխանությունը քննիչների առաջ «կանաչ» լույս վառեց, խախտվում են ձերբակալվածի իրավունքները. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն օրերս բարձրաձայնել էր օրենքով սահմանված 6-ժամյա կալանքի և սահմանված ժամկետը խախտելու հետ կապված խնդրի մասին։

«Օրենքը սահմանում է, որ անձին ձերբակալելուց հետո, առավելագույնը 6 ժամ անց, նրան պետք է հանձնվի ձերբակալման կամ ձերբակալումից ազատման որոշում։

6 ժամը կատեգորիկ ու անփոփոխելի ժամկետ է, ուստի ձերբակալման իրավաչափության պայմանը ներառում է նաև  6 ժամի պահպանումը։

Հիմա․ մի գործով քննիչը խախտել էր օրենսդրի ժամկետային պահանջը և ձերբակալման որոշումն անձին հանձնել շատ ավելի ուշ։

Կարդացեք նաև

Այս հիմքով բողոք ներկայացրեցինք դատարան, բայց Առաջին ատյանի դատարանը մերժեց մեր բողոքը՝ նշելով, որ խախտման ժամկետը փոքր է, ուստի էական համարվել չի կարող։

Հետո բողոք տարանք վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ, խնդրելով պարզաբանել թե դատարանի նշած «փոքր» խախտումը ժամանակային ի՞նչ արտահայտություն ունի, որքա՞ն ուշ հանձնման դեպքում խախտումը կհամարվի էական կամ ոչ էական։ Բայց․․․ վերաքննիչը էս հարցի պատասխանը այդպես էլ չտվեց, դե վճռաբեկն էլ, ինչպես միշտ, բողոքս վարույթ չընդունեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբանը։

168.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրականում սա շատ մեծ խնդիր է, որը «կանաչ» լույս է վառում քննիչների առաջ։

«Սա ուղղակիորեն խախտում է ձերբակալվածի իրավունքները։ Ես դատական իշխանությանը, բարձրագույն դատական խորհրդին կոչ էին արել ուշադրություն դարձնեն այս խնդրին։

Մեր օրենքը սահմանում է, որ անձը կարող է ձերբակալվածի կարգավիճակում պահվել 6 ժամ։ Սա կատեգորիկ նորմ է, սրանից բացառություններ որևէ ձևով չեն նախատեսվում։ Այս սահմանված 6 ժամվա ընթացքում կա՛մ պետք է ձերբակալվածի վերաբերյալ լինի կալանքի որոշում, կա՛մ ազատ արձակման որոշում։ Ես պաշտպանյալ եմ ունեցել, որին պահել են 6 ժամից շատ ավելի, ձերբակալման որոշում չէին հանձնել, խախտելով նրա իրավունքները։ Հետևաբար, եթե ձերբակալություն որոշումն իրավաչափ չէ, անհիմն է նաև կալանքի որոշումը»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Ըստ փաստաբանի, այս ակնհայտ խախտումն Առաջին ատյանի դատարանը չի ընդունել՝ ասելով, թե ժամանակահատվածի խախտումը փոքր է, Վերաքննիչ դատարանը գրեթե նույնն է ասել, Վճառաբեկ դատարանն էլ առհասարակ բողոքը վարույթ չի ընդունել։

«Թվում է, թե այստեղ որևէ խնդրահարույց բան չկա, բայց սրանով քննիչներին լայն հնարավորություններ են ընձեռում, որպեսզի խախտեն անձանց իրավունքները։ Դատական իշխանությունն ուղղակի քննիչների առաջ «կանաչ» լույս վառեց՝ անձանց իրավունքները խախտելու համար և այդ խախտումն անընդատ կատարելու համար։ Այսինքն՝ անձին կարող են ձերբակալել ու պահել ոչ թե 6, այլ օրինակ 8 ժամ, հետո ասեն սա խախտում չէ։ Ես սրան որևէ անվանում չեմ կարող տալ»,- շեշտեց փաստաբանը։

Ըստ նրա, նման բան իր մասնագիտական գործունեության ընթացքում առաջին անգամ է եղել, որը, սակայն, կարող է նախադեպ դառնալ նման խախտումների համար։

«Կրկնում եմ՝ եթե դատարանն անձին 6 ժամից ավելի ձերբակալվածի կարգավիճակում պահելը չհամարեց խախտում, ապա այս միտումը շարունակվելուէ  նաև հետագայում, և քննիչներն անարգել անձին կարող են ձերբակալված պահել 6 ժամից ավելի։

Իրավական առումով ես բոլոր ճանապարհները սպառեցի, բայց արդյունքի չհասա, միակ եղանակը մնացել է հրապարակային խոսելը, որպեսզի ուշադրություն դարձնեն։ Սպասում ենք, եթե արձագանքներ չեղավ, փաստաբան գործընկերներիս հետ գուցե քննարկեք, հասկանանք՝ հաջող քայլով ինչ ենք անելու»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս