
Պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել, որպեսզի տրամադրվեն ամբողջական ձայնագրությունները. ցանկացած խոսակցությունից կարող է ամբողջ տրամաբանությունը փոխվել. Վահան Հովհաննիսյան

Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Թե ինչ հիմքով է վերաքննիչ բողոքը մերժվել, փաստաբանները տեղյակ չեն, Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել։
«Գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, բայց մենք դեռևս Վերաքննիչի որոշումը չենք ստացել։
Իրավական տեսանկյունից և՛ ես, և՛ իմ բոլոր գործընկերները, բազմիցս խոսել ենք այս մասին, ավելացնելու նոր բան չկա։ Նոր բան կարող ենք հայտնել, երբ գործի նյութերին ծանոթանանք, որոնք մեզ մասնակի են տրամադրվել։ Պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել, որպեսզի մեզ տրամադրվեն ամբողջական ձայնագրությունները, քանի որ տրամադրվել են այս տրամաբանությամբ՝ որքան թղթային արձանագրություն, այնքան թղթային արձանագրության վերաբերյալ ձայնագրություն։ Բայց տևական ժամանակ այդ անձինք գաղտնալսվել են, մենք պահանջել ենք, որպեսզի տրամադրվեն գաղտնալսման ամբողջ նյութերը։ Անկախ այն հանգամանքից՝ իրենք դա կհամարեն կենցաղային բնույթի խոսակցությո՞ւն, թե՞ վերաբերելի խոսակցություն, ամեն դեպքում դա պաշտպանական կողմի համար շատ էական է, քանի որ ցանկացած խոսակցությունից կարող է ամբողջ կոնտեքստը, տրամաբանությունը փոխվել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Արա Ռոստոմյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մինչև այս պահը փաստաբանական թիմն այդ ամենը մասնակի է ստացել, և փաստացի օգոստոսի 6-ին պետք է փաստաբաններն իրենց դիրքորշումը հայտնեն կատարվածի վերաբերյալ, բայց չեն հասցրել ուսումնասիրել, կարողացել են միայն թերթել։
Հարցին՝ որդու զոհվելուց հետո Արա Ռոստոմյանը մշտապես պայքարել է օրվա իշխանությունների դեմ, այսօր նրա կալանավորումն արդյո՞ք նրանից վրեժ լուծելու կամ լռեցնելու նպատակ ունի, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ես չեմ դա այդպես համարում, այդպես է համարում և՛ Արա Ռոստոմյանը, և՛ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, բոլորի գնահատականը միայն դա է։ Սա քաղաքական հետապնդում է բառիս բուն իմաստով, ուղղակի, կոնվենցիոն, իրավական իմաստներով և փաստական առումով»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։ Մինչ կալանավորելը, իրավապահները խուզարկություն էին կատարել Արա Ռոստոմյանի բնակարանում և մեքենայում, սակայն, ինչպես փաստաբան Վահան Հովհաննիսյանն էր հայտնել՝ կասկածելի որևէ բան չէին հայտնաբերել։
Իշխանություններն Արա Ռոստոմյանին և նրա հետ կալանավորված 15 անձանց, այդ թվում՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, մեղադրում են երկրում «ահաբեկչություն և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ նախապատրաստելու» մեջ։