«Սրանով Ադրբեջանին հնարավորություն են տալիս հարցերը մշտապես լուծել ագրեսիայով ու պատերազմով». Տաթևիկ Հայրապետյան

Այսօր ՀՀ արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում՝ ի պատասխան Ադրբեջանից հնչող հայտարարություններին, որ պետք է լուծարվի Մինսկի խումբը։

«Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»,- լրատվամիջոցի գրավոր հարցին ի պատասխան՝ ասել են ՀՀ արտաքին գերատեսչությունից։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը, 168.amի հետ զրույցում խոսելով Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած պահանջի և այդ համատեքստում խաղաղության պայմանագրի մասին, նախ ասաց, որ խաղաղության պայմանագրի մասին սկսեցին խոսել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իսկ ավելի կոնկրետ՝ 2021 թվականի մայիս-հունիս ամիսներից։

«Առաջին անգամ այդ առաջարկով Ադրբեջանն է հանդես եկել, և դրա ամբողջ իմաստային կետերից մեկն այն էր, որ Արցախի հիմնահարցում, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ նշաձողի իջեցման դիմաց, իրենք ստանան անվտանգություն և իրավունքներ Արցախի հայերի համար։ Իրականում այս ամբողջ գործընթացի արդյունքում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենք ստացան արցախահայերի էթնիկ զտում ու բռնի տեղահանում, ինչից հետո այս հարցն առհասարակ դուրս բերեցին քննարկումներից։ Այսինքն՝ այն, ինչը ՀՀ իշխանությունը  ձեռք է բերում խաղաղության պայմանագրով, այն է, որ Ադրբեջանը զենքով հարցը լուծում է, ստեղծում է  նոր իրողություն, ՀՀ իշխանությունն էլ այդ իրողությունն ընդունում է։ Սրանով Ադրբեջանին հնարավորություն են տալիս հարցերը մշտապես լուծել ագրեսիայով ու պատերազմով»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Փորձագետի դիտարկմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հարցը շատ ավելի գլոբալ ու ընդարձակ է, քանի որ, եթե ՀՀ իշխանությունը գնա այդ քայլին և լուծարի այն, նշանակում է՝ լեգիտիմացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։

«Մինսկի խմբի չեղարկումը նշանակում է, որ միջազգայնորեն հարցերը, հակամարտությունները հետայսու աշխարհում կարող են լուծվել միայն պատերազմով։ Այսինքն՝ որ կողմն ուժեղ է ու հաջողություններ է գրանցում, նա կանոններ է ամրագրում, ու բոլորն այն ընդունում են։ Նշանակում է, որ սա պանդորայի մի մեծ արկղ է բացում բոլոր հակամարտությունների համար»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ մեր զրուցակցի, եթե լուծարում են Մինսկի խումբը, ապա ինչո՞վ են արդարացնում Ռուսաստանի գործողությունները՝ Ուկրաինայի հետ կապված, Իսրայելի գործողությունները՝ Գազայում։ Այսինքն՝ տարբեր կետերում, որտեղ այժմ իրավիճակը թեժ է, նշանակում է՝ ուժեղ կողմերի պայմանների հետ հաշտվում են։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը միակողմանի հայտարարեց, որ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի, քանի որ «Արցախի հարցը լուծված է»։

Իսկ այս տարվա մայիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ Ալիևը պահանջել էր լուծարել Մինսկի խումբը։ Ինչից հետո նաև դիմել էր ՀՀ իշխանություններին՝ առաջարկելով տալ համաձայնություն, որպեսզի լուծարվի Մինսկի խումբը։

Տեսանյութեր

Լրահոս