Պետական անվտանգության հիմքը՝ թիթեռի նկարների հորձանուտում

Հայաստանի ՀՆԱ 50 տոկոսը գերազանցող պետական պարտքի ցուցանիշը Հայաստանում չի դառնում քաղաքական օրակարգի մաս: Հայաստանի քաղաքական օրակարգում կարծես թե ընդհանրապես գոյություն չունի տնտեսություն:

Մեծ հաշվով, անգամ անվտանգության կամ արտաքին քաղաքականության հարցերը ներքաղաքական օրակարգում, մեդիա-փորձագիտական տիրույթում գերազանցապես առկա են էմոցիոնալ-էպատաժային տրամաբանությամբ, առանց մասնագիտական ծանրակշռության: Բայց, տնտեսությունն այդ օրակարգում առկա չէ անգամ այդ էմոցիոնալ-էպատաժային մակարդակում: Թեև, այդ իմաստով դա գուցե լավ է, որովհետև տնտեսության պարագայում այդպիսի մակարդակով օրակարգային առկայությունը հավասարազոր է լինելու տնտեսություն հասկացության ու երևույթի հասարակական ընկալման խորքային աղճատման:

Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում տարիներ շարունակ և, թերևս, հետխորհրդային Հայաստանի նորագույն ամբողջ պատմության ընթացքում:

Ավելին, այդ պատմության կորագիծն ունեցել է վարընթաց տրամաբանություն հենց այն պատճառով, որ այդ պետության ներքաղաքական կյանքում թե որակի, թե ծավալի առումով պատշաճ առկայություն չի ունեցել տնտեսությունը, տնտեսական հարցերը, պետության ներդրումային գրավչության խորքային, ինստիտուցիոնալ խնդիրները, տնտեսական կառուցվածքի շուրջ թե մեթոդաբանական, թե մոդելային, թե անգամ հայեցակարգային-փիլիսոփայական բանավեճերը:

Կարդացեք նաև

Տնտեսական գործընթացներն անցել են բացառապես էմոցիոնալ-էպատաժային պրիզմայով, ինչը բավականին շահեկան է եղել, օրինակ, ընդդիմադիր գործունեության համար, շահեկան է եղել մակերեսային լրագրության ու փորձագիտության տեսանկյունից, քանի որ տնտեսությունը՝ ցանկացած պետության անվտանգության անկյունաքարը, գործնականում վերածել է ընդամենը լայն սպառման մի ապրանքի:

Իր հետևից դա բերել է զանազան «մուլտիպլիկատիվ» էֆեկտների, իհարկե, չակերտավոր իմաստով, քանի որ գործնականում դրանք վերածվել են պետականության դեֆեկտների: Զանազան ոլորտներում՝ լրագրությունից մինչև բնապահպանություն, քաղաքականությունից մինչև «քաղաքագիտություն»-«տնտեսագիտություն», «քաղաքացիականությունից» մինչև փորձագիտություն, սկսել է գերակայել ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ սպառողական մշակույթը:

Եվ, որպես կանոն, տարիներ շարունակ սպառվել, ու թերևս առ այսօր սպառման ենթակա են որևէ մասնագիտական քննության չենթարկվող, որևէ գիտական հիմնավորումից զուրկ, ռացիոնալության որևէ շոշափելի հատիկ չպարունակող և գերազանցապես մանիպուլյատիվ դատողությունները, որոնց բովանդակությունը ոչ միայն խիստ հեռու է Հայաստանի արդյունաբերական ներուժն ավելացնելու, ըստ այդմ, տնտեսական ինքնաբավության  և դիմադրունակության մակարդակը բարձրացնելու կարևորագույն նպատակը սպասարկելուց, այդ հարցում Հայաստանի արտաքին ներդրումային գրավչությունը բարձրացնելու, այդ կերպ նաև Հայաստանի արտաքին-անվտանգային գործընկերային ներուժը բարձրացնելու հրամայականից, այլ հակառակը՝ կարող են խրտնեցնել որևէ շատ թե քիչ լուրջ արտաքին ներդրողի: Որովհետև որևէ լուրջ ներդրող չի փորձի գործ ունենալ մի պետական միավորի հետ, որտեղ տնտեսական օրակարգը հանրային-քաղաքական կյանքում էմոցիայի ու էպատաժի, այլ ոչ թե՝ պրոֆեսիոնալիզմի ծիրում է, որտեղ հանրային մտածողության առանցքում արտաքին ներդրողը ոչ թե դիտարկվում է կարևոր գործընկեր, այլ՝ «օկուպանտ»:

Դա է տարիներ շարունակ, ուղղակի թե անուղղակի, ներարկվել հանրային մտածողության դաշտ, խոշոր հաշվով շարունակվելով նաև այսօր՝ ըստ քաղաքական կոնյունկտուրայի:

Պետական կենսունակության ու անվտանգության անկյունաքար երևույթի՝ տնտեսության հետ հանրային մտածողության ու գիտակցության դաշտում կատարվածն ավելի լավ պատկերացնելու համար պետք է պարզապես հայացք գցել, օրինակ, մշակութային քաղաքականության տիրույթում տարիներ շարունակ կատարվածին: Պարզապես, այստեղ պատկերը շատ ավելի խոսուն է և շոշափելի, քանի որ ոլորտն ինքնին ենթադրում է պատկերայնության շատ բարձր մակարդակ: Հայաստանում ձևավորվել է լայն սպառման մշակույթ, որը հաճախ ընդհանրաբար բնորոշվում է՝ «ռաբիս» մշակույթ, իսկ բացատրություններն ու արդարացումը եղել է այն, որ դա է ուզում հանդիսատեսը: Հետևանքն այն է, որ Հայաստանի մշակութային քաղաքականությունն այսօր հանգել է մի կետի, որտեղ հանրությունը մոտ է ցանկացած ժողովրդի ու հասարակության համար վտանգավոր մի գծի՝ վայրիացման կարմիր գծին:

Ինչպես նկատում է հունգարացի հրապարակախոս Բելա Հավմաշն իր «Ջրհոսը» էսսեում, հենց վայրիացումն է ժողովուրդների համար առավել վտանգավորը, ինքնապահպանման, ինքնության պահպանման ռազմավարական խնդրի տեսանկյունից նույնիսկ ավելի վտանգավոր, քան գաղութացվածությունը:

Տնտեսության հարցում Հայաստանում գործնականում ձևավորվել է համարժեք մի պատկեր՝ տնտեսական հարցերի և քննարկումների «ռաբիսացում», մասնագիտական բաղադրիչի գրեթե «մարգինալացում»: Հետևանքն այն է, որ պետական անվտանգության բոլոր բաղադրիչների հիմքում ընկած երևույթը՝ տնտեսությունը, ինքնին «մարգինալ» է դարձել պետության՝ թիթեռի պատկերներով լցված հասարակական-քաղաքական օրակարգում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս