
Արոնյանը շարունակում է հաղթարշավը. նա հաղթել է Էր Ռիադի մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է սկսել Ռիադում ընթացող «Esports World Cup 2025» շախմատային մրցաշարը:
Նա հաղթել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմևին: Երկու արագ պարտիաներում հաղթող չի եղել, արմագեդոնում («մահվան պարտիա») սևերով հանդես եկող Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, որն էլ հաղթանակ է բերել նրան։
Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի մեկ այլ ռուսաստանցի գրոսմայստեր՝ Անդրեյ Եսիպենկոն: Հաջողության դեպքում հայ շախմատիստը դուրս կգա մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Esports World Cup 2025» մրցաշարի մրցանակային ֆոնդը 1,5 միլիոն դոլար է։
Արոնյանը հումորով է մեկնաբանել իր հերթական հաղթանակը. «Ես պարզապես վերհիշել եմ, թե ինչպես են շախմատ խաղում»,-ասել է նա:
Մրցաշարն անցկացվում է Ռիադում, հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը: Մասնակիցները խաղում են նույն դահլիճում, բայց ոչ թե խաղատախտակի, այլ համակարգիչների դիմաց: Մրցույթն անցկացվում է կիբեռսպորտի աշխարհի գավաթի շրջանակներում։