«Արցախի համար ինչ-որ բան անելն իմաստ չի ունենա, քանի դեռ իշխանության ղեկին շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը». Արամայիս Աղաբեկյան

2023 թվականի սեպտեմբերից 19-ից սկսած Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները ցեղասպանության վտանգի տակ ենթարկվեցին էթնիկ զտման ու բռնի տեղահանվեցին։ Գրեթե մեկ տարի է՝ արցախահայերի ու Արցախի հարցի մասին ՀՀ իշխանությունը պետական մակարդակով չի բարձրաձայնում, մինչդեռ 150 հազարից ավելի արցախահայեր հայրենազրկված են։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչից հետո այսօր արցախահայերն իրատեսական չեն համարում, որ նույն Նիկոլ Փաշինյանը կամ նրա իշխանության որևէ ներկայացուցիչ կհամարձակվի միջազգային հարթակներում խոսել Արցախի հարցի մասին։ Ուստի համոզված են՝ Արցախի հարցն առաջ մղելու համար նախ Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Արամայիս Աղաբեկյանը ևս ասաց՝ իրատեսական չի համարում, որ այսօր Հայաստանը պետական մակարդակով միջազգային հարթակներում կխոսի Արցախի ու արցախահայության խնդրի մասին, քանի որ Հայաստանի իշխանությունը նախորդ տարվա տեղահանությունից հետո ամեն ինչ արել է, նույնիսկ Ադրբեջանից էլ ավելի ակտիվ դրսևորումներով, որպեսզի Արցախի հարցն օրակարգից լրիվությամբ դուրս մնա։

«Իհարկե, միջազգային հարթակներում Արցախի հարցը մշտապես պետք է բարձրաձայնվի՝ անկախ այն հանգամանքից, թե միջազգային հանրության կողմից դրական արձագանք կունենա՞ հարցը կարգավորելու առումով, թե՞ չէ։

Կարդացեք նաև

Եթե հետ գնանք, ապա 1994 թվականին Ադրբեջանը ծավալով ավելի ծանր պարտություն էր կրել, քան հիմա հայկական կողմը։ Սակայն, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը խելք, պետականամետություն է ունեցել՝ հարցը քայլ առ քայլ տեղ հասցնելու, և այն պահին, երբ զգաց, որ ռազմական առումով կարող է հարցը լուծել, սկսեցին կապիտալիզացնել դիվանագիտական աշխատանքը։

Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ որևէ մեկը չի բերելու ու Արցախը հենց այնպես մեզ չի նվիրելու, նույնիսկ միջազգային լավագույն պարամետրերի պարագայում, բայց դիվանագիտական աշխատանքը շատ կարևոր է»,- նշեց Արամայիս Աղաբեկյանը։

Արցախի ԱԺ պատգամավորը կիսում է այն մտահոգությունները, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի մասին քիչ մարդիկ են խոսում։

«Սա ինչ-որ առումով ինդիկատոր է՝ հասկանալու համար, թե ՀՀ-ում ինչ է կատարվում։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները գտնվում են որոշակի վերահսկողության տակ, և երբ ասել են, որ Արցախի հարցն օրակարգից մեկ քայլ պետք է հետ քաշվի, մեկ քայլ հետ են քաշել։

Փաստացի այսօր Արցախի մասին խոսում են շատ քիչ, փոքր խմբեր, հասարակական որոշակի շերտեր, անկախական քաղաքական միավորներ։

Երբ Արցախի տեղահանությունից հետո հարց բարձրացվեց հայտնի հրամանագրի չեղարկման մասին, որևէ քաղաքական ուժ կոչով հանդես չեկավ։ Դրվագ եղավ, երբ Սերժ Սարգսյանը միայն դուրս եկավ ու այդ մասին խոսեց, հետո Հանրապետականի կողմնակիցներն էլ խոսեցին, որ նման պայմանագիր չկա։ Սա խոսում է այն մասին, որ այս հարցում, որոշակի կոնսենսուս կա»,- շեշտեց Արամայիս Աղաբեկյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ որքան էլ այսօր հանրությունն աշխատի Արցախի հարցի ուղղությամբ, այն արդյունավետություն չի ունենա այնքան ժամանակ, քանի հարցին անդրադարձ չի եղել պետական մակարդակով։

«Արցախի համար ինչ-որ բան անելն իմաստ ու փիլիսոփայություն չի ունենա, քանի դեռ իշխանության ղեկին շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը։ Ինչքան ուզում եք ակտիվություն ցուցաբերեք, եթե պետական կառավարման ղեկին նստածը հստակ քաղաքականություն է վարում և չի թաքցնում՝ ասելով, որ իր համար Արցախի հարց գոյություն չունի, և դեռ 2018 թվականին պետք է ասեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա որևէ բան փոխել չի լինելու։

Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, և նրա փոխարեն չգան անկախականներ, որոնց համար առաջնահերթը կլինի ՀՀ շահը, որևէ բանի մասին խոսելն անիմաստ է»,- եզրափակեց Արամայիս Աղաբեկյանը։

Տեսանյութեր

Լրահոս