«ՌԴ-ն Շոյգուին գործուղեց Բաքու՝ հասնելով գոնե այս պահին «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելու հայտարարությանը». Գրիգոր Բալասանյան
Օգոստոսի 6-ին Ուկրաինայի կողմից տեղի է ունեցել գրոհ ՌԴ Կուրսկի մարզի ուղղությամբ, որի ժամանակ եղել են զոհեր, վիրավորներ, վնասվել են բնակելի շենքեր։ Ծանր մարտերն արդեն չորս օր է՝ շարունակվում են երկու երկրների զինված ուժերի միջև։ Այդ ընթացքում ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, մի քանի օրենքներ ստորագրել։
Իրավիճակին արձագանքել է Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), բոլոր կողմերին կոչ է արել գործել պատասխանատու կերպով և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։
168.am-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանից հետաքրքրվեց՝Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունն այս պահին ի՞նչ փուլ է մտել՝ Կուրսկում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո, որքանո՞վ է մեր տարածաշրջանը ՌԴ-ի ուշադրության կենտրոնում, հնարավո՞ր է՝ այս ֆոնին Հարավային Կովկասում որոշ առումով էլ ավելի ակտիվանա թուրք-ադրբեջանական տանդեմը։
Ի պատասխան՝ Գրիգոր Բալասանյանը մասնավորապես ասաց.
«Չեմ կարծում, որ Կուրսկում տեղի ունեցող իրադարձություններն ինչ-որ կերպ կազդեն Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Ըստ իս, Կուրսկում տեղի ունեցողը ՌԴ-ի ուշադրությունը շեղելու փորձ էր Իրանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից։ Սակայն դատելով վերջին օրերի հաղորդակցություններից ու հանդիպումներից՝ ռուս-իրանական, այս ֆոնին ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի է ամրապնդվում։
Այս ավանտյուրան, որ կազմակերպվեց Ուկրաինայի իշխանությունների կողմից հսկայական զոհերի գնով, ուներ մեկ նպատակ՝ համոզել արևմտյան կուրատորներին, որ Ուկրաինան իրենից ինչ-որ բան ներկայացնում է, և պնդել նոր ռազմական տեխնիկա հատկացնելու հարցը»։
Ըստ միջազգայնագետի, այս ամենին ֆոնին ՌԴ-ն Հարավային Կովկասում արդեն իսկ որոշակի քայլեր կատարել է։
«ՌԴ-ն արդեն մեծ քայլ կատարեց մեր տարածաշրջանում՝ Շոյգուին գործուղելով Բաքու, հասնելով Ադրբեջանի կողմից գոնե այս պահին «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելու հայտարարությանը»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։
Հիշեցնենք, որ օրերս Ալիևի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Ամիրբեկովն ասել էր, որ երկու կողմերը փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են անվանում։
«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի՝ ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում»,- ասել էր Ալիևի ներկայացուցիչը։
Այս ամենին արձագանքել էր նաև ՀՀ արտգործնախարարությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս։
«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը, պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջ մղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև՝ փոխադարձության ու հավասարության վրա»,- ընդգծել էր Անի Բադալյանը: