Բաժիններ՝

Համոզել ֆերմերներին գործել միասնական կանոններով. Hovakat ընկերության պատմությունը

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) 2024 թվականի տվյալներով՝ աշխարհում սննդամթերքի 13,2%-ը կորչում է բերքահավաքից հետո՝ նախքան մանրածախ վաճառքի փուլ հասնելը։ Եվս 19%-ը թափվում է արդեն խանութների, հանրային սննդի օբյեկտների և տնային տնտեսությունների մակարդակում։

ԱՊՀ երկրների համար կորուստների հիմնական պատճառներն են սառնարանային ենթակառուցվածքների պակասը, ջերմաստիճանային ռեժիմի խատումները, արտադրանքի ձեռքով տեսակավորումը և հնացած լոգիստիկան։

Այնուամենայնիվ, տարածաշրջանի ագրարային շուկայի գլխավոր խնդիրներից մեկը հենց մասնակիցների պահպանողականությունն է։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ գյուղատնտեսության ոլորտում թվային տեխնոլոգիաները զարգանում են զգալիորեն ավելի դանդաղ, քան տնտեսության այլ ճյուղերում, իսկ դրանց ներդրումը զարգացող երկրներում հաճախ սահմանափակվում է ենթակառուցվածքների բացակայությամբ, թվային ցածր գրագիտությամբ և փոքր տնտեսությունների կողմից դրսևորվող անվստահությամբ։

2017 թվականին թարմ մթերքի հայաստանյան շուկայում հայտնվեց Hovakat ընկերությունը։ Դրա հիմնադիր Հովհաննես Թովմասյանը փորձեց լուծել մի խնդիր, որին բախվում է տարածաշրջանի ագրարային շուկայի մեծ մասը՝ խզումը ֆերմերների և առևտրային ցանցերի միջև։ Սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէր, որքան թվում էր։

Խնդիրն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը հիմնականում բաղկացած է փոքր տնտեսություններից։ Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների՝ երկրի ֆերմերային տնտեսությունների 99,9%-ը ընտանեկան են։ Ընդ որում, տնտեսությունների կեսից ավելին միաժամանակ զբաղվում է բուսաբուծությամբ և անասնապահությամբ, իսկ 42%-ը՝ միայն մշակաբույսերի աճեցմամբ։

Յուրաքանչյուր տնտեսություն օգտագործում է տարբեր պարարտանյութեր, ունի մշակման, պահպանման և մատակարարման ուրույն մոտեցումներ։ Սա բարդացնում է միասնական ստանդարտների ներդրումը և համագործակցությունը առևտրային ցանցերի հետ։

Մյուս խնդիրը արտադրողների բացասական փորձն է։ Հայաստանի շուկայում համակարգման փորձեր նախկինում ևս եղել են։ Փորձեր են արվել միավորել ֆերմերներին, և որոշ տնտեսություններ նույնիսկ համաձայնել են աշխատել նոր կանոններով։ Սակայն նման մոդելները արագորեն փլուզվում էին, քանի որ մատակարարները չէին կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները։ Արդյունքում ֆերմերները կորցնում էին թե՛ գումար, թե՛ վստահություն նմանատիպ սխեմաների հանդեպ։

Այդ պատճառով էլ Hovakat-ի գաղափարին սկզբում շատերը թերահավատորեն էին վերաբերվում։

Թովմասյանին հաջողվեց փոխել վերաբերմունքը մեծապես այն պատճառով, որ ֆերմերների համար նա «յուրային» էր։ Նա մեծացել է գյուղատնտեսության հետ կապ ունեցող ընտանիքում, հասկանում էր շուկայի նրբությունները և գիտեր, թե ինչ է անհրաժեշտ արտադրողին։

Hovakat-ն սկսեց իր վրա վերցնել այն գործառույթները, որոնց համար ֆերմերները հաճախ չունեին բավարար ռեսուրսներ։ Նրանց առաջարկվեց իրացման երաշխավորված ուղի, որակի վերահսկողություն և մատակարարման թափանցիկ պայմաններ։ Միաժամանակ ընկերությունը սկսեց ներդնել ISO 22000 ստանդարտը, որը կարգավորում է սննդամթերքի անվտանգությունը և արտադրական գործընթացները։

Շատ փոքր տնտեսությունների համար սա միջազգային պահանջներով աշխատելու առաջին փորձն էր։

Այսպիսով, արտադրողները հնարավորություն ստացան կենտրոնանալ բացառապես բերքի մշակման վրա, իսկ մնացած բոլոր հարցերը լուծում էր ընկերությունը։

Աստիճանաբար համակարգի մասին սկսեցին խոսել հենց ֆերմերները։ «Բերնեբերան» տարածվող գովազդի շնորհիվ Hovakat-ին սկսեցին միանալ նաև այլ տնտեսություններ, այդ թվում՝ խոշոր արտադրողներ։

Կառավարչական յուրահատուկ լուծումն աշխատեց․ Hovakat-ը միավորեց տասնյակ առանձին արտադրողների մատակարարման մեկ միասնական, կառավարելի համակարգում, որն ընդունակ է խոշոր առևտրային ցանցերին ապահովել արտադրանքի կայուն ծավալներով՝ միասնական ստանդարտի ներքո։

Այսօր Hovakat-ը հանդիսանում է կարևոր օղակ ֆերմերների և խոշոր խանութների միջև՝ նպաստելով թարմ մթերքի արագ հասանելիությանը ցանցերի դարակներին։ Ընկերության կարգավիճակը հաստատված է պրոֆեսիոնալ մակարդակով։ 2023 թվականից այն հանդիսանում է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման անդամ, իսկ վերջերս համալրել է «ԱԿԲԱ Ֆեդերացիայի» կազմը։

Նման կազմակերպությունների հետ գործընկերությունը ընկերությանը հնարավորություն է տալիս օգտվել ժամանակակից ֆինանսական գործիքներից և առաջավոր փորձից, ինչն արդյունքում օգնում է զարգացնել փոքր ֆերմերային տնտեսությունները և նրանց արտադրանքը դարձնել ավելի հասանելի։

Մյուս կողմից, մթերային ցանցերն արդեն քանի տարի է՝ ահազանգում էին․ կանաչեղենն ու բանջարեղենը մատակարարվում էին սովորական պլաստիկ տարաներով, որոնց ներսում խոնավություն էր կուտակվում։

Առանց օդափոխության արտադրանքը սկսում էր փչանալ։

Այդ պատճառով Hovakat-ում կենտրոնացան այնպիսի փաթեթավորման ստեղծման վրա, որն օգնում է ավելի երկար պահպանել արտադրանքի թարմությունն ու ապրանքային տեսքը՝ առանց պահպանման ժամկետի երկարաձգման քիմիական մեթոդների կիրառման։

Հովհաննես Թովմասյանի խոսքով՝ թարմ մթերքի պահպանման համար համընդհանուր լուծումներ գոյություն չունեն։ Յուրաքանչյուր մշակաբույս պահանջում է փաթեթավորման պարամետրերի անհատական կարգավորում։

Շուկայի հաջորդ խնդիրը սառնարանային շղթայի խզումն էր։ Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար թարմ մթերքի կորստի հիմնական պատճառներից մեկը սառնարանային ենթակառուցվածքների և բերքահավաքից հետո արագ սառեցման համակարգերի բացակայությունն է։ Ընկերության ներկայացուցիչների փաստմամբ՝ Հայաստանի համար այս խնդիրը հատկապես արդիական է ամռանը, երբ գյուղատնտեսական շրջաններում ջերմաստիճանը հաճախ գերազանցում է +30°C-ը։ Սրա պատճառով արտադրանքը կարող է սկսել փչանալ բերքահավաքից հետո արդեն առաջին իսկ ժամերին։

Hovakat-ը՝ Թովմասյանի ղեկավարությամբ, ներդրեց արագ սառեցման համակարգ։ Հավաքվելուց հետո առաջին իսկ ժամվա ընթացքում արտադրանքը տեղափոխվում է սառեցվող միջավայր։ Բաշխիչ կենտրոնն ինքնին բաժանված է մի քանի ջերմաստիճանային գոտիների՝ հարմարեցված մթերքի տարբեր տեսակների համար։ Այս լուծումը նվազեցնում է խոտանվող ապրանքի ծավալը և բարձրացնում առևտրային ցանցերի համար մատակարարումների կայունությունը։

Ընկերությունում նշում են, որ փոքր տնտեսությունները հաճախ ի վիճակի չեն ներդրումներ կատարել սառնարանային ենթակառուցվածքների և պահպանման ժամանակակից համակարգերի մեջ։ Ֆերմերների համար դա չափազանց թանկ է։ Ուստի համագործակցությունը Hovakat-ի նման ընկերությունների հետ արտադրողների համար դառնում է ավելի շահավետ, քան մատակարարման ամբողջ շղթան սեփական ուժերով կառուցելը։

Կորուստների ևս մեկ պատճառ է մնում մարդկային գործոնը։ Վնասված բանջարեղենն ու միրգը ավելի արագ են սկսում փչանալ և կարող են արագացնել միկրոօրգանիզմների տարածումը ապրանքի ամբողջ խմբաքանակում։

Նմանատիպ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար Hovakat-ը ներդրեց որակի վերահսկման ավտոմատացված գծեր։ Արտադրանքը տեսակավորվում է բաշխիչ կենտրոն մուտք գործելիս, և վնասված ապրանքը զատվում է նախքան փաթեթավորման փուլը։

Բացի այդ, ընկերությունը վերահսկում է լոգիստիկայի բոլոր փուլերը։ Սա այն դարձրել է անկախ ճանապարհային հնարավոր ուշացումներից և բարդություններից։

Որպես հաջորդ փուլ՝ ընկերությունը դիտարկում է մուտքը Ղազախստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի շուկաներ։

Hovakat-ի պատմությունը ցույց է տալիս, որ ագրարային շուկայի գլխավոր խնդիրը ոչ թե արտադրության ծավալներն են, այլ բերքահավաքից հետո արտադրանքի կորուստները և մատակարարման միասնական ստանդարտների բացակայությունը։ Հետևաբար, նման նախաձեռնությունները շուկայի համար աստիճանաբար դառնում են անհրաժեշտություն, հատկապես այն երկրներում, որտեղ գյուղատնտեսության մեծ մասը դեռևս հիմնված է փոքր ֆերմերային տնտեսությունների վրա։

ՎԱՐԴՈԻՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031