ԱՄՆ-ն ավարտել է Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների 13-րդ շարքը. ինչ է հայտնի այս պահին
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել Է Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների հերթական շարքի ավարտի մասին, որոնք անցկացվում են արդեն 13-րդ գիշերն անընդմեջ: Նշվում է, որ ամերիկացիների հարձակումը հաջող է անցել։
«CENTCOM-ի թիրախներն են եղել իրանական ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչուների պահպանման վայրերը, կոմունիկացիոն ցանցերը, ափամերձ դիտարկման օբյեկտները և Իրանի ծովային ենթակառուցվածքը»,- ասված Է x սոցիալական ցանցում հրամանատարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ հարվածներն իբր ուղղված են եղել նրան, որ «էլ ավելի նվազեցնեն այն սպառնալիքը, որը Իրանը ներկայացնում է Հորմուզի նեղուցը հատող քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի համար»:
«Միջազգային ջրային ուղին շարունակում է բաց մնալ տարանցման համար՝ չնայած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին հարձակումներին: Առևտրային նավերը շարունակում են ազատ տեղաշարժվել նեղուցով՝ ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ներկայումս Մերձավոր Արևելքում գտնվում է ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայող:
Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված Telegram-ալիքները հրապարակում են Իրանի տարբեր շրջաններին հարվածների տեսանյութեր: Մասնավորապես, հարվածներ են հասցվել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազին, Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքին, հակաօդային պաշտպանության համակարգն ակտիվ աշխատել Է Թեհրանի արևմտյան հատվածում: Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Խուզեստան նահանգի նահանգապետին, Ահվազ քաղաքին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս հինգը՝ վնասվածքներ ստացել:
Բացի այդ, պայթյուններ են որոտացել իրանական Ֆիրուզաբադ, Թեֆթ, Խորեմաբադ և Ջասկ քաղաքներում, Հոնդաբայի շրջանում: Հարվածներ են հասցվել նաև Բենդեր Աբբասին, Օմիդիային և Էնդիմեշքին, ինչպես նաև Քեշմ կղզուն: Բենդեր Աբբասին հասցված հարվածի հետևանքով երկու մարդ Է տուժել, հայտնում է IRIB-ը:

