Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Թևանյանի նամակը՝ կալանավայրից
Դատավոր Գարիկ Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ կալանքը ապօրինաբար ևս 2 ամսով երկրաձգելով։ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել: Նրա խոսքով՝ նախաքննական և պետական գաղտնիք ձևակերպումների ներքո իր փաստաբանները զրկված են ավելի հանրային խոսելու և գործի անհիմն լինելու բացահատումներ անելուց:
«Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց «հիմնավորում» են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասածների ապացույցներ և հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն՝ իրենք էլ են փաստացի ընդունում, որ «գործը» հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց «նա վսյակի» և պատվերի շրջանակներում ինձ ու Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի, իբր, չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից»,- գրել է Թևանյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 21-ին կայացած դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է դատավարությունը բաց անցկացնել՝ հանրությանը գործի հանգամանքներին ծանոթանալու հնարավորություն տալու համար։ Ըստ Թևանյանի՝ քննիչն առարկել է, իսկ դատարանը նիստը կրկին անցկացրել է դռնփակ։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կրկին հերքել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու և գաղտնի տեղեկություններ փոխանցելու դիմաց 622 հազար դոլար ստանալու մասին մեղադրանքները։
«Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում»,– գրել է Թևանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Մայիսի 23-ին Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Կալանքը երկարաձգվեց հուլիս 22-ին:

