Ասեք՝ կանենք. «հայկական ժողովրդավարության» գինը
Հայաստանի իշխանությունը հետևողականորեն ոչնչացնում է իրական ժողովրդավարության բոլոր ինստիտուտներն ու կառուցակարգերը՝ միևնույն ժամանակ քարոզչական հարթությունում առաջ մղելով «ժողովրդավարության բաստիոնի» անհեթեթ թեզը։
Ընդ որում, որքան ավելի խայտառակ կերպով են ոտնձգվում ժողովրդավարական արժեքները, այնքան ավելի հուզիչ է դառնում հայկական ժողովրդավարությունը գովերգողների հիացմունքը։
Իրականությունն այն է, սակայն, որ իշխանությունները՝ պահպանելով ժողովրդավարության ցուցադրական ատրիբուտները, բռնաբարում են դրա բովանդակային, գործառութային գրեթե բոլոր մեխանիզմները, բայց առաջին հերթին՝ նրանք, որոնք կարող են ազդել որոշումների կայացման վրա։ Ժողովրդավարության հիմնասյուներից մեկը՝ տեղական ինքնակառավարման համակարգը, վերածվել է իշխանական կամակատարների միավորման, իշխանությունն ամենալկտի մեթոդներով վրեժխնդիր է լինում հատուկենտ համայնքապետերից, որոնք համարձակվում են չխոնարհվել ՔՊ-ական դիկտատին։ Ժողովրդավարության մեկ այլ հիմնարար ինստիտուտ՝ դատական համակարգը, ենթարկվում է գրեթե տոտալ վերահսկողության, իշխանական պատվերից դուրս վճիռ կայացնող եզակի դատավորները կամ հեռացվում են համակարգից, կամ դառնում են «վնգստացող»։
Բանտերում գտնվող տասնյակ քաղբանտարկյալները նաև դատական համակարգի այլասերման հետևանքն են։ Իշխանությունները սահմանափակում են նաև խոսքի ազատությունը և չկարողանալով լռեցնել իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող մի քանի լրատվամիջոցների, զրոյացնում են այլակարծությունը հանրային լրատվամիջոցներով՝ ամենալկտի կերպով տնօրեն նշանակելով, օրինակ, Հանրային ռադիոյում։
Խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում պառլամենտը վերածվել է գործադիր իշխանության, իսկ իրականում՝ դրա ղեկավարի կամակատար բուտաֆորիայի, և որևէ ազդեցություն չունի կայացվող որոշումների վրա։ Վերը նշված և էլի բազմաթիվ դեպքերն այս կամ այն չափով իշխանության հակակշիռների ու փոխզսպումների համակարգերի վերացման օրինակներ են։ Դրա արդյունքում Հայաստանում որոշումները, այդ թվում՝ կենսական, գոյաբանական նշանակություն ունեցող որոշումները, կայացվում են ոչ թե համակարգերի, ինստիտուտների, այլ լավագույն դեպքում՝ սահմանափակ թվով անձանց, իսկ ավելի հաճախ՝ մեկ անձի կողմից։ Առաջին հայացքից թվում է, թե ավտորիտար այս համակարգը, որոշումների միանձնյա կայացումը պետք է Նիկոլ Փաշինյանին սոսկ իշխանությունը պահպանելու համար։ Դա, իհարկե, այդպես է, ավտորիտար մեթոդներով զրոյական վարկանիշ ունեցող իշխանության պահպանումն ավելի հեշտ է։ Բայց սա խնդրի միայն ներքին ասպեկտն է։
Որոշումների կայացման ինստիտուցիոնալ բնույթի զրոյացումն անհրաժեշտ է նաև բոլոր այն արտաքին խաղացողներին, ովքեր Հայաստանից ունեն շատ որոշակի ակնկալիքներ՝ կապված աշխարհաքաղաքական գործընթացների, այս փուլում, օրինակ, Սյունիքով անցնող հաղորդակցության ուղիների տրամադրման, դրանից բխող այլ կենսական ոլորտների հետ։ Բոլոր նրանց համար ահա չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանում չգործի իրական ժողովրդավարություն, որում կարևոր որոշումները կկայացնեն ոչ թե անձինք, այլ համակարգերը, որովհետև վերջիններին գնելը կամ սպառնալը բազմապատիկ ավելի դժվար է, քան անձի/անձանց դեպքում։ Դա է պատճառը, որ Հայաստանում իրական ժողովրդավարության մակարդակի անկմանը հակադարձ համեմատական կարգով աճում է «հայկական ժողովրդավարությամբ հիացողների» թիվը։
Նրանց մի մասը՝ ի դեմս արևմտյան հիացողների, «աջակցում է Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությանը»՝ անհրաժեշտ պահին պետության ճակատագրի վերաբերյալ անձի/անձանց որոշումներ ստանալու ակնկալիքով, ռուսներն էլ արտաքուստ ցույց են տալիս, թե դժգոհ են «Հայաստանի ժողովրդավարացումից/արևմտականացումից»՝ կրկին այն հաշվարկով, որ իրենց համար ոչ ձեռնտու որոշումների ընդունմանը/կանխմանը կարող են հասնել անձի/անձանց վրա ներազդելով։
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում իրականում դրված է 2023թ. Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի կարգախոսը՝ «Ասեք՝ կանենք»։
Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերվում է հենց այդ սկզբունքով, ինչի դիմաց ստանում է ամենահակադեմոկրատական մեթոդներով իշխանությունը պահպանելու և, միևնույն ժամանակ, «ժողովրդավարության խիզախ նվիրյալ» ներկայանալու թողտվություն։
Հարություն Ավետիսյան