Փաշինյանը դո՞ւրս է գալիս մարդամեջ, որ գոնե մեկի հարցին պատասխանի. նա միայն ասում է, որ «ադրբեջանցիները չեն համաձայնում համագործակցել»». Անհետ կորած զինծառայողի մայր

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բախել են տարբեր գերատեսչությունների դռներ՝ իրենց որդիների վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու համար՝ ապարդյուն։ ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, Կառավարությունից, Պաշտպանության նախարարությունից նրանց որևէ պատասխան չեն տալիս, միակ նախադասությունը, որ կրկնում են՝ բացի Կառավարությունից, այն է, որ՝ «զբաղվում ենք»։

Ծնողները վստահ են՝ իրենց որդիները ողջ են ու գտնվում են ադրբեջանական գերության մեջ, քանի որ բազմաթիվ տեսանյութեր են տեսել, որտեղ եղել են նաև իրենց որդիները։

Օրերս ծնողները կրկին գնացել էին ԱԱԾ՝ ճշտելու՝ մինչև ե՞րբ պիտի սպասեն որևէ հստակ պատասխանի, սակայն նրանց որևէ մեկը չէր ընդունել։ ԱԱԾ շենքի ներսից ասել էին, որ տնօրենը տեղում չէ, երբ վերադառնա՝ իրենց կընդունի։ Ծնողները գնացել էին նաև Հանրային հեռուստաընկերություն, որպեսզի իրենց մի քանի րոպեով եթեր տրամադրեն՝ իրենց խնդրի մասին բարձրաձայնելու համար. կրկին մերժվել էին։

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, 168.amի հետ զրույցում ասաց, որ ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց որևէ մեկը չի ընդունել ու գոնե չեն լսել իրենց պահանջի մասին։

Կարդացեք նաև

«Մեր պահանջը շարունակում է օդում մնալ ու չգիտենք՝ մինչև երբ։ Մեզ ասացին՝ ՍԱԾ տնօրենը կվերադառնա, հանդիպում կկազմակերպենք, բայց չգիտենք՝ հավատա՞նք, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա համաձայն չէ մեզ հետ հանդիպել, նա այս երկրի ղեկավարն է, բայց մեզ չի ընդունում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մեզ չի ընդունում, որովհետև ասելու բան չունի, նա մեր հարցով չի զբաղվում, որ մի հատ էլ պատասխան ունենա։ Փաշինյանի միակ պատասխանն այն է, որ «ադրբեջանցիները չեն համաձայնում այդ հարցում հայկական կողմի հետ համագործակցել, որևէ պատասխան չեն տալիս», սա՛ է ասում»,- նշեց տիկին Կարինեն։

Անդրադառնալով հայկական կողմում հայտնված երկու ադրբեջանցիներին, որոնց նախորդ տարի հանձնեցին ադրբեջանական կողմին, ընդ որում՝ նրանցից մեկը սպանել էր պղնձաձուլարանի պահնորդին, Կարինե Մանավազյանն ասաց, որ որևէ գերատեսչությունից իրենց չեն պատասխանում, թե ինչպես է ստացվել, որ ադրբեջանցիներին հանձնում են, սակայն նրանց դիմաց Բաքվում պահվող որևէ հայ գերի չեն վերադարձնում։

«Ինչպե՞ս է այսպես ստացվում, ես շատ եմ ուզում այդ հարցի պատասխանը ստանալ։ Բայց Նիկոլ Փաշինյանը դո՞ւրս է գալիս մարդամեջ, որ գոնե մեկի հարցին պատասխանի։

4 տարի է՝ բոլորը մեզ ստում են, ուղարկում տուն՝ ասելով, թե զբաղվում են գործով, բայց արդյունքը մենք չենք տեսնում։ Լավ, եթե մեր իշխանությունը չորս տարի զբաղվում է այս գործով, ինչո՞ւ գոնե մեկ պատասխան չեն տալիս մեզ։

Հանրային հեռուստաընկերությունը մեզ եթեր չի տալիս, որովհետև իշխանություններին է ենթարկվում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ այլևս որևէ ակնկալիք չունի, քանի որ 4 տարի շարունակ իշխանությունը խաբում է։

«Իշխանության միակ առաջընթացն այն է, որ ծնողների մի մասը մահացել է՝ ցավից ու կսկիծից, ու իշխանության գործը հեշտացել է՝ ինչքան քիչ բողոքողներ լինեն, այնքան իրենց համար լավ»,- ընդգծեց նա։

Հարցին՝ Աննա Հակոբյանի հետ փորձե՞լ են հանդիպել, քանի որ վերջինս որդեկորույս մի քանի ծնողների հետ մշտապես շրջում է, Կարինե Մանավազյանը պատասխանեց.

«Այդ կնոջ անունն առհասարակ ինձ մոտ մի տվեք։ Ես ուղղակի անաչառ լրատվամիջոցներին եմ խնդրում, որ մեր հարցը պահեն ուշադրության կենտրոնում, գոնե այսպես հարցը կմնա օրակարգում, որովհետև այդ իշխանությունը մեզանից չի ազդվում»։

Հիշեցնենք, որ 2023 թվականին գրեթե այս ժամանակահատվածում՝ հուլիսի 26-ին, Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։

Չնայած ծնողները ժամեր շարունակ փակել էին ճանապարհը, սակայն նրանց, Ոստիկանության ծառայողներից ու պաշտոնյաներից բացի, Կառավարության որևէ անդամ չէր մոտեցել։

Տեսանյութեր

Լրահոս