ԱՄՆ-ը մեզ կապիտուլյացիա է առաջարկում. ուզում է Հայաստան, որի ռազմավարական դիրքերը կմնան Ադրբեջանին. Խոսրով Հարությունյան

Ռուսական կողմը պատրաստ է Բաքվի և Երևանի ներկայացուցիչներին բանակցությունների հարթակ տրամադրել և նրանց համար ստեղծել առավելագույն հարմարավետ պայմանները, որովհետև կողմերի միջև խաղաղության հավասարակշռված պայմանագրի կնքումը Ռուսաստանը համարում է անփոխարինելի նախապայման տարածաշրջանում անքակտելի անվտանգության ճարտարապետության կառուցման համար։ Այս մասին հուլիսի 24-ի բրիֆինգում ասաց Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովային շատ արագ արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիզադեն՝ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ վայրերում։

Զախարովայի ասածներին չեն արձագանքել Հայաստանից. պատասխան չկա ո՛չ արտգործնախարարությունից, ո՛չ Կառավարությունից. «ինչո՞ւ» հարցի պատասխանը փորձեցինք ստանալ 1992-1993 թվականների Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանից։

«Հայաստանի գործող իշխանությունը մերժում է ռուսական որևէ առաջարկ, հայ-ադրբեջանական հարցի կարգավորման համար հարթակի տրամադրումը, փոխարենը՝ Ադրբեջանն արձագանքում է անմիջապես և շատ լավ գիտակցում է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներում Ռուսաստանի դերակատարումը և առիթը բաց չի թողնում, եթե ոչ՝ Ռուսաստան սիրաշահել, ապա՝ գոնե ցույց տալ, որ շարժվում է Ռուսաստանի հետ նույն ուղով»,- 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հարությունյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ անգամ Արևմտյան բլոկը ներկայացնողներն են այսօր բացահայտ խոսում, որ ուկրաինական թնջուկը մոտենում է ավարտին, ավելին, նույն Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որը, ի դեպ, օրենք ընդունեց՝ ինքն իրեն արգելելով Ռուսաստանի հետ բանակցել, հիմա պատրաստվում է գնալ բանակցությունների, ինչը բերելու է ռուսական դիրքերի ամրապնդման։

«Արդեն բոլորն են հայտարարում՝ ամբողջ Արևմուտքի պլանը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու վերաբերյալ, ձախողված է. բոլորն են դա արձանագրում անխտիր։ Հիմա բոլորին հետաքրքրում է՝ արդյո՞ք հնարավոր կլինի ուկրաինական կոնֆլիկտը կարգավորել առանց ակտիվ պատերազմական գործողությունների։ Ադրբեջանցիները հենց սա են հասկանում, տեսնում են, որ եթե Արևմուտքին չհաջողվեց ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին, ապա պետք է Ռուսաստանի ձգտումներն ու ամրացումը Հարավային Կովկասում փորձել կառավարել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Վերջինս պնդեց՝ հիմա ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է խաղաղություն, ոչ թե ծանր փոխզիջումներ, այլ զիջումներ, որի նպատակն է հասնել նրան, որ Հայաստանը դադարի լինել ազդեցություն ունեցող գործոն, որի վերջնական նպատակը պանթուրքական ծրագրի իրականացումն է։

«ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է խաղաղություն, բայց հարց՝ ինչի՞ հաշվին։ Պնդում եմ՝ կապիտուլյացիայի, որովհետև եթե Հայաստանն իր բոլոր ռազմավարական դիրքերը զիջել է Ադրբեջանին, որը եթե նախկինում խոսում էր Արցախի մասին, հիմա խոսում է Հայաստանի մասին, և այս պայմաններում գնում են խաղաղության պայմանագրի կնքման, դա նշանակում է, որ նրանց ձեռքում են մնում Հայաստանի ռազմավարական բարձունքները, իսկ ի՞նչ է դա, եթե ոչ՝ կապիտուլյացիա. կապիտուլյացիան հո պոզով-պոչով չի՞ լինում»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս