ԱՄՆ վիճակը հիմա շատ վատ է. հայերը հետ կգան Հայաստան, եթե ապահով լինի. Ժիրայր Սվազլյան
168.am-ի զրուցակիցը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ, ջութակահար Ժիրայր Սվազլյանն է։
– Ծնվել եք Եգիպտոսում, մանկությունն ու երիտասարդության որոշակի հատված անցկացրել եք Հայաստանում, ապա մեկնել եք ԱՄՆ։ Կյանքի Ձեր գնացքը ի՞նչ ընթացքով է ընթացել, և ի՞նչ ճանապարհ եք անցել։
– Շատ դանդաղ և շատ դժվար։ Բոլոր ԱՄՆ գնացողները չէ, որ կարողանում են հաջողել և իրականացնել իրենց երազանքները։ Հատկապես, եթե մասնագիտություն ունեն, օրինակ, երաժիշտները. Լոս Անջելեսում տասնյակ երաժիշտներ կան, բայց մեկ տոկոսն է, որ երաժշտությամբ է զբաղվում, մնացածը զանազան գործեր են անում, որ գոյությունը պաշտպանեն։ Իմ դեպքը մի քիչ տարբեր է։ Ես համառ եմ՝ հորս նման։ Նրան չեմ հիշում, քանի որ վաղուց է մահացել, բայց պատգամը, որը փոխանցել է քույրս՝ ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը, այսպիսին է եղել․ «Կամք, աշխատանք և կորով՝ երեք դիրքեր են, որոնք մարդ, ծովի վրա թե հողի՝ անպայման կհաջողի»։ Սա եղել է իմ կյանքի փիլիսոփայությունը։
Երեք տարի մնացի Նյու Յորքում։ Ոչ լեզու գիտեի, ոչ գումար ունեի, ոչ մնալու տեղ։ Ահավոր վիճակում էի։ Խանութում աշխատանք գտա, այն էլ ի՜նչ աշխատանք՝ քարտեր, շաքար, ծխախոտ էի վաճառում։ Ժամը 3 դոլար 50 սենթ էր։ Ընթացքում անգլերեն սովորեցի, սկսեցի աշխատել նաև Նյու Յորքի ամենահետին նվագախմբում։ Դրան հաջորդեցին մի քանի այլ նվագախմբեր, ապա՝ Մետրոպոլիտենը։ Բայց որպես քաղաք՝ Նյու Յորքը ես չսիրեցի․ մեծ ու վտանգավոր քաղաք է։ Համերգից հետո նստում ես մետրո, չգիտես՝ կմտնես դուրս կգա՞ս, թե՞ կմտնես ու կմնաս։ Ուստի որոշեցի մեկնել Սան Ֆրանցիսկո։
– Նվագախմբում հայտնվելը հե՞շտ էր այն ժամանակ, և եթե համեմատենք այսօրվա հետ, ինչ-որ բան փոխվե՞լ է։
– Այո, փոխվել է, ավելի դժվար է։ Եթե նվագախմբում մեկ ազատ տեղ լինի՝ 500 հոգի է նվագում, ու մեկին են վերցնում։ Լավագույնից լավագույնը պետք է լինես, որ քեզ վերցնեն։ Նաև կա խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակը։ Թվում է, որ պետք է չլիներ, բայց արի ու տես, որ այդպես է։
Բայց ստացվեց այնպես, որ ընդգրկվեցի նվագախմբում, ինչպես նաև սկսեցի դասավանդել։ Այդպես սկսվեց իմ կարիերան։ Նվագախմբում ցմահ այդ գործին ես, այստեղի նման չէ․ ասում են՝ կոնկուրս պետք է նվագես։ Երաժիշտն արդեն թրծված է, ինչո՞ւ պետք է նվագի։ Այնտեղ այսպես է․ ընդունվեցիր՝ պայմանագիր են կնքում ու ամեն տարի թարմացնում։ 37 տարի աշխատել եմ Սան Ֆրանցիսկոյի օպերայի նվագախմբում, դասավանդել Կոնսերվատորիայում։
– Հետաքրքիր է, որ Կոնսերվատորիայում դասավանդելիս մի քիչ նեղվել եք, որովհետև ազատություն են տվել Ձեզ՝ դասավանդման, մեթոդների առումով, որը խորթ է եղել։ ԽՍՀՄ տարիներին մեծացած մարդու համար ազատությունը կարծես շա՞տ է եղել։
– Ոչ թե միայն ես, այլ Սովետական Միությունից եկած բոլոր ուսուցիչներն ավելի խիստ են, պահանջկոտ, ես էլ սկզբում անգիտակցորեն շարունակում էի նման մեթոդներ։ Այդպես շարունակելու դեպքում կամ պետք է աշակերտ կորցնեի, կամ չունենայի, և փոխվեցի։ Դարձա ավելի մեղմ, համբերատար, աշակերտներին քաջալերող։ Դժվար է, այնտեղ երեխաները շփացած են։ Այնքան զբաղվածություն ունեն՝ մենակ դպրոցը չէ․ լողի են գնում, սպորտի և այլն։ Երեխան ինչքա՞ն կարող է ֆիզիկապես տանել այդ բեռը։
– Հայաստանում էլ է այդպես։ Պետք է պարզեն, բացահայտեն, չէ՞, թե երեխան ապագայում ի՞նչ կարող է դառնալ։
– Այո, ցավոք, երեխաներին ծանրաբեռնում են, մեղք են։ Այսօր երեխան ուզում է կլարնետ նվագել՝ տալիս են ձեռքը, վաղն ասում է՝ չեմ ուզում սա, դաշնամուր եմ ուզում նվագել՝ տանում են։ Ծնողը պետք է կարողանա կողմնորոշվել և հետևողական լինել։ Երեխան խմորի պես է՝ ինչպես շաղես, այնպես էլ կշաղվի։
– 1975թ․ եք մեկնել ԱՄՆ։ Ինչպիսի՞ պատկերացնում ունեիք այն ժամանակ և հիմա։ Եթե լինեիք երիտասարդ՝ կրկին կգնայի՞ք։
– Ես ինձ հիմա էլ եմ երիտասարդ համարում։ Երկրորդ՝ չէի գնա, քանի որ դրությունը հիմա ավելի ծանր է։ Դժվարությունները հաղթահարելը հեշտ չէ, հատկապես որ, մենակ ես մնում։ Աշխարհի չորս կողմից գալիս են ԱՄՆ։ Աշխատանքի անցնելու առումով իմ բախտը բերեց, քանի որ Հայաստանում 10 տարի նվագել էի Օպերայում, փորձ ունեի։
– Նվագախմբում ընդգրկված երաժիշտները երբեմն ձգտում են առանձնանալ և հայտնի դառնալ։ Ձեզ մոտ այդ ցանկությունը եղե՞լ է ։
– Ոչ, որովհետև եթե ցանկանաս դառնալ մենակատար՝ ամբողջ կյանքդ պետք է պարապես, իսկ ես կյանքը սիրող մարդ եմ։ Ջութակահարներ կան, որ գիշեր-ցերեկ աշխատում են, որ իրենց մակարդակը չիջնի, ավելին՝ բարձրացնեն, որովհետև մրցակցություն է ամբողջ աշխարհում։ Ուստի դա ինձ երբեք չի հրապուրել։
– Քանի որ այստեղ աշխատանք ունեիք, ի՞նչը Ձեզ տարավ ԱՄՆ։
– Վիզաների վարչության պետն իմ հարևանն էր, դիմացի շենքում էր ապրում ու այնպիսի «օյին» խաղաց։ Ես գնացի Գերմանիա՝ արվեստագետների խմբով, ու այնտեղ հանդիպեցի մեկին, ում սիրեցի։ Սերը կույր է, և ուզեցի մի քանի ամիս հետո կրկին գնալ, բայց չթողեցին՝ ասելով, թե՝ վտանգավոր ես, կգնաս, կմնաս։ Այդ տարիներին այդպես էր՝ հատկապես հայրենադարձներին չէին վստահում, ես էլ որոշեցի ճանապարհ գտնել։ Թողեցի, գնացի, բայց ոչ մենակ․ մայրս, քույրս, եղբայրս՝ երեք երաժիշտներս։
– Երեքով հաճախ եք համերգներ ունեցել ԱՄՆ-ում, Եվրոպայում։ Առաջիններից եք եղել, ով ԱՄՆ-ում կազմակերպել է «Արշակ Բ» օպերայի պրեմիերան, և այն, կարծեմ, մի քիչ սկանդալային է եղել․ ինչո՞ւ։
– Մի քիչ չէ՝ շատ։ Սան Ֆրանցիսկոյի Օպերայի տնօրենը՝ Լոթֆի Մասուրին, պարսիկ էր, շատ տաղանդավոր մարդ, բեմադրիչ։ Հայերին շատ էր սիրում, որովհետև Իրանում հայերի մոտ էր սովորել, բոլոր ուսուցիչները հայեր էին եղել։ 25 տարի աշխատում էի այնտեղ, ու քանի որ բարյացակամ էր, ասացի՝ մի շարք օպերաներ ունենք, որոնցից երկուսը պետք է խնդրեմ լսես ու բեմադրես։
Տարա վիդեոները, պարտիտուրաները, նոտաները, բացատրությունները։ Խոսքն «Անուշ»-ի և «Արշակ Բ»-ի մասին է։ Ինքը որոշեց «Արշակ Բ»-ն բեմադրել՝ որպես առաջին դասական օպերա։ Ասաց՝ գնա 1 միլիոն դրամ հավաքիր, ես էլ կավելացնեմ ու կբեմադրեմ։ Խեղճ Ժիրայր․ ջութակահար եմ, ինչպե՞ս պետք է այդքան հավաքեի։
Անցա գործի և 18 ամսում հավաքեցի գումարը։ Հավաքված ամբողջ գումարը գնում էր Սան Ֆրանցիսկոյի Օպերայի ֆոնդ։ Այդ ընթացքում Ժիրայր Փափազյան անունով մեկը Փարիզում «Չուխաջյան» կենտրոն էր բացել, և նա այդ օպերայի խայտառակության մեխը հանդիսացավ։ Մասուրին հարցրեց, թե ինչպե՞ս կարող են ավելի խորը ճանաչել օպերայի իսկությունը, Չուխաջյանի մասին իմանալ, ասացի, որ Փարիզում մեկը կա՝ կենտրոն ունի, կապ հաստատեք, երևի կօգնի։ Իմ սխալը դա է եղել։ Կապ են հաստատում, նա էլ համոզում է, թե իմ ներկայացրած օպերան ձևափոխված է, թեման փոխված է, և այդ օպերայում Ստալինի կերպարն է արտացոլվել։ Խոսքը 1945թ․ «Արշակ Բ» օպերայի մասին է։ Վախեցնում է Լոթֆիին, հրավիրում Փարիզ, կերուխում են անում, ու համոզում է, որ այն, ինչ խոստացել ես Սվազլյանին, ի կատար չես ածելու։
Մասուրին ինձ կանչեց ու ասաց, որ իմ տվածը չի բեմադրվի։ Ասացի՝ այ ընկեր, այսքան գումար եմ հավաքել․․․ Շատ չըմբոստացա, քանի որ կարող էր ինձ գործից հանել, դժվարությամբ էի աշխատանքի անցել։ Բեմադրվեց մի խայտառակություն։ Որպես բեմադրիչ՝ բերեց իտալացի հայտնի բեմադրիչի, ով կապ չուներ հայկական երաժշտության հետ։ Արշակի դերն ինչ-որ թուրք բարիտոնի տվեցին, զգեստներն ինչ-որ չինացու տվեց, որ սարքի։ 6 անգամ գնաց այդ ներկայացումը։ Ամերիկացի ժողովուրդը, փաստացի, կարծեց, թե մարդասպան թագավոր ենք ունեցել։ Թերզյանի գրած լիբրետոն ՀՀ-ում հնարավոր չէր բեմադրել, քանի որ Արշակ Բ-ին նկարագրում է բացասական կողմից։
– 1947թ․, երբ եկել եք Հայաստան՝ Ձեր հայրը գրել է «Ներգաղթը» պիեսը՝ կարևորելով այն, որ հայերը պետք է գան Հայաստան, քանի որ այն իրենց փրկությունն է։ Դուք ի՞նչն եք համարում հայի փրկությունը։
– Նույն գաղափարն ունեմ։ Հայաստանում ապահով լինի՝ ամբողջ հայությունը կվերադառնա, ու այն կլինի աշխարհի լավագույն երկիրը․ համոզված եմ։ Բայց արի ու տես, որ քաղաքական ալիքներն անընդհատ փոփոխվում են։ Հատկապես ԱՄՆ-ի վիճակը հիմա շատ վատ է և լավանալու հույս էլ չկա։ Տարվա 7 ամիսը ես ՀՀ-ում եմ, այնտեղ անելիք չունեմ։ Ինչ էլ որ լինի՝ օտարության մեջ ես, դու քեզ օտար ես զգում։
Մանրամասները՝ տեսանյութում.