Սա ինքնիշխանության թուլացում չէ՞. Ինչո՞ւ է ԱՄՆ-ին հարկավոր ներկայացուցիչ ՀՀ ՊՆ-ում

Վերջերս ՀՀ այցելած թվով երրորդ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան հայտարարեց՝ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

«Հետք»-ի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան սա ողջունելի զարգացում էր համարել՝ նաև ողջունելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանաքաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։

«Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»,-

ասել էր Զեյան։ Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության խորացման համար, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատասխանել է․

Կարդացեք նաև

«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշում է բացառապես Հայաստանի կառավարությունը։ Մենք հարգում ենք այդ որոշումը։ Նշեմ, որ մեր համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական անվտանգության հարցերում շարունակում է խորանալ, իսկ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի անդամ։ Երրորդ և վերջին դիտարկումս․ չկա որևէ փաստարկ, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանը»։

Իսկ ապրիլին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը բացահայտել էր, որ Պաշտպանության նախարարությունում խորհրդական են ունենալու։

«Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու զարգացնել կարողությունները, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնությունը»,- ասել էր դեսպանը։

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս զարգացմանը, նշեց, որ ՀՀ անվտանգային, ռազմական բարեփոխումներ անցկացնելու քողի տակ ԱՄՆ-ը ընդլայնում է իր ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում։

Ըստ նրա, սա լինելու է բոլոր ոլորտներում, սակայն, բնականաբար, պաշտպանության, անվտանգության ոլորտն ամենաառանցքայինն են, ուստի սկսում են ՊՆ-ից։

«Սա այն նույն ժանրից է, ինչ ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ սահմաններին, հայ-ամերիկյան զորավարժությունները։ Սակայն այս դեպքում ԱՄՆ ներկայացուցիչը մուտք է գործում ՀՀ առանցքային կառույց, այնտեղ ազդեցություն սահմանում։ Սա ինքնիշխանության թուլացում չէ՞։ Հայաստանն ինքը պետք է նախաձեռներ բարեփոխումների գործընթաց պատերազմից անմիջապես հետո, սակայն որքանով կարելի է հասկանալ այն տեղեկատվությունից, որը տարածվում էր այս տարիների ընթացքում, որոշ բաներ սկսեցին վերանայվել շատ ուշ, քան պետք էր։ Իսկ ԱՄՆ ներկայացուցչի ներկայությունը ՊՆ-ում պարզապես հավելյալ ազդեցություն է, ներկայություն ՀՀ ամենակարևոր կառույցում, քանի որ ԱՄՆ-ը հայտարարել է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները բարձրացնելու են ռազմավարական մակարդակի»,- ասաց Եվսեևը։

Նա նշեց, որ հայտարարվեց ռազմավարական մակարդակի մասին և սկսվեցին միանգամից բազմաթիվ նորություններ հայ-ամերիկյան հարաբերություններում՝ բազմաթիվ այցեր, զորավարժություն, նման որոշում։

«Եվ ինչպես տեսնում ենք, ՀՀ ՀԱՊԿ անդամակցությունը, թեև այն իբրև թե սառեցված է, ԱՄՆ-ին այսօր չի խոչընդոտում, քանի որ ԱՄՆ-ին Հարավային Կովկասում այդ ներկայությունը չափազանց պետք է, քանի որ Ադրբեջանում այն չկա, Վրաստանում էլ գուցե այն փոփոխություններ կրի, ուստի գոնե Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է ազդեցություն այս երկրներում»,- նկատեց վերլուծաբանը։

Եվսեևը նշեց, որ սա Արևմուտքի գործելակերպն է այն երկրների դեպքում, որտեղ պետք է տարածի իր ազդեցությունը։

«Ազդեցության հաստատումը տեղի է ունենում քայլ առ քայլ։ Բարեփոխումների անվան ներքո ԱՄՆ-ը ներթափանցում է տվյալ երկրի բոլոր ոլորտներ սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործման համար։ Սրա փոխարեն՝ Արևմուտքը մի քանի սպառազինություն կվաճառի և կստեղծի ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու, ՀՀ-ին զինելու, ուժեղացնելու պատրանք։ Դա Արևմուտքն անում է Ուկրաինայի դեպքում շատ պատկերավոր կերպով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս