Նույնիսկ անցյալ տարվա ներդրումների առումով արձանագրված աճը մեծամասամբ կեղծ է եղել․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպի կրճատումը, տնտեսական համեստ աճը, ինչին անդրադարձել է նաև Համաշխարհային բանկն իր ամսական ամփոփագրում, պայմանավորում է ոչ միայն արտաքին գործոնների թուլացմամբ, այլև Արցախի տնտեսության կործանմամբ։
«Այդ արտաքին գործոնները, որոնք դրական էին ազդում ՀՀ տնտեսական աճի վրա, իսկապես սկսեցին թուլանալ։ Բայց թուլացումը դեռ այդքան էական չէ․ այսինքն՝ այո՛, դրանց թուլացումը պայմանավորեց տնտեսական աճի դանդաղումը, բայց մեծ հաշվով, այսօր ՀՀ տնտեսական աճը շատ համեստ է,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրանտ Միքայելյանը՝ մանրամասնելով,- Մեծամասամբ այդ աճը պայմանավորված է դրսի գործոններով, ավելին՝ այդ գործոնները թեև պայմանավորել են դրական գումարային ներհոսք, դրական շարժեր տնտեսության մեջ, բայց որոշակի երկարատև կորուստներ են բերել։ Բացի այդ՝ երկարատև կորուստներ ունենք նաև Արցախի տնտեսության կործանումով պայմանավորված, ինչը շատ դեպքերում հանրությունը չի գիտակցում»։
Տնտեսագետը դրսի գործոնների չեղարկման հետևանքով չի կանխատեսում տնտեսության լուրջ անկում, շոկային ռիսկեր, եթե դրան զուգահեռ՝ համաշխարհային տնտեսությունը չբախվի ճգնաժամի։
«Եթե այդ իրավիճակը զուգորդվի համաշխարհային ճգնաժամով, որն ակնկալվում է մոտակա 2 տարվա ընթացքում, դա կարող է արդեն իսկապես շատ լուրջ շոկ լինել ՀՀ տնտեսության համար»,- հավելեց նա՝ այս համատեքստում կարևորելով նաև այնպիսի փոփոխությունների դինամիկան, ինչպիսիք են ՌԴ սանկցիաների հնարավոր չեղարկումը, կամ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության տեսանկյունից ինչ-ինչ փոփոխությունները, և այլն։
Տնտեսական համեստ աճի մեջ ի՞նչ դերակատարում ունեն ՀՀ շուրջ անվտանգային մարտահրավերներն ու տարածաշրջանային անկայունությունը՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանն արձագանքեց համեստ ներդրումների օրինակով։
«Նույնիսկ անցյալ տարվա ներդրումների առումով արձանագրված աճը, մեծամասամբ, կեղծ է եղել, որովհետև մի ֆինանսական գործարք, որը հավանաբար ՌԴ բիզնեսն օգտագործել է Էմիրությունների միջոցով ՀՀ գումարներ հասցնելու համար, դա մեր վիճակագրության մեջ գրվել է՝ որպես խոշոր ներդրում։ Իսկ դրանից զատ՝ ներդրումները շատ համեստ են։
Ի դեպ, կտրուկ նվազել են ներդրումները Ռուսաստանից և Կիպրոսից (Կիպրոսը ևս օգտագործվում է ռուսական բիզնեսի կողմից), բայց դրան համապատասխան չկա աճ ուրիշ երկրներից, որպեսզի կոմպենսացնի դա,- մանրամասնեց տնտեսագետը՝ նկատելով, որ ռուսական ներդրումների կրճատման մեջ երկու գործոն է դեր ունեցել,- Առաջինը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մակարդակը, և երկրորդ՝ այն, որ ռուսական բիզնեսը սանկցիաների պատճառով սեղմվում է՝ ավելի շատ ակտիվություն ցուցաբերելով հենց ՌԴ-ում՝ արտաքին շուկաներ վերադառնալու վերադասավորումների համար»։
Մասնագետը, սակայն, մի փաստ արձանագրեց, որը, ըստ նրա, բավականին տարօրինակ է․ դրսի ու մասնավորապես պոտենցիալ ներդրողների ընկալումը ռիսկերի առումով շատ չի տարբերվում այժմ ու նախորդ ժամանակահատվածներում։
«Այսինքն, երբ Հայաստանն ու Արցախն անվտանգային առումով շատ ավելի ապահով էին, մեկ է՝ մեզ հետ տնտեսական գործունեության մեջ միշտ դրվում էր այդ պատերազմի ռիսկը։ Հիմա՝ տարօրինակաբար, բայց այդ ռիսկը դիտարկվում է մոտավորապես նույնը, մինչդեռ այսօր անվտանգային առումով չափազանց վատ է վիճակը»,- նշեց Հրանտ Միքայելյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրի մասին : Ըստ այդմ՝ մայիսին տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվել էր` հասնելով 5.2 տոկոսի՝ ապրիլի 10 տոկոսի համեմատ:
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվել էին 44 տոկոսով, իսկ 2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացել էին՝ հունիսին արձանագրելով աննշան գնաճ: Մայիսին շարունակվել էր ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը, նաև առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացել էր։ Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին՝ հանրագումարային բյուջեն պահպանել է հավասարակշռությունը: