Բաժիններ՝

Նոր փորձություն ու «սյուրպրիզներ»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար. Արմեն Ալավերդյանն ահազանգում է

2023 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում ներդրվել ու գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ՝ հաշմանդամության կարգի սահմանման նպատակով դիմող անձանց համար։ Իսկ արդեն այս տարվա հունվարի 1-ից ֆունկցիոնալության գնահատում կանցնեն արդեն հաշմանդամության համար կրկնակի դիմած անձինք։

Այսուհետև ոչ թե կլինի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ կարգի հաշմանդամության կարգ, այլ կսահմանվեն՝ թեթև, միջին, ծանր և խորը կարգեր։

Այս նոր փոփոխություններին բախվում են հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք, օրինակ, նոր սայլակ ստանալու համար պետք է անպայման անցնեն ֆունկցիոնալության գնահատում, այն դեպքում, երբ տվյալ անձանց առողջական վիճակում որևէ բարելավում կամ փոփոխություն տեղի չի ունեցել։

168.am-ի հետ զրույցում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը նոր փոփոխություններին և դրա հետևանքով առաջացրած խնդիրներին անդրադառնալիս՝ նախ նշեց՝ ի սկզբանե այդ փոփոխությունը վատ նպատակ չի ունեցել, քանի որ ֆունկցիոնալության գնահատումն ավելի արդիական մեթոդ է՝ մարդու հաշմանդամությունը գնահատելու համար, քան բժշկասոցիալական փորձաքննությունը, որը եղել է դեռ Խորհրդային Միության տարիներից։

Կարդացեք նաև

«Այս նոր համակարգը համապատասխանում է միջազգային չափանիշներին, հաշվի է առնում միջավայրային գործոնները։ Բայց մեզանում պրակտիկայում ավելի անհաջող լուծումներ են գտնվել մի քանի պատճառներով։

Նախ, այս փոփոխությունները պետք է վերաբերեին նրանց, ովքեր առաջին անգամ են անցնում փորձաքննությունը կամ գնահատումը, այլ ոչ թե այն անձանց, որոնք արդեն ունեն հաշմանդամության կարգ, այն էլ՝ անժամկետ։ Եթե պետությունը երաշխավորել է այդ կարգն անժամկետ, ապա որևէ մեկն այն չի կարող կասկածի տակ դնել։

Բացի այս, մեզանում ներդրել են չափից խիստ չափանիշներ՝ մեր վիճակին չհամապատասխանող և ոչ այդքան միջազգային չափանիշներին համապաատասխան։ Ավելին՝ այն անձինք, որոնք ձեռք են բերել հաշմանդամություն և անցնում են ֆոնկցիոնալության գնահատում, նրանց կարգը միշտ, չգիտես ինչու, իջեցնում են։ Հիմա, եթե ես փաստացի անցնեմ այդ ֆունկցիոնալության գնահատումը, որ փաստացի չեմ քայլում, երկար տարիներ օգտագործում եմ սայլակ, մեծ է հավանականությունը, որ իմ առաջին կարգը կփոխարինվի երկրորդ կարգով, ինչը, իհարկե, անընդունելի է»,- նշեց Արմեն Ալավերդյանը։

Ի դեպ, նույն այս խնդրով վերջերս 168.amին դիմել էրԱրցախից երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ: Նա ահազանգում էր, որ իր պրոթեզը փոխելու համար պահանջում են անցնել ֆունկցիոնալության գնահատման համակարգով, այն դեպքում, երբ «այս տարիների ընթացքում անդամահատված ոտքով է, և որևէ փոփոխություն չի եղել»։

Արմեն Ալավերդյանի խոսքով՝ այսօր որևէ մեկը չի կարող ստիպել արդեն հաշմանդամության, ենթադրենք, առաջին կարգ ունեցող անձին անցնելու ֆոնկցիոնալության գնահատում։ Սակայն առանց այդ գնահատման՝ անձը չի կարող ստանալ, օրինակ, սայլակ կամ քայլակ, դրանք ստանալու համար ֆունկցիոնալության գնահատում պետք է անցնել։

«Այդ գնահատումը չացնելու դեպքում ոչ միայն չեմ կարող ձեռք բերել նոր սայլակ, այլև չեմ կարող օգտվել մի շարք ծառայություններից, օրինակ, անձնական օգնականի տրամադրման ծառայությունից։ Այսինքն՝ եթե ես ուզում եմ օգտվել բոլոր ծառայություններից, պետք է անցնեմ այդ գնահատումը, այսպես ասած՝ ռիսկի տակ դնեմ իմ կարգավիճակը»,- շեշտեց Ա. Ալավերդյանը։

Ըստ Արմեն Ալավերդյանի, այս հարցի լուծումն իր տարբերակով այնպես պետք է լինի, որ հաշմանդամության առաջին կարգը բոլոր դեպքում պետք է պահպանվի, և այդ հարցը չպետք է քննարկվի։

«Օրինակ ես, եթե նախկինում սովորական սայլակից էի օգտվում, հիմա տարիքս թույլ չի տալիս, պետք է օգտվեմ էլեկտրականից, որն ավելի թանկարժեք է, ուրեմն՝ ես պատրաստ պետք է լինեմ անցնել ֆունկցիոնալության ցանկացած գնահատում՝ առանց կարգավիճակի փոփոխման։

Այս բոլոր խնդիրների վերաբերյալ մեր կազմակերպությունը կարողացել է բարձրաձայնել միայն լրատվամիջոցներով, սոցցանցերում։ Սակայն կա հասարակական կազմակերպություն, որը, եթե չեմ սխալվում, հանդես է եկել դատական հայցով, չգիտեմ՝ սա ինչ ընթացք կստանա։ Խնդիրն այն է, որ մենք չպետք է е-dtraft կայքում անընդհատ մոնիտորինգ անենք, որպեսզի տեսնենք՝ ինչ նոր փոփոխություններ, «սյուրպրիզներ» են սպասվում մեզ։ Ոլորտում կան բազմաթիվ փորձագետներ, որոնց շատ հեշտությամբ կարող են հրավիրել ու լսել փոփոխությունների վերաբերյալ նրանց կարծիքը։ Կոնկրետ մեզ հետ նման հարաբերություններ չկան, փոփոխություններն ընդունվում են ու մեզ կանգնեցնում փաստի առաջ։

Ստանում ենք բազմաթիվ բողոքներ, պետք է փոփոխություններ անեն, ի վերջո, այս հարցում»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս