Բաժիններ՝

«Սլանում» են դեպի Եվրոպա, բայց եվրոպացի լավագույն փորձագետների կարծիքը հաշվի չեն առնում. Արմեն Ալավերդյան

Արդեն 2 տարի է՝ Հայաստանում գործում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ, ինչը ենթադրում էր, որ անձի ֆունկցիոնալության գնահատում են անցնում նաև հաշմանդամության կարգի համար կրկնակի դիմած անձինք։

Այս համակարգը ներդնելուց հետո «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը բազմիցս հայտարարել է, որ ներդրված չափանիշները չափից ավելի խիստ են, ոչ այդքան միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ այդ փոփոխությունները պետք է վերաբերեն ոչ թե բոլորին, այլ այն անձանց, որոնք առաջին անգամ են անցնում հաշմանդամության կարգի։

Մարդը, որը տարիներ շարունակ ունի առաջին կարգի հաշմանդամության խնդիրներ, այդ համակարգն անցնելուց հետո չի կարող ունենալ, օրինակ, երրորդ կարգի հաշմանդամության կարգ։

Չնայած մեկ տարուց ավելի է՝ այս խնդիրների մասին Արմեն Ալավերդյանը բարձրաձայնում է, սակայն դրանք մինչև օրս որևէ լուծում չեն ստացել։

Կարդացեք նաև

«Այս խնդրի հետ կապված որևէ նորություն կամ փոփոխություն չկա։ Որևէ բան չեն անում, ես իմ գործառույթների շրջանակներում բարձրաձայնում եմ բոլոր խնդիրները, առաջարկներ եմ ներկայացնում։ Կարճ ասած՝ չեմ տեսնում պատրաստակամություն, որ մեր ձայնը լսելի լինի։

Դե, հիմա Հայաստանում Եվրոպա են գնում, չէ՞, «սլանում» են դեպի Եվրոպա, բայց երբ նույնիսկ բերում եմ եվրոպական լավագույն փորձագետների, որոնք ամբողջ կյանքը, կարելի է ասել, օգտվում են այս սոցիալական համակարգից, նման համակարգ առկա է, օրինակ, Շվեդիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում, չեն ընդունում նրանց արտահայտած կարծիքները։ Ես բոլորի կարծիքը ներկայացրեցի, խնդրեցի գոնե որոշակի փոփոխություններ արվեն այս նոր կարգերի մեջ, հաշվի առնեն լավագույն փորձը, բայց, ցավոք, այդ ամենն անտեսվեց։ Խոսքն այն ժամանակ վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականների հարցին»,- 168.amհետ զրույցում նշեց Արմեն Ալավերդյանը։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանից, հնարավոր կլինի՞ որևէ խնդիր լուծել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ակնկալիքներ ունենալ չի սիրում։

«Կտեսնենք նախարարի աշխատանքը, եթե թափանցիկ ու արդար աշխատեց, պատրաստակամ՝ աշխատելու նաև հասարակական կազմակերպությունների հետ, այդ ժամանակ այդ ամենը կտեսնենք ու կհասկանանք՝ մեկնաբանելու բան ունե՞նք, թե՞ ոչ։ Առայժմ որևէ բան չեմ կարող ասել»,- ընդգծեց Արմեն Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս