Դրամատիկ ընտրական շրջափուլ ԱՄՆ-ում՝ պարտված նախագահական դեբատ, մահափորձ․ ի՞նչ սպասել ամերիկյան ընտրություններից ու դրանց արդյունքներից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձը Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ ցնցել է ողջ աշխարհը, ինչպես նաև խառնել ԱՄՆ նախընտրական բոլոր խաղաքարտերը։

Նախ հայտնենք, որ Թրամփի վիրավորվել է ականջի հատվածում, իսկ նախկին նախագահի համակիրներից մեկը զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Անվտանգության ծառայողները կրակել են հարձակվողի վրա և վնասազերծել նրան։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և երկրի մի քանի նախկին ղեկավարներ խստորեն դատապարտել են քաղաքական բռնությունները. շատ հարցեր կան գաղտնի ծառայությունների համար, որոնք բաց են թողել կրակոցը և տեղի ունեցած միջադեպը։

Հանրահավաքից տարածվող տեսանյութում լսվում են մի քանի կրակոցներ, որից հետո Թրամփը ձեռքը մոտեցնում է ականջին և թաքնվում ամբիոնի ետևում, անվտանգության աշխատակիցները շտապում են նրա մոտ։ Մեկ րոպե անց նախկին նախագահին անվտանգության աշխատակիցները հեռացնում են բեմից։

Կարդացեք նաև

Նահանգներում տեղի ունեցածն ակտիվորեն քննարկում են ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում, այլև հայկական սոցցանցերում և մամուլում՝ մինչև անգամ տեղի ունեցածի մեղավորների մատնանշելով։

Հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները գոնե հրապարակային դաշտում գրավել են հակառուսական կեցվածք և փորձում են հարաբերությունները սերտացնել Բայդենի վարչակազմի հետ, որն էլ իր հերթին՝ ունի աշխարհաքաղաքական ծրագրեր՝ կապված հարավկովկասյան ռեգիոնի և Կենտրոնական Ասիայի հետ, ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ Թրամփի նկատմամբ մահափորձի փաստը կարևորվում է նաև հայաստանյան հասարակության, փորձագիտական համայնքի ու քաղաքական դաշտի համար։ Որքան էլ շատ են հեղինակավոր վերլուծաբանների պնդումները, թե նախագահի փոփոխությունից ԱՄՆ արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխություններ չի կրի, սակայն Թրամփի ու Բայդենի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տեսակետները տարբեր են՝ ինչպես աշխարհաքաղաքական ամենաթեժ հարցերի, այնպես էլ՝ փոքր ռեգիոնալ խնդիրների վերաբերյալ։ Միայն հանգամանքը, որ Թրամփն առաջարկում է կենտրոնանալ Միացյալ Նահանգների ներքին խնդիրների լուծման վրա, իսկ Բայդենի վարչակազմը և կուսակցությունն ավանդաբար հակադիր քաղաքականություն է ունեցել, որը ՌԴ-Արևմուտք ներկայիս պատերազմի փուլում ամենաակտիվ փուլում է։

Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը վաղ է համարում կանխատեսումները ընտրությունների արդյունքների վերաբերյալ, սակայն նաև գտնում է, որ ընտրություններին ընդառաջ ներկայիս շրջափուլը բավականին դրամատիկ ընթացք ունի։

Ըստ նրա, չնայած դեռ վաղ է, սակայն ամեն ելք հնարավոր է, աշխարհաքաղաքական զարգացումների այս փուլում փոփոխությունները կարող են էական փոփոխությունների հանգեցնել նաև աշխարհաքաղաքական միջավայրում։

«Ի վերջո, ԱՄՆ որոշումներից, որը կայացնում է իշխող թիմը, շատ բան է կախված լինում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ներկայիս վարչակազմը չի վայելում, օրինակ, Ռուսաստանի համակրանքը, ի տարբերություն մյուս թեկնածուի, թեև ՌԴ-ում այդ մասին ուղիղ ու հրապարակային չեն խոսում։ Ընտրությունների արդյունքներից կախված գուցե փոփոխություններ լինեն տարածաշրջանացման քաղաքականության ծրագրերում, և ԱՄՆ ազդեցությունը նվազի և ռեգիոնալ ուժերի ազդեցությունը մեծանա։ Սա հակասում է ԱՄՆ ներկայիս քաղաքականությանը»,- 168am-ի հետ զրույցում ասաց նա։

Վերջինս կարծում է, որ նման սցենարները կարող են ազդել նաև Հարավային Կովկասի վրա։ «Բացի այդ, կառաջանան որոշակի տարաձայնություններ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում։ Վերջին տարիներին, օրինակ, Հարավային Կովկասում Արևմուտքի դիրքերն ամրապնդվել են նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հաջողվել է միասին աշխատել այս ռեգիոնում։ Սակայն ԱՄՆ-ում նախագահական փոփոխությունները, հատկապես՝ հեռավոր ռեգիոններում, ԱՄՆ ազդեցության նվազում են ենթադրում ամենայն հավանականությամբ»,- ասաց նա։

Ստյուարտը գտնում է, որ սա իր հերթին՝ կանդրադառնա բանակցային գործընթացի և ռեգիոնալ բանակցային գործընթացների վրա, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա, ՀՀ-ՌԴ, ՀՀ-Իրան հարաբերությունների վրա։

Տեսանյութեր

Լրահոս