Ինչո՞ւ են Մակրոնն ու Էրդողանն անդրադարձել ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այցելել է ԱՄՆ, որտեղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ըստ Ելիսեյան պալատի՝ Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը՝ ուղղված խաղաղության պայմանագրին հնարավորինս շուտ հասնելուն, որը, Ֆրանսիայի նախագահի համոզմամբ, կարող է նոր էջ բացել տարածաշրջանի համար: Էրդողանի հետ հանդիպմանը Մակրոնը նաև ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ զարգացնելու Թուրքիայի հետ երկկողմ օրակարգը։

Թուրքական Anadolu գործակալությունն էլ նշում է, որ Էրդողանը, իր հերթին, ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։ Երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի, Իսրայելի և Պաղեստինի հակամարտության հարցեր էին։

Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած իր երեկվա մամուլի ասուլիսում Էրդողանն էլ նշել էր, որ Անկարան, բնականաբար, ցանկանում է համաձայնագրի ստորագրում և խաղաղության հաստատում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ շեշտելով՝ Փաշինյանից այս ուղղությամբ դրական քայլեր են տեսնում։

«Մենք ցանկանում ենք տեսնել այս հաշտությունը որքան հնարավոր է շուտ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպում։ Բլինքենը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, թեև եռակողմ հանդիպումից հետո ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության կամ արդյունքի վերաբերյալ այդպես էլ որևէ հայտարարություն չհնչեց։

Երևանն առաջարկել է Բաքվին մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։

Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, իսկ Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, սակայն հայտարարում է նաև այն փոփոխելու անհրաժեշտության մասին։

168.am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ Մակրոն-Էրդողան հանդիպման օրակարգում Հարավային Կովկասի, մասնավորապես՝ ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի թեմայի ընդգրկումն ինչ-որ անսպասելի բան չէ, քանի որ հնարավոր համաձայնագիրն իր հետ բերելու է ռեգիոնալ փոփոխություններ։

Ուստի, ըստ նրա, ռեգիոնի հետ կապ ունեցող բոլոր խաղացողները քննարկում են, դիրքորոշումներ համաձայնեցնում կամ բանակցում, դիրքավորվում, հատկապես, երբ նրանցից շատերը փորձել են ազդել գործընթացի վրա, ուղղորդել այն։

«Հարցը քննարկվում է թուրք-ամերիկյան, ռուս-թուրքական, ռուս-իրանական և իրան-թուրքական, ինչպես նաև արտատարածաշրջանային այլ երկրների ներկայացուցիչների հետ քննարկումներում։ Դա բնական է, քանի որ ռեգիոնի վերջնական «բացումից» հետո ռեգիոնի կապը՝ տնտեսական, առևտրային, քաղաքական, այլ ռեգիոնների հետ ընդլայնվելու է, ազդեցությունները փոխվելու են։ Սա էլ ինքնին աշխարհաքաղաքականությունն է»,- նկատեց վերլուծաբանը։

Աքթարի կարծիքով, հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական հարաբերություններում փոփոխությունը ևս գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի ուշադրության կենտրոնում։

«Ուստի կարծում եմ, որ այդ հարցը ևս քննարկվել է, թեև այդ մասին կարծես հրապարակային հաղորդագրություններում որևէ անդրադարձ չկար։ Այդ տեսանկյունից ռեգիոնում Ֆրանսիայի նոր դերն այնքան էլ չի գոհացնում շատերին, սակայն, այնուամենայնիվ, Ֆրանսիան Թուրքիայի համար կարևոր գործընկեր է Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և ԵՄ-ում»,- նկատեց նա։

Ըստ վերլուծաբանի, անհանգստացնողն այն է, որ որքան էլ բոլորը խոսում են համաձայնագրի ստորագրման և այն շուտափույթ ստորագրելու մասին, այն չի ստորագրվում, և անընդհատ նորանոր բարդ թեմաներ են նետվում դաշտ, ինչպես նաև բանակցային սեղան, որոնք հետաձգում են հարցը։

«Բացի համաձայնագիրը, պետք է նշել, որ հայ-թուրքական սահմանը չի բացվում, հայ-թուրքական հարաբերությունները չեն վերականգնվում, քանի դեռ այդ համաձայնագիրը ստորագրված չէ, ինչը նշանակում է, որ, ի վերջո, դա հայ-թուրքական հարաբերությունների համար նախապայման է։ Իրականում, հենց այս իրական խնդիրները պետք է քննարկվեն բարձրաստիճան հանդիպումների ժամանակ, սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, դրանք չեն քննարկվում, դրանց լուծումներ չեն տրվում, այլ հարցերը ժամանակի ընթացքում են լուծվում տարբեր եղանակներով»,- ասաց նա։

Աքթարն արձանագրեց նաև ուշագրավ փուլ ՌԴ-Թուրքիա և Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում։

Թուրքիան, նրա խոսքով, Արևմուտքի հետ կոնտակտներն ակտիվացրել է մի շարք հարցերի ուղղությամբ, իսկ Ռուսաստանի հետ փոխըմբռնման մթնոլորտը թուլացել է, երկար ժամանակ է՝ տեղի չի ունենում ՌԴ նախագահի այցը Թուրքիա, որի մասին հայտարարվել էր, ինչպես նաև ՌԴ-ն Թուրքիային չի դիտարկում Ուկրաինայի հարցով միջնորդ։

«Կարծում եմ՝ սրանք ժամանակավոր դիվանագիտական ճոճանակներ են»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս