«Հպարտ քաղաքացիներ»՝ առանց պետության

Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության հրաժարականի պահանջն ընդդիմությունը հիմնավորում է 2021թ․ ընտրություններում տրված խոստումները, ապա դրանցով ձևավորված կառավարության ծրագիրը չկատարելու, ամբողջությամբ տապալելու իրողությամբ։

Դա, իհարկե, այդպես է, իշխանությունը տապալել է իր նախընտրական խոստումները, ավելին՝ կատարել է դրանց տրամագծորեն հակասող քայլեր (Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում)։ Եվ սա միանգամայն բավարար հիմք է իշխանությանն անվստահություն հայտնելու համար։

Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ առանց համապատասխան քաղաքական գործիքակազմի ու հանրային ճնշման՝ այս հիմնավորումը՝ որքան էլ ծանրակշիռ, բավարար չէ կառավարության հրաժարականին հասնելու համար։

Բայց գործող իշխանության խնդիրը վերջին ընտրությունների համատեքստում դիտարկելու պարագայում չափազանց կարևոր է նաև այն հռչակումների քննարկումը, որոնք չեն հնչել՝ որպես դասական նախընտրական խոստումներ, բայց կատարվել են այնպես ու այնքան, որ ապահովել են բոլոր նախընտրական խոստումների տապալումն ու, ի վերջո, պետության գահավիժման արագացումը։

Կարդացեք նաև

2021թ․ ընտրությունների ժամանակ, նախորդիվ տարիներին արդեն նախկինների դեմոնիզացման քարոզչության արդյունավետության թուլացման պատճառով, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «էլիտաների դեմ պայքարելու» հայտարարություններով։ Նա իր իշխանության բոլոր ընդդիմախոսներին հռչակեց որպես «էլիտա»՝ իրեն բնորոշ ձևով սևացնելով նրանց և ընտրություններում իր կուսակցության՝ ՔՊ-ի հաղթանակը որակեց՝ որպես «ժողովրդի հաղթանակ էլիտայի դեմ»։

Դրան հաջորդած երեք տարիներին Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ՝ բոլոր տեսակի վերնախավերին, նրանց ներկայացուցիչներին վարկաբեկելու, արժեզրկելու ու դեպի լուսանցք մղելու ճանապարհով՝ դա ներկայացնելով՝ որպես «իշխանության ու ժողովրդի» միասնություն։ Պոպուլիստական քարոզչության տեսանկյունից այս հռչակումները գուցե արդարացնում են իրենց, «հպարտ քաղաքացիներին» դուր է գալիս, որ իշխանությունն իրենց նույնացնում է իր հետ՝ առանց «փտած էլիտաների»։

Բայց պետության դիմադրողականության, պետականության ամրապնդման հարթությունում էլիտաների դեմ պայքարն ու հաղթանակը նրանց նկատմամբ գործնականում հավասար է պետության դեմ տարած հաղթանակի։ Երկիրը սովորական ֆունկցիոնալ համակարգից պետություն է դառնում հենց էլիտաների, որոշումների կայացման գործընթացում նրանց իրական ազդեցության շնորհիվ։ Ամենատարբեր վերնախավերն են, որ գոյացնում են այն բազիսը, որի վրա հիմնվում է ժամանակակից երկրների կենսունակության ու մրցունակության համար անհրաժեշտ համարվող «խորքային պետությունը»։

Առանց խորքային պետության, երկիրը պայմանականորեն դառնում է «մակերեսային պետություն»՝ գրեթե ամբողջությամբ զրկվելով ներքին դիմադրողականությունից ու ինքնապահպանման ռեֆլեքսներից։ Իսկ մակերեսային պետությունը Նիկոլ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է՝ հանրությանը ներարկելու «իրական Հայաստանի» իր պարզունակ հայեցակարգը, որը կարող է գործել անգամ պետության չգոյության պայմաններում։

Իրական էլիտա դառնալ չկարողանալու պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել էլիտաներին ու նրանց գոյության անհրաժեշտության ընկալումն ընդհանրապես՝ այդպիսով ամրապնդելով իր իշխանությունը, որը խորքային պետության պարագայում չէր կարող գոյություն ունենալ ըստ սահմանման։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս