Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո, կարծում է Մակրոնը
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ինտելեկտի վերաբերյալ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հուլիսի 4-ին տեղի ունեցան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքում ջախջախիչ հաղթանակ տարավ լեյբորիստական կուսակցությունը։ Խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը ստանձնում է երկրի վարչապետի պաշտոնը և ձևավորում կառավարություն։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ և երկրի Պահպանողական կուսակցության ղեկավար Ռիշի Սունակը հաստատել էր, որ հեռանում է վարչապետի պաշտոնից խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Նա զանգահարել է լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերին՝ շնորհավորելով նրան հաղթանակի կապակցությամբ: