Փաշինյանի հերթական «արշավն» Էրդողանին ընդառաջ․ ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան
Հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում վերջին շրջանում նորությունների, Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների միջև հանդիպումների բացակայության, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների չիրականացման և ամենաբարձր մակարդակով Թուրքիայի կողմից նախապայմանների հռչակման ֆոնին հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը նրան է շնորհավորել գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
«Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները»,- ասված էր հաղորդագրությունում։
Սրանից երեք օր անց՝ հունիսի 21-ին, ՀՀ ԱԳՆ-ն ըստ էության արեց այն, ինչի ուղղությամբ, տևական ժամանակ է, ջանքեր է ներդնում Էրդողանի վարչակազմը։ ՀՀ ԱԳՆ-ն ճանաչեց Պաղեստինը՝ որպես պետություն։ Թուրքիայի ԱԳ նախարարությունն այս գործընթացը հռչակել է արշավ իր արտաքին քաղաքականությունում։ «Վերահաստատելով ՀՀ հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի Պետությունը»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ-ն Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո։
Հունիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Հունիսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձավ Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։Էրդողանը մասնավորապես նշեց․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։ Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»։
Այսօր էլ Տալինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ–ի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները»։
Ժամանակ առ ժամանակ կատարելով Թուրքիայի իշխանություններին ընդառաջ քայլեր՝ փաշինյանական իշխանությունը դեռ հույսեր է տածում, որ թուրք իշխանությունները, գնահատելով իրենց «բարի կամքը», կփոխեն Թուրքիայի ազգային շահերն ու ռազմավարական որոշումները՝ բացելով հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների և գլխավորապես առանց ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրման ու Ադրբեջանի մնացած պահանջների կատարման։
Վերջին տարիների հայ-թուրքական բանակցությունները ցույց տվեցին, որ Թուրքիան, որն անձամբ է փակել Հայաստանի հետ իր սահմանը, չի բացում սահմանը նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար այն դեպքում, երբ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հատուկ բանագնացների բանակցությունների ընթացքում։ Սակայն, ինչպես երևում է, Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն իրենց «հույսը չեն կորցնում» և պատրաստ են անընդհատ Թուրքիային ընդառաջ քայլեր կատարել, ինչպիսին էր միարժեքորեն Պաղեստինի Հանրապետության ճանաչումը թուրքական կողմի հորդորով։
Փաշինյանի իշխանության կայացրած որոշումները, իհարկե, բարդ է մեկնաբանել կամ պարզաբանել․ դժվար է հասկանալ՝ ինչպես է ստացվում, որ 44-օրյա պատերազմում ուղիղ ռազմական մասնակցություն ունեցած Էրդողանին ընդառաջ Փաշինյանը չի դադարում քայլեր նախաձեռնել, իբրև թե «հավատալով» թուրքական քաղաքականության ադեկվատությանը, սակայն առանձնակի արմատականություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ու ՀԱՊԿ անդամ երկրների հարցում՝ ամենաբարձր մակարդակով ՌԴ-ին մեղադրելով Արցախն Ադրբեջանին հանձնելու մեջ։
Այս տարիների ընթացքում երբևէ, որևէ անգամ Փաշինյանը որևէ կերպ չմեղադրեց Թուրքիային 44-օրյա պատերազմում Արցախի ու ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի, նախապայմանների, հայ-թուրքական սահմանը չբացելու մեջ։ Սա ամենևին չի նշանակում, թե Ռուսաստանը վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի համար կատարյալ դաշնակից է եղել, հայ-ռուսական հարաբերությունները ձևավորված են շահերի ամենաբարդ համակարգի վրա, սակայն Ռուսաստանին ներկայացնել թշնամի, ՀՀ բոլոր խնդիրները բարդել Ռուսաստանի վրա, իսկ Թուրքիային ներկայացնել պարզապես բարդ հարևան, չառաջադրել Թուրքիային որևէ խնդիր, կատարել Թուրքիայի բոլոր պահանջները, մեղմ ասած, արդար չէ։ Սակայն ՀՀ իշխանությունների դեպքում, թերևս, ոչ զարմանալի։
Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքականությունը կառուցում են իրենց անձնական ակնկալիքների ու հույսերի վրա՝ մտածելով, թե Թուրքիան կբացի սահմանը, այնինչ Թուրքիան իր նախապայմանների մասին հայտարարել է ոչ այսօր, ոչ էլ երեկ, այլ տասնամյակներ շարունակ։
Ըստ նրա, ՀՀ իշխանությունները նաև կարծում էին, թե ԼՂ հարցի չբարձրացումն իրենց կողմից, այդ հարցի մասին մոռանալը, հանրային, քաղաքական դիսկուրսից այդ հարցի դուրսբերումը պարզապես բավական է լինելու, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի։
«Սակայն, ինչպես երևում է, Թուրքիան և Ադրբեջանը հստակ պատկերացնում են, որ ամենակարևորը ստորագրված թուղթն է, որն ամրագրելու է իրենց բոլոր հաղթանակները։ Բացի այդ, կարծում եմ, Խաղաղության համաձայնագրից ոչ պակաս, եթե ոչ ավելի մեծ կարևորություն է ներկայացնում ռեգիոնի համար ռեգիոնալ ճանապարհների հարցը։ Ինչպես գիտենք, այս ճանապարհների հարցում Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքը հետապնդում են Զանգեզուրի երթուղին, չնայած ՀՀ-ում շատերը պնդում էին, որ դա Ռուսաստանն է ցանկանում։ Այնինչ ներկայումս երևում է հստակ, թե ինչ ուղղությամբ է իր աշխարհաքաղաքական շահերը տանում Ռուսաստանը, և դա ամենևին այդ երթուղին չէ»,- ասաց վերլուծաբանը։
Արեշևը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական շահառուներին տեսնում է Արևմուտքի տեսքով։
«Արևմուտքին իր շահերի լիարժեք առաջմղման համար հարկավոր է թե հայ-ադրբեջանական, թե հայ-թուրքական խնդիրների վերացում, սակայն երկու ուղղությամբ էլ տեղի չի ունենում դասական բանակցություն, որը կրկին կարող էր տարիներ պահանջել, այլ ՀՀ իշխանությունները փորձում են խնդիրները վերացնել, իրենց կողմից կատարել քայլեր, որոնք պատասխան քայլերի չեն արժանանում, ինչը տեղի է ունենում միջպետական ստանդարտ հարաբերություններում կամ բանակցությունների ընթացքում։
Բնականաբար, հարաբերությունների բնականոն բնույթ չի լինելու նաև խաղաղության համաձայնագրի ստորագրումից կամ սահմանների բացումից հետո։ Սակայն հայկական կողմին դա կարծես չի անհանգստացնում, քանի որ դա արտոնված է Արևմուտքի կողմից»,- ասաց Արեշևը։ Արեշևը չի գտնում, թե Թուրքիան սահմանը կբացի հիմա։
«Կարծում եմ՝ Պաղեստինի ճանաչումից հետո ՀՀ իշխանությանն ուղղված հեռակա շնորհակալությունն առավելագույնն է այս փուլի համար»,- նկատեց նա։