Գործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ
Փաշինյանը մեծ հանդիսավորությամբ անոնս արեց, և դրանից հետո 2022 թվականին Հայաստանում ստեղծվեց Փաշինյանին ենթակա արտաքին հետախուզական ծառայություն, ղեկավար էլ նշանակվեց նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
Ծառայությունը ստեղծողների համոզմամբ և պնդմամբ՝ այն Հայաստանին անհրաժեշտ է մի քանի պատճառով՝ նպաստելու է.
– հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացմանը,
– դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրականացմանը,
– տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ նպաստելու է բազմաբնույթ հետախուզական հանրության բնականոն ստեղծման հրամայականին։
Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումից անցել է մոտ երկու տարի, բյուջեով այս ծառայությանը հատկացվել է հսկայական գումար, բայց արի ու տես, որ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում դեռ առկա են թափուր հաստիքներ այն պարագայում, երբ փողի կարիք այս Ծառայությունը չունի։
Քանի որ փողը կա, իսկ աշխատողը՝ ոչ, Քրիստինե Գրիգորյանը որոշել է բյուջեով որպես աշխատավարձ ու պարգևավճար հատկացված գումարն ուղղել աշխատողներով չհամալրված Արտաքին հետախուզական ծառայության շենքային պայմանների բարելավմանը և ոչ նյութական հիմնական միջոցների ձեռքբերմանը։
Նշենք, որ 2024 թվականի բյուջեով Արտաքին հետախուզության ծառայության շենքային պայմանների բարելավման համար հատկացվել է 22 միլիոն 632 հազար դրամ։
Ծառայությունն անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու համար նախատեսված է 200 միլիոն դրամ։
Հիմա պարզվում է՝ այդ գումարը բավարար չէ. Գրիգորյանն առաջարկում է նաև 53577.0 հազ․ դրամ հատկացնել Ծառայության շենքային պայմանների բարելավման նպատակով, 40000.0 հազ. դրամ՝ տեխնիկական սարքավորումներ գնելու նպատակով։
Թե աշխատողների համար նախատեսված աշխատավարձի և պարգևավճարի գումարն այլ նպատակով ծախսելուց հետո, երբ Ծառայության թափուր հաստիքները համալրվեն, ինչպե՞ս են աշխատողներին աշխատավարձ և պարգևավճար վճարելու, Գրիգորյանի ներկայացրած նախագծում ներկայացված չէ, արդյո՞ք հիմա էլ աշխատավարձի համար բյուջեից հավելյալ գումար չեն պահանջի։
Նշենք, որ Ֆինանսների նախարարությունն առարկություն է ներկայացրել և ըստ դրա՝ պարզաբանման կարիք ունի Արտաքին հետախուզական ծառայության բյուջեով նախատեսված թերակատարումների հարցը, ինչպես նաև՝ հետագայում աշխատավարձերի վճարման գծով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության հարցը: