Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ, այդ թվում՝ առանց նախապես պատշաճ զգուշացնելու, հատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում տասնյակ խաղաղ ցուցարարների թվում լուրջ վիրավորումներ են ստացել նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։
2020 թվականի ողբերգական պատերազմի ավարտից 4 տարի անց Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ: Ոչ թե ուղղակի ցանկանում է, այլ դրա համար պատրաստ է և դիմում է բոլոր հնարավոր ու անպատկերացնելի նվաստացումների՝ համաձայնելով կատարել Ադրբեջանի/Թուրքիայի, իրենց շահերի բերումով վերջիններիս պաշտպանող բազմաթիվ այլ երկրների պահանջները։ Բայց հենց ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է, որ այդ պայմանագիրը կնքելուց հետո էլ ինքը չի կարող երաշխավորել, որ նոր պատերազմ չի լինի: