Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն արագացնում են․ Արեշև
«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան սատարում են Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը»,- այս մասին ասված է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի ղեկավարների՝ Փարիզում կայացած հանդիպումից հետո հրապարակված «Ֆրանս-ամերիկյան ճանապարհային քարտեզում»:
Խաղաղությունը Հարավկովկասյան տարածաշրջանում, Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի համոզմամբ, պետք է հիմնված լինի «միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»: Պաշտոնական Վաշինգտոնը և Փարիզը սատարում են «հետագա ինտեգրացիան Հարավային Կովկասում՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի ժողովրդի»:
Բայդենի և Մակրոնի տարածած հայտարարությունը ծավալուն է, անդրադառնում է մի շարք ռեգիոններին, Ուկրաինայում և Վրաստանում ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց նվիրվածությունը՝ կանգնելու Վրաստանի ժողովրդի հետ նրա եվրաատլանտյան ձգտումներում»:
«Նախագահները հորդորում են «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության իղձերը՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի»,- ասված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթում:
Ի դեպ, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններ են՝ Ռուսաստանի հետ միասին, որոնց լուծարումն է պահանջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Օրերս նա նույնիսկ հայտարարեց, որ դիմել է Երևանին առաջարկով՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևի գնահատմամբ՝ հայտարարությունն ուշագրավ էր և ցույց էր տալիս, թե Արևմուտքն աշխարհաքաղաքական որ ռեգիոններին է ուշադրություն դարձնում։ Նա մատնանշեց, որ, ինչպես կարելի էր սպասել, հայտարարության առաջին բաժնում շուրջ չորս կետ նվիրված էր Ուկրաինային, իսկ Հարավային Կովկասին հետագա բաժիններից մեկում՝ մի քանի նախադասություն միայն։
«Այս հայտարարությունն ամենևին էլ Հարավային Կովկասի մասին չէր, այլ Ուկրաինայի և ֆրանս-ամերիկյան հարաբերությունների մասին։ Հայաստան-Ադրբեջան գործընթացի համար այս մի քանի նախադասությունները ոչինչ չեն նշանակում, ոչինչ չեն ենթադրում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ընդգրկվել են ստանդարտ ձևակերպումներ՝ առանց հաշվի առնելու իրավիճակի առանձնահատկությունը, ռեգիոնում ուժային անհավասարակշռությունը և ուժի դիմելու հավանականությունը։ Ուստի կարելի է ասել, որ ընդամենը Հարավային Կովկասը ներառվել էր այդ ռեգիոնին՝ անդրադառնալու և այն նշելու համար՝ որպես համատեղ շահերի ու ազդեցության ռեգիոն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արեշևը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմային, ապա, Արեշևի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը եղել է ադրբեջանական կողմի ցանկությունը միշտ, քանի որ դրա շրջանակում լուծումները ենթադրվում էին՝ որպես բալանսավորված և փոխզիջումային։ Իսկ ըստ Արեշևի, պատերազմի արդյունքներով Ալիևը կարողացավ դեմ գնալ այդ տրամաբանությանը մինչ այսօր։
«Պետք է արձանագրել, որ այդ տրամաբանությունը շարունակվում է, սակայն ՀՀ-ի նոր գործընկերներն Արևմուտքում չեն կարողանում դա փոխել, թեև ՀՀ իշխանությունները մեծ դժգոհություն ունեին Ռուսաստանից, որը, ըստ նրանց, իբրև թե չճանաչեց ՀՀ տարածքը կամ չպաշտպանեց ՀՀ-ն։ Թեև ԵՄ դիտորդները, որոնցից ՀՀ իշխանություններն այդքան գոհ են, ևս որևէ դերակատարություն չունեն։ Ընդհանուր առմամբ, ռեգիոնի վիճակը բավականին բարդ է շարունակում մնալ։ Սակայն Արևմուտքը կարծես արագացնում է Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, տեղեկատվական դաշտում հայտնվող լուրերը թույլ են տալիս ենթադրել, որ գործընթացն այդ ուղղությամբ է ընթանում։ Սակայն սա այն գործընթացն է, որտեղ ամեն պահի կարող են անակնկալներ հայտնվել՝ բարդացնելով ողջ պրոցեսը»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ այդ համաձայնագիրը ոչ այնքան խաղաղության, որքան աշխարհաքաղաքականության մասին է լինելու։