Մեր երկրում պետք են փոփոխություններ. եղած շարժումներից այս շարժումը ամենաշատ շանսերն ունի հաջողելու. Արամ Նավասարդյան

Մայիսի 13-14-ը Gallup-ը ՀՀ-ում հարցումներ էր անցկացրել, որի հարցերից մեկը եղել էր, թե ինչպես են վերաբերվում Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի արդյունքում հարցմանը մասնակցածների 52,2 տոկոսը դրական էր գնահատել։

Այսօր 168.am հետ զրույցում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասաց, որ այդ թեմայով նոր հարցում չեն իրականացրել։

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե շարժումը մարում է, Արամ Նավասարդյանն ընդգծեց՝ լավ կլինի հենց իշխանությունն ասի, թե ինչո՞ւ են պնդում, որ շարժումը մարում է։

«Եթե խոսքը վերաբերում է նրան, որ մայիսի 26-ի հանրահավաքում մարդկանց թիվն ավելի քիչ էր, քան մայիսի 9-ին, գուցե նման միտումներ նկատվի, սակայն մարդկանց քանակով չի չափվում շարժման հաջողությունը։ Ամեն ինչ պետք է դատել շարժման գրանցած արդյունքներով։

Կարդացեք նաև

Ես չեմ ասում, թե այն, ինչ հիմա տեղի է ունենում, ամեն ինչ ճիշտ են իրականացնում և ամեն ինչ արդյունավետ է։ Բայց եթե հայացք գցենք վերջին չորս տարվա շարժումներին և այս ժամանակահատվածում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ զուգահեռներ տանենք, ապա կտեսնենք, որ վերջին շարժումն անգամներով ավելի շատ էներգիա ու պոտենցիալ ունի իր մեջ։ Իմ ասածը չի ենթադրում, որ իրենք անպայման հաջողելու են, այլ նրա մասին է, որ եղած շարժումներից այս ընթացիկ շարժումն ամենաշատ շանսերն ունի հաջողելու։ Թե ինչպես կլինի շարժման ընթացքը, չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում այն ինֆորմացիային ու ծրագրերին, որոնք ունեն շարժման ղեկավարները։ Հուսամ, ամեն ինչ համակարգված է ու ճիշտ ընթացք կունենա»,- նշեց Արամ Նավասարդյանը։

Մեր զրուցակցի մեկնաբանությամբ՝ հաջողության առաջին նախապայմանը, որի մասին մշտապես ասել է՝ խոսքերից զատ, պետք է լինեն գործողություններ։

«Վերջին 4 տարիների ընթացքում ընդդիմադիրներն ասում էին, թե՝ մարդիկ չեն հավաքվում, դրա համար էլ ոչինչ չենք կարողանում անել։ Ես այս ամենը շատ լավ հիշում եմ «Ժառանգության» հանրահավաքների հետ կապված, երբ նրանք որոշ ժամանակ անց բողոքում էին, որ ժողովուրդը չի հավաքվում, դրա համար չեն կարողանում իշխանափոխություն անել։

Ասածս այն է, որ ժողովրդին պետք է կազմակերպել, որովհետև նա երբեք ինքնաբուխ դուրս չի գա, հազվադեպ դեպքերում է դուրս գալիս։ Եթե դու կազմակերպում ես որոշակի շարժում՝ որոշակի խնդրի լուծման համար, ապա այդ կազմակերպչական գործընթացը ներառում է նաև այն, որպեսզի բարձրաձայնես այնպիսի խնդիրներ, նախանշես այնպիսի լուծումներ, որին մարդիկ կհավատան։ Բողոքել բոլորն էլ կարող են, բայց բողոքելը խնդրի լուծում չէ։ Եթե կան խնդիրներ, դրանց լուծումներ են պետք։

Կապված Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման հետ, ես հույս ունեմ, որ կան կոնկրետ ծրագրեր, կոնկրետ գաղափարներ և հստակ գործողությունների պլան։ Եթե այդպես լինի, ապա վերջին տարիների շարժումների հետ համեմատած, այս շարժումն ունի առավելագույն մեծ պոտենցիալը հաջողելու։ Կարծում եմ՝ բոլորս համակարծիք ենք, որ մեր երկրում պետք են փոփոխություններ»,- եզրափակեց Արամ Նավասարդյանը։

Տեսանյութեր

Լրահոս