Պատերազմ բերած իշխանությունը չի՛ կարող պատերազմ ավարտել. Սրբազան
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօրվա իրականությունում խաթարված է մեր արտաքին խաղաղությունը՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով, հատկապես՝ Ադրբեջանի հռետորաբանությամբ և գործողություններով, որտեղ անընդհատ ստորացնում և նվաստացնում են:
Նա նաև արձանագրեց՝ Հայաստանի կամ ՀՀ իշխանությունների՝ արտաքին աշխարհի բոլոր կողմերի և խաղացողների հետ տարերային, իրադարձային ոչ թափանցիկ, անվստահելի, անկայուն և մշտապես անհասկանալի հարաբերությունների առկայությունը, ինչը հանգեցրել է ինքնիշխանության, պետականության, ինչպես նաև իրավահավասարության կորստի՝ անընդհատ մեր ժողովրդի և պետության գլխին պահելով պատերազմի սպառնալիքի վտանգը:
«Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի, և մենք ենք իբրև թե նպաստելու դրա վերսկսմանը: Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել, լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման՝ մեր հայրենիքի, պետության և արժանապատվության կորստով: Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով, որտեղ իրականում գոյություն չունի ոչ սահմանազատում, ոչ էլ սահմանագծում: Միայն խելագարը կարող է ձգտել պատերազմի, բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է: Հայաստանը չի կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի փոխգործակցության սկզբունքով:
Հրաժարվել հականերով արտաքին քաղաքականությունից, դառնալով կանխատեսելի և վստահելի գործընկեր, հարաբերություններ վերականգնել գործընկեր, դաշնակից պետությունների հետ, միևնույն ժամանակ ձեռք բերել նոր դաշնակիցներ և բարեկամներ: Բայց այս ամենի կարմիր գիծը պետք է լինի սեփական, հայկական օրակարգը՝ հեռու ծառայամտությունից, և միայն ու միայն արտաքին շահերի սպասարկումներից»,- շարունակեց Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում