«Ոչ միայն ստորագրահավաքների, այլև պետություններին ուղղված այլ իրավական գործընթացների արդյունքում հնարավոր է պատժամիջոցներով ավելի ազդեցիկ ճնշում գործադրել». Սիրանուշ Սահակյան

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։ Լեմկինի ինստիտուտն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար կալանավորված մնալ արցախցի քաղաքական բանտարկյալները։ Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի նախագահին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտի ստորագրահավաքին միացել է նաև ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին։

«Լեռնային Ղարաբաղից հայերի համատարած արտագաղթը ծանր հանդիմանանք է բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս ամենին, և նույնիսկ նրանց, որոնք մասնակից չեն։ Մարդու լեզուն չի պտտվում այս ամենն անվանել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում», որը տասնյակ տարիներ բազմակողմ բանակցությունների առարկա է եղել: Մենք ցանկանում ենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ Կովկասում և հենց այդ պատճառով էլ պնդում ենք` «Ղարաբաղյան հարցը» ոչ մի կերպ չի կարող փակված համարվել»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Լեմկինի ինստիտուտի նախաձեռնած ստորագրահավաքը կարո՞ղ է որևէ նշանակություն ունենալ Բաքվում պահվող ռազմագերիների, պատանդների վերադարձի համար։

168.am հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատասխանելով այս հարցին և անդրադառնալով Լեմկինի ինստիտուտի սկսած գործընթացին՝ ասաց, որ նման նախաձեռնությունները շատ կարևոր են և, անկախ արդյունքի անմիջականությունից, գլոբալ գործընթացների վրա իրենց ազդեցությունը թողնում են։

«Կարևորում եմ պրոակտիվ գործելակերպն այս խնդիրների առնչությամբ։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ նշված անձինք պահվում են հատուկ նպատակայնությամբ, և քանի դեռ ադրբեջանական կողմն ամբողջովին չի սպառել հայ պատանդների գործոնը՝ ազատ արձակելու համար որևէ քայլ չի ձեռնարկվելու։ Սակայն միջազգային ճնշումը կարող է փոխել Ադրբեջանի իշխանությունների վարքը, և ճնշում գործադրելու առումով էական դերակատարում ունեն ազդեցիկ պետությունները, միջազգային կառույցները։ Բայց նաև հանրային ճնշումներն են փոփոխություններ մտցնում միջավայրում, և այն կարող է նախադրյալ ձևավորել նաև միջկառավարական կազմակերպությունների և պետությունների գործալակերպի համար»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ իրատեսական չի, որ ստորագրահավաքի հիման վրա կարող են ազատ արձակել հայ գերիներին, սակայն գործընթացը նպաստ կունենա ավելի մեծ քաղաքական ճնշում բանեցնելու գործընթացում, որը որոշակի ժամանակ անց կարող է դրական արդյունք ապահովել։

«Մեր կազմակերպությունը համագործակցում է Լեմկինի ինստիտուտի հետ և «Armenian Legal Center for juctice and Human Rights» կենտրոնի հետ համատեղ Բաքվի որոշ կատարողների՝ բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դիմումներ ենք ներկայացրել Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին։ Այսինքն՝ այս գործընթացները ոչ միայն ստորագրահավաքներ են, այլև պետություններին ուղղված այլ իրավական գործընթացներ, որոնց արդյունքում հնարավոր է պատժամիջոցների միջոցով ավելի ազդեցիկ ճնշում գործադրել»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։

Հարցին՝ Լեմկինի անվան ինստիտուտի կողմից սկսված գործընթացին զուգահեռ՝ Հայաստանի իշխանություններն արդյո՞ք չպետք է քայլեր ձեռնարկեին՝ գործընթացն ավելի առաջ տանելու համար, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.

«Սա հասարակական նախաձեռնություն է, որի մասին այլ գործընթացներում կարող է հիշատակել Հայաստանի Հանրապետությունը և փորձել ավելի բարվոք դիրքավորվել։ Ցուցադրելով նաև խնդրի լուծման հանրային աջակցությունն ու պահանջարկը։ Սակայն չեմ կարծում՝ ՀՀ իշխանությունները պետք է կամ կարող են երկրորդել այս գործողությունները։ Ըստ իս, հասարակական կազմակերպությունները տարանջատված լինեն պետական գործելակերպից»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Այնուհետև սկսեցին կալանավորել Արցախի նախկին երեք նախագահներին։

Տեսանյութեր

Լրահոս