Շուռնուխում թշնամու հսկողության տակ անցած 13 տներից երկուսը վերածվել է զորանոցի. հայկական կողմի նորակառույց տներում դեռևս 5 ընտանիք է ապրում. Շուռնուխի վարչական ղեկավար
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած Սյունիքի բարենպաստ դիրքերը թշնամուն հանձնելուց հետո, Սյունիքի Շուռնուխ գյուղը բաժանվեց երկու հատվածի։ Գյուղի մի հատվածը՝ 13 տներով, անցավ թշնամու հսկողության տակ, թշնամին սկսեց այդ հատվածում դիրքեր տեղադրել։
Շուռնուխից 13 ընատնիքներ, որոնց տներն անցել էին թշնամու հսկողություն տակ, հայտնվեցին փողոցում: ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ այդ բնակիչների համար տներ կկառուցի։ Որոշ ժամանակ անց այդ ընտանիքներից շատերը ժամանակավորապես հաստատվեցին իրենց հարազատների տներում, մի մասն էլ տուն վարձեց։ Պատերազմից 4 տարի անց, իշխանությունը դադարներով վերջապես կառուցեց 13 նոր տուն Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Շուռնուխում։
Այս տարվա հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը գնաց Շուռնուխ և իր որոշմամբ տները կորցրած շուռնուխցիներին հանձնեց նորակառույց տների բանալիները։ Երբ նոր-նոր էին սկսել կառուցել խոստացած 13 տները, բնակիչները հարց բարձրացրեցին, որ թաղամասը խմելու ջրի խնդիր ունի։
Ավելի վաղ, Շուռնուխի վարչական ղեկավար Գրիգոր Դարբինյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Ջրի խնդրի մասին տեղյակ ենք պահել համապատասխան մարմիններին, 40 կմ ջրագիծ պետք է քաշվի։ Ամռանը բնակիչները խնդիրներ կունենան, որովհետև ջուրն ավելի է նվազելու։ Չեմ կարող ասել՝ մինչև ամառ կսարքե՞ն ջրագիծը, թե՞ ոչ։ 40 կմ ջրագիծ պետք է քաշվի, որից մենք ջուր պետք է տանք նաև Բարձրավանին, միայն Շուռնուխի համար չէ։ Հիմա ջուրը Շուռնուխից 3 կմ հեռավորությունից բերել են, բայց քիչ է»։
168.am-ի հետ զրույցում այսօր Շուռնուխի վարչական ղեկավարը կրկին անդրադարձավ ջրի խնդրին, բայց նաև պատասխանեց հարցին՝ թե բնակիչներն արդե՞ն ապրում են նորակառույց տներում։
«Այս պահին նորակառույց տներում 5 բնակիչ է ապրում։ Մարդիկ, ովքեր 2020 թվականից հետո, գնացել վարձով են ապրել, այդ տների հարակից հողատարածքում բերք են ցանել, հիմա այդ բերքը մշակում են, աշնանը, երբ բերքը հավաքեն, արդեն կվերադառնան ու կապրեն նորակառույց տներում։ Ինձ այդպես են ասել, որ սեպտեմբերի վերջին կգան։ Դե մարդիկ քիչ-քիչ տան ապրանքը բերում են, տեղավորում տանը։
Փառք Աստծո, այս տարի եղանակը շատ անձրևային էր։ Մենք միշտ ասել ենք, որ ջրի խնդիրը կա, բայց այս տարի անձրևների շնորհիվ, ջրի պակասը շատ չենք զգացել, եթե այս երկու ամիսն էլ լինի անձրևային, առհասարակ խնդիր չենք ունենա, իսկ եթե անձրև չլինի, իհարկե կունենանք։ Բայց դե չենք կարող ասել, ամեն տարի անձրևոտ կլինի, թե չէ»,-նշեց Գրիգոր Դարբինյանը։
Ըստ նրա, երեկ ՄԱԿ-ի Պարենային կազմակերպությունից այցելել են գյուղ ու 13 բնակիչներին, որոնք կորցրել են իրենց տները, կաթիլային ոռոգման համար սարքավորումներ, խողովակներ են տվել՝ որպեսզի մարդիկ կարողանան իրենց հողը մշակեն։
«Ինչ վերաբերում է մեր 13 տներին, որոնք հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ, թշնամին դրանցից երկուսը վերածել է զորանոցի, մնացածը նույնությամբ թողել է, թե հետո ինչ է անելու՝ անհայտ է»,-նշեց Շուռնուխի վարչական ղեկավարը։
Հարցին՝ հնարավո՞ր ադրբեջանցի զինվորականներն իրենց ընտանիքներին բերեն ու բնակեցնեն այդ տներում, մեր զրուցակիցն իրատեսական չհամարեց։
«Տեսեք, թե իրենք քանի կիլոմետր են կտրել ու եկել այստեղ, ու այդքանից հետո գան մեզ մոտ ապրե՞ն, չի ստացվի։ Դե, սրանք զինվորականներ են, գալիս դիրքերում կանգնում, գնում են, բայց ընտանիքներին հաստատ չեն բերի այստեղ։
Երբ գյուղը բաժանվեց երկու հատվածի, Շուռնուխից որևէ ընտանիք չհեռացավ։ Մեր դաշտերից որոշ հատված մնացել է ճանապարհի ներքևի հատվածում, անասուներին չենք կարողանում այնտեղ արածելու տանել, դրանից ենք նեղվում։ Նեղվում ենք նաև որ դաշտերից խոտը դժվարությամբ ենք հասցնում գյուղ, ճանապարհների մի հատվածը նրանց շատ մոտ է։ Բայց դե ի՞նչ կարող ենք անել, արդեն որևէ բան չենք կարող փոխել։ Հույսներս Աստծո վրա է, որ մեր կողմից է, ու լավ կլինի, սպասենք՝ տեսնենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։