Քաղաքական կապիտուլյացիան պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից. Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ ուշադիր կարդալ, հասկանալ և տարածել:
Հանրային-Հոգևոր-Քաղաքական պրոտեստի անելիքն ու պահանջը պետք է լինի այս իշխանության աներկբա ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՆ:
1. Որքան մեծանա ճնշումը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության փորձարկման ռեժիմի մեջ: Մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների լոյալությանը:
2. Վերջին չորս տարիներին իշխողների կողմից հանրության միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսել են սննկանալ, քանի որ հենց այդ համակարգերում այդ միֆերն այլևս ռելեվանտ չեն: Դրա համար անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ վստահ եմ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և հենց «ժողովրդի» հետ արժեքային և բարոյական խորը խզման բազմաթիվ օրինակներ:
3. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է: Այս ռեսուրսը ևս կիրառման և աջակցման ենթակա է:
4. Իշխանության հիմքերի սասանումը հանգեցնելու է թե՛ հասարարակական և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են և չկա ոչ՛ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման, թե ներսից, թե դրսից, թ՛ե մարդկային և թ՛ե կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խորը ճգնաժամ:
5. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ) իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը և քաղաքական անվտանգային սննկացումը բերելու է նրան, որ ոչ ուժային, ոչ հանրային և ոչ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի լինելու:
6. Իշխանության կողմից սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք:
Այ էստեղ ուշադրություն.
Նախապես ունենալով հանգուցալուծման և հնարավոր լիցքաթափման մշակված պլան, թե դերակատարների և թե պսևդոընդդիմադիրների գործարկմամբ իշխանությունն առաջարկելու է «ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ» կոչվող խայծը: Հանրային-Հոգևոր-Քաղաքական պրոտեստը պետք է պահանջի այս իշխանության ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱ:
Առհասարակ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈւԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից:
Քաղաքական ջրերի պարզեցումն ու լիկբեզը կսկսվի շուտով, երբ կլինեն նրանք ովքեր իբր դեմ են Փաշինյանին, բայց կհամաձայնվեն և կքարոզեն գնալ Փաշինյանի առաջարկած և կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կլինեն նրանք ովքեր համառ և մինչև վերջ կգնան Փաշինյանի և ՔՊ-ի լիակատար և աներկբա քաղաքական կապիտուլյացիային ԱԺ-ում վարչապետին անվստահության գործընթացի գործարկմամբ և նոր վարչապետի թեկնածության առաջադրմամբ և ընտրությամբ:
Հ.Գ. Որքան կդիմադրենք, այդքան էլ կիջեցնենք նրանց դիմադրողականությունն առերեսելով նրանց՝ հենց իրենց օրգանական սնանկ և թշնամական բնույթին և կարգավիճակին»: