ԲԴԽ-ն պաշտպանեց Արմեն Դանիելյանին. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Դեռևս փետրվարի 12-ին 168.am-ըտեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն բանի համար, որ դատավորը անձին առանց պատշաճ ծանուցելու դատական նիստի օր էր նշանակել ու նրա բացակայությամբ՝ կալանավորել, երբ իրականում նա տեղյակ չի եղել, որ իր մասնակցությամբ դատական նիստ պետք է տեղի ունենա:
Խոսքը 2021թ. նոյեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից Սիսիանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու դեպքի մասին է, ով ապօրինի անազատության մեջ էր պահվում ամիսներ շարունակ և 20 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 14-ին:
Արմեն Դանիելյանի կայացրած կալանքի այդ որոշումից ուղիղ 24 օր հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) վճիռ էր հրապարակել, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Այդ հարցով ՍԴ էին դիմել Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր պատգամավորները՝ իրենց գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով։ ՍԴ որոշումից անմիջապես հետո պատգամավորներն ազատ էին արձակվել:
Կարգապահական վարույթի խնդրո առարկային վերադառնալով՝ նշենք, Արմեն Դանիելյանը կալանքի նիստի օր է նշանակել, ինչպես արդեն ասացինք, առանց պաշտպանական կողմին ու ամբաստանյալին ծանուցման, և հենց այդ հիմքով նաև պաշտպաններից մեկը դիմում է գրել դատավորին՝ խնդրելով հետաձգել նիստը և նշանակել մեկ ուրիշ օր: Արմեն Դանիելյանը, սակայն, նիստը հրավիրում է հենց այդ օրը ու այդ օրն էլ կալանավորում է Արթուր Սարգսյանին:
168.am-ի տեղեկություններով՝ Արթուր Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել էր էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, և չնայած մեծ դիմադրությանը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի գործադրած անօրինակ ջանքերին, կարգապահական վարույթն Արմեն Դանիելյանի նկատմամբ, այնուամենայնիվ, հարուցվել էր:
Կարգապահական վարույթն ընթացավ մեկ նիստով, Արմեն Դանիելյանի՝ միայնակ, առանց ներկայացուցչի մասնակցության:
Այսօր ԲԴԽ-ն, ինչպես և ակնկալվում էր, մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Այն ստորագրել են Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Խաչատուրյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը և Վիգեն Քոչարյանը:
Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիք ունեն Գրիգոր Բեքմեզյանը և Անի Մխիթարյանը: