
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով

ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում պատրաստվում են պայմանագրեր ստորագրել ամերիկյան ձեռնարկությունների հետ՝ Ուկրաինայի համար մինչև 6 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա արտադրելու համար: Այս մասին հաղորդում է POLITICO պարբերականը:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ պայմանագրերը կարող են վերջնականապես համաձայնեցվել ու հայտարարվել արդեն ապրիլի 26-ին, և կներառեն զինամթերք Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, HIMARS համակարգերի և NASAMS զենիթահրթիռային համալիրների համար, հրետանային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և դրանց դեմ պայքարի միջոցներ և «օդ-օդ» դասի հրթիռներ կործանիչների համար։
Ըստ POLITICO-ի՝ սպառազինությունն, ամենայն հավանականությամբ, դեռ մի քանի տարի չի հասնի Ուկրաինա, քանի որ այդ գումարը տրամադրվում է Ուկրաինային անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում, որը նախատեսում է ամերիկյան պաշտպանական արդյունաբերության ընկերությունների հետ նոր զենք արտադրելու շուրջ պայմանագրեր, այլ ոչ թե ԱՄՆ պահուստներից զենքի տրամադրում։
Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր Կոնգրեսի կողմից հաստատված օրինագծերի փաթեթ` Ուկրաինային, Իսրայելին և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին 95 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնության վերաբերյալ։ Ուկրաինային օգնության օրենքը նախատեսում է մոտավորապես 61 միլիարդ դոլարի հատկացում Կիևին: