Իվանիշվիլիի հիմնադրամը ազգային հավաքականին 30 մլն լարի է խոստանում
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, կուսակցության պատվավոր նախագահ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը 30 մլն լարի է խոստանում ազգային հավաքականի ֆուտբոլային թիմին, եթե վերջինս հաղթանակ տանի Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Միաժամանակ, Եվրոպայի առաջնության առաջին ենթախմբի խաղում հաղթանակից հետո «Քարթու» հիմնադրամը ազգային հավաքականի թիմին կպարգևատրի հավելյալ 30 մլն լարի՝ յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթանակի համար»,- նշված է 1tv.ge լրատվամիջոցի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ այս խոստմանը նախորդել էր պատմության մեջ առաջին անգամ՝ Վրաստանի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը։ Հաղթանակից մի քանի օր անց, ի դեպ, իշխող կուսակցությունը խորհրդարանում վերսկսեց «գործակալների օրենքի» քննարկումը, որը Վրաստանի քաղաքացիներն ու միջազգային գործընկերները համարում են երկրի եվրաինտեգրման խոչընդոտ։
Ապրիլի 17-ին, մինչ խորհրդարանում քվեարկում էին վերոնշյալ օրինագծի հարցով, ազգային հավաքականի խաղացողները մեկը մյուսի հետևից հայտարարություններ էին տարածում՝ աջակցելով Վրաստանի եվրաինտեգրմանը, քննադատում էին «ռուսական օրենքը»:
«Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա է։ Եվրոպական ճանապարհը միավորում է մեզ: Առաջ դեպի Եվրոպա: Խաղաղություն Վրաստանին»,- գրել էր Վրաստանի հավաքականի հարձակվող, Իտալական «Նապոլիի» խաղացող Խվիչա Կվարացխելիան:
Մինչ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ բողոքելու «գործակալների օրենքի» դեմ, իսկ ֆուտբոլիստները նմանատիպ գրառումներ էին անում, իշխող կուսակցությունը փորձում էր այդ հայտարարությունները ներկայացնել որպես սեփական աջակցություն։