![](/banners/BeFunky-design.jpg)
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1135481.jpg)
Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն շեշտում է՝ 109 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ տարիներ շարունակ տևած մահապատիժները, բռնի տեղահանումները և բոլոր տեսակի վայրագությունները երկար ժամանակ թաքնված են մնացել։ Նա ցավ է հայտնել, որ Ցեղասպանության փաստը դեռ հերքվում է մեծ թվով դերակատարների կողմից։
«Միջազգային հանրության կողմից այդ հանցագործությունների ճանաչումն ու միանշանակ դատապարտումը կարևոր են ոչ միայն զոհերին արդարադատության տուրք մատուցելու համար, այլև անցյալի կրկնումը կանխելու համար», – ասել է Կաստալդոն՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, թե այս վերջին տարիներին ինչ մարտահրավերների է բախվել հայ ժողովուրդը:
«Այժմ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի վերջ դնենք այս տառապանքներին: Մենք պետք է միասին աշխատենք տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար։ Մենք բոլորս միասին պետք է աշխատենք հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար, ապագա, որը կա և պետք է լինի մեր ընդհանուր եվրոպական ընտանիքում», – եզրափակել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ