Հանրային մեծ անտարբերության արդյունքում է սա տեղի ունեցել. սրանց հաջողվել է խաբել. Արտակ Զաքարյան
«Ալիևն ազդարարում է սպասվող նոր խնդիրների մասին»,- Հանրապետության հրապարակում ամենամյա Ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հանրապետությունում ստեղծված իրավիճակին։
Նա նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախյան պատերազմից հետո, այսօրվա տավուշյան իրադարձությունները դրա շարունակությունն են և ամբողջությամբ արտացոլում են այս կապիտուլյանտ իշխանությունների կապիտուլյանտական քաղաքականությունը։
«Ցավն այն է, որ դրան զուգահեռ՝ Ալիևը հնչեցնում է նոր գործընթացների անհրաժեշտության մասին, որը ՀՀ-ից նոր տարածքներ է ենթադրում, նոր խոցելի իրավիճակներ անվտանգության տեսանկյունից և ենթադրում է ՀՀ ապագայի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ ահագնացող նոր խնդիրներ։ Այս ամբողջից մեր հասարակությունը պետք է հետևություններ անի, միավորվի և այս իշխանություններին ասի՝ հաջողություն»,- ասաց Զաքարյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է հաջողվում Փաշինյանի իշխանությանը մարսել արհավիրքները, քաղաքական գործիչը պատասխանեց, որ պատճառները շատ են, օբյեկտիվ ու սուբյեկտիվ։
«Սակայն ցավով պետք է ասեմ, որ հանրային մեծ անտարբերության արդյունքում է սա տեղի ունեցել։ Ընդդիմությունը բոլոր գործընթացներում նախապես, կանխավ խոսել է հնարավոր վտանգների մասին։ Մենք Տավուշի դեպքերի մասին ոչ երեկ չէ առաջին օրն ենք իմացել, ոչ էլ մեկ ամիս առաջ, արդեն շուրջ երկու տարուց ավելի դրա մասին խոսվում է, նույնը՝ Արցախի, նույնը՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վարդենիսի պարագայում։ Ամբողջ խնդիրն այն է, որ նրանց ուղղակի մինչ այսօր հաջողվել է հասարակությանը մանիպուլացնել, խաբել, ստել, փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ՝ օր օրի վատթարացնելով վիճակը։
Ընդդիմությանը, իհարկե, կարելի է մեղադրել, սակայն մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ եթե ընդդիմությունը դուրս է գալիս պայքարի, այս իրավիճակի հետ չհաշտվելու կոչեր է հնչեցնում, ու դա մնում է անարձագանք, ընդդիմության վրա ուղղակի անարդար է ողջ պատասխանատվությունը բարդել։ Բազմիցս ասել ենք, որ սա քաղաքականության խնդիր չէ, սա յուրաքանչյուր քաղաքացու հարց է։ Ընդդիմությանը կարելի է մեղադրել, որ՝ ինչո՞ւ չէիք զգուշացնում, որ սենց պրոբլեմ կա, բայց դա անարդար է, բազմիցս զգուշացրել ենք»,- ասաց Զաքարյանը։