Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ: Այն տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում ու կապված է շատ ավելի բարդ մակրոգործընթացների հետ:
Այս օրերին, Տավուշում ընթացող զարգացումներով պայմանավորված, Հայաստանում շատերի ուշադրությունից վրիպեց երկու կարևոր իրադարձություն, որոնք փաստացի ուրվագծում են Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարությունների իրականացման տրամաբանությունը:
Մասնավորապես՝
1. Այսօր «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքով ուղևորվեց առաջին բեռնատար գնացքը՝ Ռուսաստան (Вологда-Пристань)-Ադրբեջան-Իրան-Հնդկաստան երթուղով:
Դրան զուգահեռ ՌԴ տրանսպորտի նախարարը հայտարարեց միջանցքի մաս կազմող Քազվին-Ռեշտ-Ասթարա (Ադրեբջան-Իրան) երկաթուղին 2027-2028 թթ. շահագործման հանձնելու մասին:
2. Երեկ Թուրքիան, Իրաքը, Քաթարն ու ԱՄԷ-ն համաձայնագիր ստորագրեցին ՛՛Զարգացման միջանցք՛՛ նախագծի իրականացման վերաբերյալ: Միջանցքը նախագծվում է որպես Սուեզի ջրանցքի այլընտրանք ու կոչված է տրանսպորտային կապ հաստատելու Եվրոպայի ու Ասիայի միջև՝ որպես կարևոր հանգույց կրկին դիտարկելով Հնդկաստանը:
Ի՞նչ է սա նշանակում:
Նախ՝ նշված նախաձեռնությունները ցույց են տալիս, որ մեգատարածաշրջանային տրանսպորտային ճարտարապետության մեջ չի դիտարկվում Հայաստանը: Ընդ որում, չի դիտարկվում ոչ Արևմուտքի, ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի, ոչ Իրանի կողմից:
Դրան առավել քան նպաստում են մեր սահմաններին, մասնավորապես՝ Տավուշի ուղղությամբ խիստ վտանգավոր զարգացումները՝ թույլ չտալով որևէ արտաքին խաղացողի դիտարկել Հայաստանը որպես միջազգային հաղորդակցության պոտենցիալ հանգույց:
Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմով պայամանվորված սառեցվեց Թուրքիան շրջանցող ու իսրայելական Հայֆայով նախագծվող «Մերձավորարևելյան միջանցքը»: Ու տրամաբանական է, որ Թուրքիան, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է դիրքավորվել որպես Երվոպա-Ասիա տրանսպորտային կապի առացքային հանգույց:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրյան միջանցքին», ապա դրան Անկարան առավելապես լոկալ նշանակություն է վերագրում՝ այլևս չփորձելով տեղավորել այն Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մեջ:
Ի վերջո, այս ամենը ցույց է տալիս, որ «խաղաղության խաչմերուկ»» ծրագիրը բանակցված չէ որևէ արտաքին ուժային կենտրոնի հետ, համապատասխանեցված չէ միջազգային տրանսպորտային ցանցի փոխակերպումներին ու, մեծ հաշվով, պրոպագանդիստական փուչիկ է»: