Գեներալների ճակատագրի հեգնանքը կամ Զինված ուժերի ոչ սահմանադրական առաքելությունը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել՝ հայտնելով, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում:
Միաժամանակ, ուժային կառույցներն իրենց պարտքն են համարել կրկնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական պնդումը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված չի հանձնվելու Ադրբեջանին, և, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում։
Բայց դա՝ միայն այսօր, իսկ այս գործընթացի արդյունքում մոտ 2 տասնյակ հայկական դիրք է անցնելու Ադրբեջանին, և սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին:
Թե ինչ տեսակ անվտանգություն ենք ունենալու հայկական սահմանապահ զորքերի պաշտպանությանը հանձնված սահմանի դեպքում, արդեն անդրադարձել ենք։
Իսկ այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են նաև գեոդեզիստներ և քարտեզագիրներ: Թե կոնկրետ ովքեր են նրանք, հայտնի չէ:
Փոխարենը՝ հայտնի են աշխատանքային խմբի կազմ հրավիրված պետական գերատեսչությունների և ուժային կառույցների ներկայացուցիչների անունները, նրանք են՝
Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող)
Արման Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Հովհաննես Հարությունյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Արամ Գուգարաց – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Կարեն Գրիգորյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Էդգար Հունանյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի ժ/պ
Սերգեյ Պետրոսյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը իր՝ Տավուշի և Հայաստանի անվտանգությանը սպառնացող քաղաքական ծրագրին մասնակից է դարձնում ուժային կառույցներին, որոնց անգամ հրամայված էր ականազերծման գործընթացին մասնակից լինել և «մաքուր» հանձնել տարածքներն Ադրբեջանին:
Ապրիլի 22-ին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար–Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս–արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն»:
Ի դեպ, նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», ապատեղեկատվություն էր համարել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերը:
Այստեղ ցավալի իրողությունն այն է, որ բանակը չի խոչընդոտում, աջակցում է, ավելին, մասնակից է հայկական դիրքերի հանձնմանն ու հյուսիսարևելյան պաշտպանական գծի քանդմանը, որը վտանգելու է ամբողջ Հայաստանի անվտանգությունը: Եվ այս պարագայում, ըստ էության, արդարացման հիմք չեն կարող դիտարկվել՝ «հրաման ենք կատարում», «ենթակա ենք», «զինվորականը պետք է չեզոք լինի» և այլ ձևակերպումները:
Հիշեցնենք, որ զինվորական երդման տեքստում նշվում է անձնվիրաբար Հայաստանի Հանրապետությանը ծառայելու և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ենթարկվելու մասին:
Ինչ է ասում ՀՀ սահմանադրությունը՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:
Կարո՞ղ ենք ասել, որ Տավուշի դիրքերի և տարածքների հանձնման գործընթացին բանակն իր մասնակցությունն ունենալով, բնավ, չի ապահովում ՀՀ անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը, հատում է չեզոքության սահմանը՝ կատարելով մեկ քաղաքական ուժի քաղաքական օրակարգը: Դեռ մի կողմ ենք դնում բանավոր հրաման կատարելու հանգամանքը:
Չմոռանանք, 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հիմնավորելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», և, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Այսօր, առավել քան երբևէ, ականատեսն ենք այս խոսքերի իրագործման, այլ հարց է, որ դրան անմիջական կամ ոչ անմիջական մասնակից է զինվորականությունը, այդ թվում՝ 2021 թվականին այս հիմնավորմամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները, որոնք դեռ Զինված ուժերում են, և որոնք շատ լավ են պատկերացնում այս ամբողջ գործընթացի անվտանգային խնդիրը:
Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը, ով 2023 թվականի մարտին, երբ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետն էր, բացառիկ հարցազրույց էր տվել 168.am-ին, որտեղ Ազատամուտում ծնված գեներալը պատմել էր Արցախյան առաջին պատերազմին կամ 90-ականների մարտական գործողություններին իր մասնակցությունից, այդ օրերին Տավուշում տիրող իրավիճակից, որն այսօրվանից քիչ է տարբերվում:
Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:
– Պարոն գեներալ, ցանկանում մեր զրույցը սկսել Արցախյան առաջին պատերազմին կամ 90-ականների մարտական գործողություններին Ձեր մասնակցությունից: Գիտեմ, որ չեք սիրում խոսել պատերազմին, մարտական գործողություններին Ձեր մասնակցության, անցյալի, անցած մարտական ուղու մասին, բայց այսօր, ինչպես ասում են՝ այլընտրանք չկա:
– Արցախյան առաջին պատերազմը, ըստ էության, սկսվեց ղարաբաղյան շարժումից: Բոլորս էլ գիտենք, որ Ստեփանակերտում սկսվեցին միտինգներ, որը տեղափոխվեց Հայաստան՝ Երևան: Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ուսանողները նվիրվեցին այդ շարժմանը: Այսինքն, ես սկսեցի մասնակցել ղարաբաղյան շարժման միտինգներին, նախ՝ դասադուլների տեսքով, հետո հասկացանք, որ ավելի է լրջանում, և այդ ամենն արդեն եղավ կազմակերպված եղանակով:
Որոշ ժամանակ միտինգներին մասնակցելուց հետո ես հասկացա՝ դա իմը չէ: Լարվածություն սկսվեց Ղարաբաղում, հետո՝ ՀՀ սահմաններում: Եվ Արցախ մեկնելու համար սկսեցին ձևավորվել կամավորական ջոկատներ, որոնց անդամագրվեցի, բայց ստացվեց այնպես, որ նաև Բերքաբեր և Կիրանց գյուղերում սկսվեցին ընդհարումներ ադրբեջանցիների և գյուղացիների միջև, այդ ընդհարումները վերածվեցին լուրջ առճակատման: Եվ ես, իհարկե, մեկնեցի Իջևան:
Սկզբում գյուղի կամավորական ջոկատով սկսեցինք հերթապահել Բերքաբեր գյուղում, զուգահեռ իրավիճակը լարվեց Կիրանցում: Կիրանցում հակառակորդը նույնիսկ փորձեց ներխուժել գյուղ և վառել սահմանակից տներից մեկը: Մենք ջոկատով մեկնեցինք արդեն Կիրանց գյուղ, և առաջին իրատեսական մարտական գործողություններին մասնակցել եմ այստեղ:
Այդ մարտական գործողություններից հետո, երբ կամավորական ջոկատների հրամանատարը, ձյաձյ Բորյա էինք ասում, եկավ գյուղ, այդտեղ նկատեց ինձ, վերցրեց իմ տվյալները և առաջարկեց, որ ընդգրկվեմ «Սարոյի ջոկատում»:
Այսպես ենք սկսել, որսորդական հրացանով, և 1990-ականներին մասնակցել ռեալ մարտական գործողությունների:
– «Սարոյի ջոկատի» մասին հրապարակային շատ քիչ տեղեկություններ կան, կամ գրեթե չկան: Կցանկանայի, որ խոսեիք այդ ջոկատի մասին:
«Սարոյի ջոկատը» կազմավորվեց Իջևանում, քանի որ Ղարաբաղին զուգահեռ՝ Տավուշում, Իջևանում սկսվեցին լուրջ մարտական գործողություններ, և դա սահմանամերձ համարյա բոլոր գյուղերում՝ Վազաշեն, Այգեհովիտ, Բերքաբեր, Կիրանց: Ընդհուպ հասավ նրան, որ հակառակորդը մշտական ականանետային կրակի տակ էր պահում սահմանամերձ գյուղերը, և ստիպված մենք մեկուսացրեցինք այդ գյուղերից մեկը, որպեսզի կարողանանք ապահովել անվտանգություն: Խնդիր առաջացավ ստեղծել այնպիսի մի ջոկատ, որ այն կատարեր գրոհային գործողություններ: Խնդիր դրվեց՝ հավաքագրել այն մարդկանց, ում ջոկատների հրամանատարները կներկայացնեն: Եվ հավաքագրվեց 30-35 մարդ, ոչ ավելի: Դրա կազմի մեջ, ի զարմանս ինձ, հայտնվեցի նաև ես:
Ջոկատում հիմնականում ընդգրկված էին ազդեցիկ մարդիկ, որոնք կարողանում էին եղանակ փոխել և՛ մարտի դաշտում, և՛ հասարակության մեջ: Միաժամանակ ջոկատում ընդգրկվեցինք երիտասարդներս՝ ես, Օնիկը (ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը.- Մ.Պ.), Արթուրը, Սլավիկը, տարեկիցներ էինք: Այդ ազդեցիկ մարդկանց շնորհիվ մենք մտանք ջոկատի կազմ, նրանցից շատ բան սովորեցինք:
Մի ամիս հետո մարտական գործողությունների ընթացքում մեր այդ տարբերությունն ամբողջությամբ վերացավ, և ստեղծվեց մի կուռ մարտական ընկերություն:
«Սարոյի ջոկատը» մասնակցում էր տարբեր գործողությունների, որտեղ որ իրավիճակը լարվում էր, պարտադիր տագնապ էր բարձրացվում, և ջոկատը մասնակցում էր այդ գործողություններին:
Ջոկատը եղել է Լաչինում, Ճամբարակում, ինչպես նաև մասնակցել է Վահան գյուղի մարտական գործողություններին, և, իհարկե, Պառավաքարի, Բերդի և Նոյեմբերյանի ուղղությամբ գործողություններին, և այլն:
Ջոկատի հրամանատարն Օհանյան Սարիբեկն էր, իր անունով էր ջոկատը՝ «Սարոյի»: Ինչո՞վ էր նա առանձնահատուկ՝ որպես հրամանատար, մարտի ժամանակ իրենից առաջ ոչ ոք իրավունք չուներ լինել:
Այսինքն, առաջինն ինքը պիտի մարտի մեջ մտներ: Կամ անցնում էինք հարձակման, գրոհի, ինչ-որ պաշտպանական բնագիծ էինք զբաղեցնում, առաջինն ինքը պիտի լիներ, և եթե հանկարծ որևէ մեկը փորձեր իրենից առաջ ընկնել, նա թույլ չէր տալիս:
Նա կարող էր հեռվից ղեկավարել, կամ մեկին հրամանատար նշանակեր, իսկ ինքն ապահովեր ջոկատի գործունեությունը զենքով, զինամթերքով, բայց նա դրան չգնաց և մի միջոցառման ժամանակ նա ասաց՝ եթե զոհվենք, ուրեմն առաջինը ես պիտի զոհվեմ, որ իմ ենթակաների, զինվորների մահը չտեսնեմ:
Իրականության մեջ այդպես էլ եղավ. մեր ջոկատի առաջին զոհը հենց ինքն էր՝ մեր ընկեր Սլավիկի հետ միասին: Ջոկատում ստեղծվեց մարտական իրական ընկերություն, ես այնտեղ հասկացա, որ մարտական ընկերությունը ոչ մի տեսակ ընկերության հետ չի կարելի համեմատել և փոխարինել: Այդ մարտական ընկերությունը ձևավորվեց «Սարոյի ջակատում» և մինչև մահ գնալու է, գուցե մահից հետո՞ էլ շարունակվի… Դա լրիվ ուրիշ հասկացողություն է, չգիտեմ՝ բառերով որքանով կարող եմ բացատրել:
Ճակատագրի հեգնանքով գեներալ Շահնազարյանն այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն է այն օրերին, երբ Տավուշի գյուղերի անվտանգությունը վտանգված է, երբ Տավուշի գյուղերում կանգնած են 1990-ականների պատմության կրկնության առաջ, մի բան էլ ավելին, երբ Տավուշից դիրքեր են հանձնվում թշնամուն:
Ճակատագրի հեգնանքով կամ գուցե ծրագրված, գեներալ-գնդապետ Օնիկ Գաասպարյանը Գլխավոր շտաբի պետն էր 44-օրյա պատերազմի օրերին, որի ելքի հետևանք է նաև Տավուշում այսօր կատարվածը, թեպետ 2020 թվականին պատերազմն Արցախում էր, իսկ Տավուշի մասին կետն էլ հանվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից:
Երեկ դատական նիստից հետո Օնիկ Գասպարյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել էր, որ շատ վատ է վերաբերվում իր հայրենի Տավուշից տարածքների հանձնմանը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ ա անում», այնուհետև վստահեցրել էր, որ տավուշցիների հետ պայքարելու է: Ինչպե՞ս, ո՞նց, ինչո՞ւ հիմա, եթե պայքարելու է:
Ի դեպ, հետաքրքիր է՝ արդյոք այս ընթացքում գեներալ Գասպարյանը զրուցե՞լ է ԱԱԾ գործող ղեկավար Արմեն Աբազյանի հետ, որի հետ 2020 թվականին քննարկել էր Տավուշի մասին կետը եռակողմից հանելու հարցը՝ «այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»: Մի բան փաստ է, սակայն, այսօր Արմեն Աբազյանը գործում է իր իսկ այդ ջանքերին հակառակ՝ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու անվան տակ:
Ի դեպ, հետաքրքիր է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ գեներալ Անդրանիկ Մակարյանի կամ Քիմիկների զորամասի գործով հենց ապրիլի 22-ին պիտի ի սկզբանե գնար Հակակոռուպցիոն դատարա՞ն, թե՞ բան է փոխվել: Իսկ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը չի ավարտվել, դեռ շարունակություն է ունենալու:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստեղծած սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խմբում ուժային կառույցների ներկայացուցիչների լինելուն, ընտրությանը, նշենք, որ արցախցի գեներալ Կարեն Գրիգորյանը ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի փետրվարի 14-ին, մինչ այդ նա ԶՈւ ինժեներական զորքերն էր ղեկավարում, և իր մեծ ներդրումն ունի ամրացված շրջանների կառուցման գործում:
Փորձառու և լավ վարկանիշ ունեցող գեներալն այսօր մասնակից է, մեղմ ասած, ՀՀ-ի շահերից չբխող գործընթացի, որի պատասխանատվությունը մնալու է հենց բանակի վրա: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին անիմաստ է անդրադառնալ այս համատեքստում:
Իսկ սահմանազատման, սահմանագծման և, այսպես ասած, սահմանների անվտանգության աշխատանքների կազմակերպման համակարգող ընտրված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ ներկայացվող Դավիթ Սանամյանին ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետի պաշտոնը վստահեցին, երբ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատեցին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին:
Ընդ որում, Փաշինյանի ընտանեկան թերթն այն ներկայացրեց լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:
2022-ին գեներալ դարձած Սանամյանը, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու ընթացքում, այսպես կոչված, «12 ախպերներ»-ի խմբից է եղել:
Այս համատեքստում հարկ է նկատել՝ մեր ենթադրությունները, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ Տավուշից սահմանազատումն ու սահմանագծումը սկսելու ԳՇ-ի դերակատարման մասին հայտարարությունները՝ սկզբում և խմբագրված, պատահականություն չէին, այլ մեսիջ, զգուշացում, տեղեկացում: Եվ այս դեպքում արդեն էական չէ՝ բանակն առաջարկո՞ղն է, թե՞ միայն հակասահմանադրական հրաման կատարողը:
Ի դեպ, Փաշինյանը և իր թիմը ևս շատ լավ հասկանում են Ալիևին և Էրդողանին ձեռնտու քաղաքական ազգադավ գործարքի վտանգավորությունը Տավուշի դեպքում: Բավական է հիշեցնել 2016 թվականի «Հայկական ժամանակի» հոդվածներից մեկը, որտեղ Գրիգորի Խաչատուրովի՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվելու համատեքստում, մասնավորապես, նշվում էր.
«Երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները: Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում և երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա»:
Իսկ իշխանափոխությունից հետո՝ 2019-ին, իշխանական մամուլը՝ «Արմենպրեսը», գրում էր.
«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, որը 2018թ. դեկտեմբերից ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը, սահմանի տվյալ հատվածներում ակտիվորեն նախաձեռնել էր ինժեներական և ամրաշինական աշխատանքներ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում:
Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները։ Դիրքային նման առաջխաղացման շնորհիվ սահմանամերձ մի շարք հայկական բնակավայրերի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազել են, այնուամենայնիվ, հաշվի առնելով տեղի լանդշաֆտի առանձնահատկությունները` բացարձակ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»:
Նմանօրինակ ոգևորված գրառումներ ֆեյսբուքյան իրենց էջերում անում էին նաև փաշինյանական պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Եվ հենց վտանգի լիարժեք գիտակցումով է Նիկոլ Փաշինյանը գնացել հյուսիսարևելյան պաշտպանական գծի քանդմանը և այդ ուղղությամբ ևս երկրի անվտանգային դիմադրողականության թուլացմանը՝ բանակի աջակցությամբ, а войну никто не отменял….