
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն առաջիկա օրերին պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին Բիշքեկում հայտնել է Ղրղզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 24-25-ը պետական այցով կլինի Ադրբեջանի Հանրապետությունում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում Ժապարովը «երկկողմ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։
Պետությունների ղեկավարները, մասնավորապես, կքննարկեն «երկկողմ և բազմակողմ համագործակցության հրատապ հարցեր», ինչպես նաև «արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները»։
Ժապարովի այցի շրջանակներում նաև նախատեսվում է Միջպետական խորհրդի երկրորդ նիստը, որի արդյունքներով կստորագրվեն նախագահների համատեղ հռչակագիրը և մի շարք համաձայնագրեր՝ ուղղված «առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը»: