Ի՞նչ կնախազգուշացնի Ռաիսին Փաշինյանին այս անգամ․ սպասվում է Փաշինյան-Ռաիսի հանդիպում

Հայաստանի շուրջ դրամատիկ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին առաջիկայում ուշագրավ հանդիպում է սպասվում։  Նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռաիսիի հետ։ 168am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ-իրանական սահմանին։

Ուշագրավն այն է, որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, հանդիպումը պետք է կայանար մինչ Իրանի հակաիսրայելական ծավալուն հարձակման օպերացիան՝ մինչև ապրիլի 13-ը, այսինքն՝ գուցե նաև Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Փաշինյան-դեր Լեյեն-Բլինքեն հանդիպումից հետո, սակայն Իրան-Իսրայել վերջին զարգացումները հայ-իրանական այս բարձրաստիճան ծրագրերը հետաձգեցին։ Ուստի իրանական կողմը, մեր աղբյուրների համաձայն, կրկին վերադարձել է Փաշինյանի հետ սահմանին հանդիպելու թեմային, և նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։

Հատկանշական է նաև այն, որ հայ-իրանական սահմանին հանդիպելու նախաձեռնությունն Իրանինն է։

Հարկ է նշել, որ սպասվող հանդիպումն ըստ էության լինելու է Փաշինյան-Ռաիսի առաջին շփումը Բրյուսելում եռակողմ հանդիպումից, ինչպես նաև հայ-ադրբեջանական իբրև թե սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո։

Կարդացեք նաև

2023-ի դեկտեմբերի 20-ին կայացել էր Փաշինյան-Ռաիսի  վերջին հեռախոսազրույցը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, մտքեր էին փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ։ Իրանական պետական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ռաիսին մասնավորապես ասել էր, որ իր երկրի քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մնում է անփոփոխ՝ Թեհրանը սատարում է այդ տարածաշրջանի հետ կապուղիների բացմանն ուղղված ցանկացած միջոցի՝ հավատարիմ մնալով բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին։  Նա նաև զգուշացրել էր Փաշինյանին, որ պետք է թույլ չտալ, որ Կովկասը վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի` ընդգծելով, որ Կովկասի հետ կապված հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և հեռու արտաքին միջամտությունից:

Իրանի նախագահն անընդունելի էր համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։ Ռաիսի-Փաշինյան վերոնշյալ հեռախոսազրույցին հաջորդել էր ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի այցը ՀՀ, որտեղ նա ՀՀ կառավարությանն առաջարկեց դառնալ ռեգիոնալ կարգավորումների երաշխավորը, սակայն Իրանի այս առաջարկը կարծես ՀՀ իշխանությունները չողջունեցին՝ ակնկալելով երաշխիքներ Արևմուտքից, որն Ադրբեջանը մերժեց։

Աբդոլլահիանի այցից հետո, թեև իրանական կողմը հայտարարում է, որ դիրքորոշումները չեն փոխվել, սակայն իրանական կողմի ուղերձներն էապես պակասել են, իսկ ՀՀ-Արևմուտք շփումներն ինտենսիվացել են, ավելին՝ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել ՆԱՏՕ-ի անդամ Կանադայի ներկայացուցիչը։ Սա, անկասկած, չափազանց զգայուն հարց է իրանական կողմի համար։

Այնուամենայնիվ, հանդիպմամբ սահմանին ԻԻՀ ղեկավարությունը հաստատում է 44-օրյա պատերազմից հետո հայտնած բոլոր դիրքորոշումները՝ ընդգծում հայ-իրանական սահմանի կարևորությունն Իրանի համար, ինչպես նաև ճանաչված միջազգային սահմանների անփոփոխելիության կարևորությունը։ Սակայն վստահաբար ԻԻՀ նախագահը Փաշինյանի հետ խոսելու է աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատելիությունից, գուցե հանդես գալով նոր նախազգուշացումներով։ Դա ցույց կտա առաջիկա հանդիպումը։

Հիշեցնենք նաև, որ օրերս ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ ընդգծել էր՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Իրանը ճանաչում է երկրների տարածքային ամբողջականությունը։

«Չեմ կարծում, որ Իրանի հարևան երկրները որևէ գործողություն կնախաձեռնեն, որը դեմ է Իրանի անվտանգությանը։ Եթե որևէ փորձ կձեռնարկվի, որը կվտանգի Իրանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը, մենք դրա հետ չենք համակերպվի և դրան համապատասխան վերաբերմունք ցույց կտանք»,- ասել էր դեսպան Սոբհանին, ում ղեկավարության դիրքորոշումն է, որ ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։

Հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ գյուղեր են անցնում Ադրբեջանին, բայց Իրանը հայտարարում է, թե Հայաստանի սահմանն իր համար կարմիր գիծ է, իսկ դա նաև միջպետական ճանապարհի հարց է, դեսպանը պատասխանել էր, որ հայ պաշտոնյաները և իշխանություններն իրենց տեղյակ են պահել այդ հանդիպման և արձանագրության վերաբերյալ։

«Մեզ հայտարարել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն, միջազգային սահմանների հիման վրա։ Եվ ինչպես ինձ են հայտնել, տարածքը, որտեղով անցնում է մայրուղին, այդ համաձայնությունների մեջ ներառված չէ»,- ասել էր պարոն Սոբհանին։

Տեսանյութեր

Լրահոս